ԲԺՇԿԻ ՊԱՅՈՒՍԱԿԸ ՈՒՍԻՆ, ԱՎՏՈՄԱՏԸ ՁԵՌՔԻՆ…
«Առաքինի անձնավորություն էր Կարինեն, ազնիվ էակ, որ նվիրեց իր սերը, իր զգացմունքը Արցախի ազատագրման գործին։ Նա իր կյանքը, արյունը, կանացիությունը զոհաբերեց երկրի ազատությանը և ապագային: Կարինեն դարձավ քաջ զինվոր՝ զենքը ձեռքին, ֆիդայու հագուստով ելավ պայքարի և իր կյանքի գնով պաշտպանեց Արցախը»,- Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը այսպես է բնութագրում իր ընկերուհուն` ազատամարտիկ Կարինե Գեւորգյանին:
Դեկտեմբերի 7-ին լրացավ Կարինեի 55-ամյակը: Այդ առիթով մարտական ընկերները, հարազատներն ու ընտանիքի անդամները, ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հավաքվել էին Եռաբլուրում: Շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո ընկերները հիշեցին Կարինեի խիզախությունը, կուրսանտներին պատմեցին, որ նա ոչնչից չէր վախենում, եւ որ իրենց համար և՛ քույր էր, և՛ մայր, և՛ ընկեր, իսկ թշնամու համար էլ՝ ահ ու սարսափ:
Կարինեն ծնվել է 1956թ. Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում. «Սովորական աղջիկ էր Կարինեն, բայց միայն առաջին հայացքից: Նրա ներսում ամբարված էր անսովոր մի ուժ, եռանդ, նվիրում հայրենիքին: Մենք ընտանիքում հինգ երեխա էինք: Կարինեն տարբերվում էր, քանի որ միշտ դպրոցում հայտնվում էր ադրբեջանցի աշակերտների հետ ընդհարումների կենտրոնում՝ առանց երկմտելու պաշտպանելով փոքրերին նրանց ոտնձգություններից: Մորս, որ մեր դպրոցում ուսուցչուհի էր, միշտ այդ պատճառով հանդիմանում էին»,-պատմում է քույրը՝ Արմենուհին: Կարինեն ավարտեց տեղի միջնակարգ դպրոցը, որն այսօր նրա անունն է կրում, եւ 1982 թ. ընդունվեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ: Որպես երիտասարդ մասնագետ` գործուղվեց «Նաիրիտ» ԳԱՄ:
Այստեղ էլ Աղավնին ծանոթացավ ապագա ընկերուհու հետ. «Նա 1988-ից «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ էր, նաեւ` «Կանաչների միության» անդամ: Գործունյա էր, ակտիվ, անհրաժեշտ միջոցներ էր հայթայթում կռվողների համար: Եվ ուզում էր ճակատ գնալ՝ գիտակցելով, որ այնտեղ ավելի շատ է պետք իր օգնությունը: 1992թ. գնաց Արցախ՝ որպես կամավոր»,-ասում է Աղավնին:
Որպես բուժքույր` Կարինեն ծառայեց Կոմանդոսի մոտ. մարտերի կիզակետում էր, համարձակ էր եւ անզիջում: Չորս ամիս անց Աղավնին ու Կարինեն հանդիպեցին արդեն ռազմաճակատում. Աղավնի Սահակյանը 26-րդ գումարտակում էր, որը 26-ի Յուրայի (Յուրա Հովհաննիսյան) հրամանատարությամբ կռվում էր Շուշիի մոտ ու պաշտպանում էր Ստեփանակերտը: Միասին նրանք մասնակցեցին մի քանի դիվերսիոն գործողությունների: Մարտի դաշտից հանում էին վիրավորներին, փրկում կյանքեր, ճակատագրական պահերին էլ դիրքավորվում էին զինվորի կողքին ու հարվածում թշնամուն. «Երբ մի անգամ տղաներից մեկը մեզ հանդիմանեց, ասելով՝ գոնե ամուսնանայիք, ախր, ինչ մարտիկներ կդաստիարակեիք, Կարինեն նկատեց` քանի՞ մարդու կյանք փրկած կլինենք, համարեք, որ այդքան մարդու կյանք ենք պարգեւել»: Աղավնին ասում է, որ իրենք ավելի վախենում էին, որ զոհը կամ վիրավորը կարող էին գերի մնալ թշնամու մոտ, իսկ զոհվելուց երբեք չեն վախեցել:
