Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ԶԻՆՎՈՐ ԵՂԲՈՐՈՎ…



Մեր օջախում կրկին ուրախություն է. եղբորս՝ ազգային բանակի կրտսեր սերժանտ Հակոբ Աղաջանյանի անունով հրամանատարությունից շնորհակալական նամակ ենք ստացել։ Փոստատարը ծրարը հանձնել էր պապիկիս, նա էլ խանդավառությունը սրտում սպասել էր, որ երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ այդ լուրը հայտնի մեզ։ Երեկոյան, երբ բոլորս նստել էինք ընթրիքի, պապիկս մի ծրար տվեց հայրիկիս եւ ասաց` «նամակ է Հակոբիցս, բարձրաձայն կարդա, բոլորս լսենք։ Հակոբիս ծառայությունից հրամանատարությունը շատ գոհ է»։ Եվ հայրիկը կարդաց եղբորս անունով զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի ուղարկած շնորհակալական նամակը.

«Հարգելի Աղաջանյաններ, գոհունակությամբ հայտնում եմ Ձեզ, որ Ձեր որդին՝ կրտսեր սերժանտ Հակոբ Լեւոնի Աղաջանյանը, ծառայելով ՀՀ զինված ուժերում, պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական երդման պահանջներն ու Ձեր ծնողական պատգամը՝ ազնվորեն եւ անմնացորդ նվիրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին։ Հակոբը աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ բարեխղճությամբ, կարգապահությամբ եւ կամքի ուժով։ Նա բարձր է պահում հայ ռազմիկի պատիվը, միշտ պատրաստ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը։ Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Ձեր զավակով։ Երախտապարտ ենք նման հայրենասեր որդի եւ քաջարի ռազմիկ դաստիարակելու համար»։

Անչափ հուզվել էինք։ Պապս խնդրեց բաժակ բարձրացնել Հակոբի եւ բոլոր զինվորների համար, մեր բանակի համար։

Եղբայրս, որ ծառայում է փոխգնդապետ Ա.Սարգսյանի հրամանատարությամբ մեր հայրենիքի սահմանները պաշտպանող զորամասում, մի քանի օր առաջ տուն եկավ. կրակային պատրաստությունից լավ արդյունքներ ցուցաբերելու համար զորամասի հրամանատարը եղբորս պարգեւատրել է արձակուրդով։ Եղբայրս գոհ է ծառայությունից, բոլոր հրամանատարներից։ Ծառայության ընթացքում ձեռք է բերել հրաշալի ընկերներ՝ Վահանը, Ալբերտը, Բաբկենը, Արտյուշան։

Ես հպարտ եմ իմ զինվոր եղբորով։

ԼՈՒԻԶԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Բանակ և հասարակություն


21/12/2011