Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

32 ՏԱՐՎԱ ԱՆՑԱԾ ՈՒՂԻ



32 ՏԱՐՎԱ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՓետրվարի 15-ին «Եռաբլուրում» կայացավ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմավորման 32-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում, որը նաև Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմի ժամանակ գնդի զոհված և անհետ կորած մարտիկների ոգեկոչման արարողություն էր։

1988 թ․ կազմավորվեցին աշխարհազորային մարտական ջոկատներ, որոնք միավորվելով տարբեր զորամիավորումների մեջ, դարձան վաշտեր ու գնդեր, իսկ հետագայում նաև՝ հայոց վերակազմավորվող բանակի հիմքը։ Նման զորամիավորումներից է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը։ 1990 թ․ փետրվարի 15-ին ռազմական խորհրդի կողմից ընդունվեց գնդի հռչակագիրը։ Մինչ հռչակագիր ընդունելը, հաշվի առնելով խորհրդային իշխանությունների ճնշող դերակատարությունը, գործել է «Մեծն Տիգրանը», բայց որպես գիտության և մշակույթի ասոցիացիա՝ Լևոն Մայսուրյանի գլխավորությամբ։ Հետագայում այդ ղեկավարումը փոխանցվել է Սմբատ Այվազյանին։ Եվ հռչակագրի ընդունումից 32 տարի անց, «Եռաբլուրի» Սուրբ Վարդանանց եկեղեցու հարակից տարածքում, հավաքվել էին գնդի առաջին ու նորօրյա մարտիկները, նրանց հարազատները, նահատակ քաջորդիների ծնողներ, հարազատներ։ Հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե։ Ներկաներին ողջունեց և օրվա խորհրդի մասին արտահայտվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետ, գնդապետ Մանվել Սերոբյանը՝ կարևորելով «Մեծն Տիգրանի» դերը մեր նորօրյա պատմության մեջ, հատկապես՝ Արցախյան բոլոր պատերազմներում։ Աշխարհազորային այս գունդը 1989-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերի պաշտպանական և ազատագրական մարտերին։ Ընթերցվեց գնդի հռչակագիրը, որում նշված է․ ««Մեծն Տիգրան» գնդի և նրա գործունեության համար կազմված հռչակագիր-ծրագիրը ծնունդն է 1988 թվականի փետրվարից սկսված Արցախյան շարժման և այդ տարիներին ձևավորված ազգային-ազատագրական պայքարի»։ Բացի պատերազմական գործողություններից, «Մեծն Տիգրանը» մեծ աշխատանքներ է կատարել նաև խաղաղ տարիներին՝ մշտապես լինելով հայոց բանակի կողքին: Եկեղեցու հարակից հարթակում հնչեցին նաև «Մեծն Տիգրան» գնդից բոլոր պատերազմներում նահատակված 40 քաջորդիների և առաջին պատերազմում 3 անհայտ կորած տղաների անունները։ 30-ը նահատակվել են 1990-94 թվականների մարտերի ժամանակ։ Նրանց շարքում է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում մարտիրոսված գնդի առաջին շտաբի պետ Տիգրան Սարգսյանը, որը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

32 ՏԱՐՎԱ ԱՆՑԱԾ ՈՒՂԻ«Մեծն Տիգրան» գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանն իր ելույթում շնորհավորեց ներկաներին օրվա առթիվ, խոնարհումի եւ մեծարանքի խոսք ասաց հերոսածին մայրերին, Արցախյան բոլոր պատերազմներում և խաղաղ տարիներին սահմանում նահատակված հայորդիների հասցեին։

«Մեծն Տիգրանից» 30 հոգի տարիների ընթացքում համալրել են հայոց բանակի սպայական շարքերը՝ ավագ լեյտենանտից մինչև գնդապետի կոչումներով։

44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թ․ հոկտեմբերին Արցախի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին  գնդի 9 մարտիկներ, այդ թվում նաև Մենուա Հովհաննիսյանը, որը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Ելույթներից հետո գնդի երիտասարդները հանդես եկան Սասնո պարերի կատարումով։ Այնուհետև ՀՀ Եռագույնի և «Մեծն Տիգրանի» դրոշակակիրների ուղեկցությամբ ներկաները ծաղիկներ ու դրոշներ խոնարհեցին «Եռաբլուրում» ննջող 26 նահատակների շիրիմներին, որոնք եղել են «Մեծն Տիգրան» գնդի անդամներ, ինչպես նաև՝ Անհայտ կորած հերոսների հուշակոթողի մոտ, Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, Սմբատ Այվազյանի շիրիմներին։

Ի դեպ, գնդի առաջին հրամանատարներից է եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արմենակ Արմենակյանը:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


17/02/2022