Սեւանի ջոկատի հրամանատար Սուրեն Սարգսյանը Կարինեի հետ ծանոթացել է 1992թ. 26-ի դիրքերում. «Շատ ծանր էր իրավիճակը, լրացուցիչ ուժեր էինք բարձրացնում դիրքեր, քանի որ տղաները ծանր կացության մեջ էին: Մեկ էլ նկատում ենք, որ ջոկատը վերադառնում է, լսում ենք աղջիկների ձայները, որոնք հանդիմանում էին տղաներին: Այդպես առաջին անգամ տեսնում եմ Կարինեին: Հաջորդ պահին նա եւ Աղավնին խլեցին տղաներից զենքն ու առաջ անցան` անձնական օրինակով քաջալերելով եւ կանխելով հնարավոր դասալքությունը: Նրանք դարձան իմ անփոխարինելի ընկերները»: Բժշկի պայուսակը ուսին, ավտոմատը ձեռքին, վստահ եւ քաջ` այսպիսին է Կարինեն զինակիցների հուշերում:
…1993 թվականն էր: Մարտակերտի շրջանի բազմաթիվ բնակավայրեր արդեն ազատագրված էին: Կարինեին 10-օրյա հանգստի ուղարկեցին: Քույրը պատմում է, որ անհանգիստ էր, գիտեր, որ Մարտակերտի գրոհն է նախապատրաստվում, եւ ուզում էր առաջինը ոտք դնել ազատագրված շրջկենտրոն, ուստի զանգեց բոլոր հին ու նոր ծանոթներին, հարցուփորձ արեց նրանց որպիսությունից եւ վերադարձավ գումարտակ:
Մարտից առաջ Զարմիկը, որի հետ Կարինեն որոշել էր Մարտակերտի ազատագրումից հետո ամուսնանալ եւ բնակություն հաստատել ազատագրված գյուղերից մեկում, խնդրեց, որ Կարինեն առավոտյան պահեստային զորամասի հետ գնա. սիրտը վատ բան էր գուշակում: Բայց Կարինեին ոչ ոք չէր կարող համոզել` փոխելու իր որոշումը: Նա զինակիցների հետ մարտնչում էր Մաղավուզ գյուղի մոտակայքում: Հակառակորդը հրետակոծում էր նպաստավոր բարձունքից: Կարինեն վիրակապում էր վիրավորներին, հասնում յուրաքանչյուրին, որ, ցավին չդիմանալով, օգնություն էր կանչում: Պայթում է արկը, եւ նա վիրավորվում է ճակատից, բայց նորից առաջ է անցնում, ասելով, թե վերքը թեթեւ է, կդիմանա: Պայթում է երկրորդ արկը՝ ընդհատելով հերոսական ուղի անցած ազատամարտիկ կնոջ կյանքը:
«Կարինեի զոհվելու լուրը լսեցի Մելիքաշենում: Այդ օրը փոքր գործողություն էր նախատեսված, բայց այնպես թեւաթափ եղանք, որ հնարավոր չեղավ ոչինչ կազմակերպել. մեզնից յուրաքանչյուրը ամեն աղջկա նկատմամբ մի թաքուն սեր էր տածում»,-ասում է Սուրեն Սարգսյանը:
Աղավնին էլ ավելացնում է՝ պատերազմի դաշտում պատահաբար են ողջ մնում. «Ես Կարինեին ուղեկցում էի տուն, Արցախից Երեւան ձգվող ճանապարհը երբեք այդքան դժվար չէի հաղթահարել. Կարինեն շատ հպարտ էր գալիս, որովհետեւ կյանքը զոհել էր մեր հայրենիքի ամբողջության համար, իսկ ես հոգեպես ջարդված էի»:
Կարինե Գեւորգյանը հետմահու պարգեւատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Քրոջ՝ Արմենուհու դուստրը, որ Կարինեի անունն է կրում, նորից խոստանում է մորաքրոջը, որ արժանի կլինի նրա թողած ժառանգությանը և շարունակում է երազանք փայփայել` դառնալ ռազմական բժիշկ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