Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՔ ԱՐԴԱՐԱՑԻ՞ ԵՆ ՎԱՐՎԵԼ



Հարց: Մինչև 2011թ. սեպտեմբեր ամիսը ԶՈՒ թիվ N զորամասի N գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել, ունեմ կապիտանի զինվորական կոչում: 2011թ. սեպտեմբեր ամսին մարտական հերթապահության իրականացման ժամանակ իմ կողմից կատարված զանցանքի համար ենթարկվել եմ «Պաշտոնի իջեցում» կարգապահական տույժի և նշանակվել նույն գումարտակի N վաշտի հրամանատար: Խնդրում եմ պարզաբանել. ո՞ր դեպքերում է զինծառայողը նշանակվում ցածր պաշտոնի, որքա՞ն ժամանակով է իմ վրա տարածված մնալու կիրառված տույժը և, արդյոք, կայացվե՞լ է իրավաչափ որոշում:
Դ.Հ.

Պատասխան. Հարգելի պարոն կապիտան, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել բարձր կամ հավասար պաշտոնի (պայմանագրային զինծառայողը` իր համաձայնությամբ).

2) ընտանեկան պայմաններից ելնելով (պայմանագրային զինծառայողը` իր խնդրանքով).

3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (պայմանագրային զինծառայողը` իր համաձայնությամբ).

4) անձնական խնդրանքով (պայմանագրային զինծառայողը).

5) «պաշտոնի իջեցում» կամ «զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում» կարգապահական տույժեր ստանալու դեպքում, ինչպես նաև, եթե «նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո, մեկ տարվա ընթացքում, ենթասպան կամ սպան չի ուղղվել` օրինակելիորեն կատարելով զինվորական պարտքը.

6) եթե դատարանի դատավճռով դատապարտվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատժի:

ՀՀ կառավարության 12.08.1996թ. N247 որոշմամբ ընդունված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության 92-րդ հոդվածով ամրագրված է, որ զինծառայողի մեղքի աստիճանը և կարգապահական տույժի միջոցը որոշելիս հաշվի են առնվում զանցանքի բնույթը, դրա կատարման հանգամանքները, հետևանքները, մեղավորի նախկին վարքը, ինչպես նաև նրա զինվորական ծառայության տևողությունն ու ծառայության անցկացման կարգի իմացության աստիճանը:

Նույն կանոնադրության 74-րդ հոդվածի համաձայն` սպաներին (բացի բարձրագույն սպայական կազմի սպաներից) կարող են տրվել հետևյալ տույժերը`

ա) նկատողություն.

բ) խիստ նկատողություն.

գ) մեկուսացում և պահում կարգապահական մեկուսարանում` մինչև հինգ օր (գնդի և բրիգադի հրամանատարները, գնդապետի կոչումով ավագ սպաները մեկուսացման ենթակա չեն).

դ) նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին.

ե) պաշտոնի իջեցում.

զ) զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում, սկսած փոխգնդապետից ու ցածր կոչում ունեցողները.

է) ժամկետից շուտ պահեստազոր արձակում` սկսած գնդի, բրիգադի հրամանատարների տեղակալներից, նրանց հավասար և նրանցից ավելի ցածր պաշտոն ունեցող անձանցից:

Միաժամանակ, կարգապահական տույժը խստացվում է, եթե զանցանքը կատարվել է մարտական հերթապահության (մարտական ծառայության) և ծառայողական այլ պարտականություններ կատարելու ժամանակ, հարբած վիճակում կամ այն դեպքում, երբ զանցանքի հետևանքով տեղի է ունեցել կարգուկանոնի էական խախտում:

Վերը նշվածը հիմք է տալիս փաստելու, որ այո՛, Ձեզ տրված կարգապահական տույժն իրավաչափ է, և Ձեր նկատմամբ կիրառվել է կարգապահական առավել խիստ տույժ, քանի որ Ձեր կողմից կատարված զանցանքը տեղի է ունեցել մարտական հերթապահության իրականացման ժամանակ:

Հիշատակված կանոնադրության 39-րդ հոդվածով սահմանված կարգով Ձեր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը կարող է հանվել` Ձեզ պաշտոնից իջեցնելու օրվանից հաշված ոչ շուտ, քան 1 տարի հետո` միաժամանակ չվերականգնելով նախկին պաշտոնում:

Հաշվի առնելով հարցի բովանդակության կարևորությունը, հարկ ենք համարում նշել, որ հիշատակված կանոնադրության 3-րդ գլխի 91-րդ հոդվածով սահմանված է, որ ենթակային կարգապահական տույժ տալու որոշմանը պետք է նախորդի քննությունը, որը կատարվում է մեղավորներին հայտնաբերելու և զանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու նպատակով:

Քննության ընթացքում հրամանատարը (պետը) պարզում է, թե կատարվել է արդյոք զանցանք` ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պարագաներում, ինչ զանցանք է` մեղքի առկայությունը կոնկրետ անձանց գործողություններում կամ անգործության մեջ, յուրաքանչյուրի մեղքի աստիճանը, եթե զանցանքը կատարել են մի քանի անձինք, զանցանքի հետևանքները, մեղավորի պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, զանցանքի կատարման պատճառներն ու պայմանները:

Եվ եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողի զանցանքը պարունակում է նաև հանցակազմի հատկանիշներ, ապա զորամասի հրամանատարը տեղյակ է պահում կայազորի զինվորական դատախազին, անհրաժեշտության դեպքում քրեական գործ է հարուցում և նշանակում հետաքննություն:

Կարգապահական տույժը, որպես կանոն, պետք է տրվի զանցանքի կատարման պահից 1 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան զանցանքի մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու պահից 10 օր հետո: Կարգապահական տույժ տալիս հրամանատարը (պետը) չպետք է նվաստացնի ենթակայի արժանապատվությունը և կոպտություն թույլ տա:

Կանոնադրությամբ հստակ ամրագրված է, որ արգելվում է միևնույն զանցանքի համար մի քանի կարգապահական տույժ տալը կամ մի տույժը մյուսին միացնելը, անմիջական մեղավորին պատժելու փոխարեն ստորաբաժանման ամբողջ անձնակազմին տույժ տալը:

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ եթե զինծառայողն իրեն անմեղ է համարում, իրավունք ունի կարգապահական տույժ տալու պահից 10 օրվա ընթացքում բողոքարկել այն:

ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի իրավաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Սոցիալ-իրավական


21/12/2011