Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՆԵԱ՛ ԶՔԵԶ



Հայ զինվոր, եթե երբևէ զարկելով ու զարկվելով, ընկնելով ու վերստին բարձրանալով առաջ կգնաս, եթե երբևէ քեզ կթվա, թե սպառվել են քո կենսական բոլոր ուժերը, իսկ նպատակդ, հանգրվանդ դեռ այնքա՜ն հեռու է, եթե երբևէ քեզ լքված ու մենակ կզգաս, կմտածես՝ մոռացել են քեզ աշխարհն ու անգամ Աստված, սակայն դու չե՛ս ընկրկել, չե՛ս ընկել, չե՛ս ծնկել, այնժամ հիշիր՝ քեզնից առաջ նույն քարքարոտ ու փշոտ ճանապարհով, ընկնել-ելնելով, զարկել-զարկվելով, հայ զինվորներ են անցել: Այդ նրանք են, որ քեզ նման՝ չընկնելով, չընկրկելով ու չծնկելով, մոտեցրել, իրականություն են դարձրել այն հեռավոր ու կապույտ երազանքը, որ Հայրենիք է կոչվում ու Հայաստան աշխարհ…

Եվ միայն այդժամ, երբ զինվորական շարքում կանգնած` «հավսա՜ր» հրամանով գլուխդ ձախ կթեքես, առջևում կտեսնես քո ժողովրդի հոգու, մտքի ու խղճի տիրակալներին, սակայն առանց ոսկեհյուս հանդերձների, շողշողուն զարդերի ու զրնգուն շքանշանների… գլուխներին` լուսապսակ։

…Դու ճանաչո՞ւմ ես Տեր-Միքելովին։ Ճարտարապետի՛ն եմ ասում։ Ասում են՝ Թիֆլիսի, Բաքվի ամենաշքեղ ու հոյակերտ շենքերը (պալատնե՜ր) նրա ձեռքի ու մանավանդ հանճարի արգասիքն են… Ասում են՝ նա եվրոպական ճաշակ ու նաև չափանիշ է պարտադրել ոչ միայն Անդրկովկասին, այլև Ռուսական հզոր կայսրությանը… Ուրեմն՝ դու չե՞ս ճանաչում ճարտարապետ Տեր-Միքելովին… Ասում են՝ նրա հետ իր տաղանդով կչափվեր թերևս միայն մի հոգի, հայազգի մի ուրիշ ճարտարապետ՝ Պետրոգրադի գեղարվեստական ակադեմիայի խորհրդի նախագահը, Ռուսական կայսրության գլխավոր ճարտարապետը՝ Ալեքսանդր Թամանյանը։ Չէ՛, դու Տեր-Միքելովին հաստա՛տ չես ճանաչի և ինչպե՞ս ճանաչես ու իմանաս, երբ նրան ժողովուրդն է մոռացել ու չի հիշում… Եվ գիտե՞ս՝ ինչու, մի անմեղ, բայց և շատ անկեղծ, նույնիսկ հասկանալի ու ըմբռնելի մի նախադասության պատճառով։ Ասում են, որ Հայաստան գալու ու իր աստվածային տաղանդը ավերակված, մոխիրներից ու մահվան նաշից հառնած հայրենիքին ծառայեցնելու առաջարկին նա իբր պատասխանել է. «Ասենք՝ եկա և կառուցեցի, բա փողն ո՞վ է տալու»։ Իրականությո՞ւն է, թե՞ առասպել, լեգե՞նդ, թե ժողովրդական բանահյուսություն։ Դժվար է ասել։ Թերևս արդեն ոչ ոք այս հարցի պատասխանը չի կարող տալ։ Սակայն հայտնի ու անառարկելի է մեկ այլ փաստ. ժողովուրդը Տեր-Միքելով ճարտարապետ չի՛ ճանաչում, թեև ժողովրդի հիշողությունը կարճ չէ։ Չի՞ հիշում, թե՞ չի ուզում հիշել, միևնո՛ւյն է։ Ժողովուրդը չի՛ խոսում, չի՛ պատմում, չի՛ հիշում, թե ինչ վախճան է ունեցել, որտեղ է հանգչում այդ հիրավի տաղանդավոր հայորդին, որը Անդրկովկասին ու նաև Ռուսական կայսրության գավառներին եվրոպական ոճ, ճաշակ ու չափանիշ էր պարտադրում: Փոխարենը չի մոռացել, թե ինչպես հայ դասական ու ազգային ճարտարապետության վերակերտողին, հայ ճարտարապետության Նահապետին՝ Ալեքսանդր Թամանյանին հողին հանձնեցին… ծակ կոշիկներով։ Հիշում է, որպես ժողովրդական սիրո անկեղծ ու անանց նշան։

Հայրենիքի սրբազան զոհասեղանը միայն այսպիսի զոհաբերություն է պահանջում, միմիայն այսպիսի։ Եվ այսպիսին է բոլոր ճշմարիտ հայրենասերների ճակատագիրը, նրանց, ովքեր գալիս են վառելու իրենց հոգու բոլոր լույսերը և դառնալու իրեն սնած ժողովրդի հոգու, մտքի ու խղճի առաջնորդները։ Ահավասիկ՝ հայոց բոլոր ժամանակների ազգային հերոսը՝ Զորավար Անդրանիկը, ճարահատ պանդխտության ցուպը բռնելուց առաջ, հայրենիքին ի պահ է հանձնում իր միակ ու անբաժան հարստությունը՝ սուրը, որով տասնյակ հազարավոր հայերի կյանք էր փրկել ու… դատարկաձեռն հեռանում, Հայաստանի անկախության ճարտարապետներից մեծագույնը՝ Արամ Մանուկյանը, սովից ու թերսնումից հյուծված՝ վարակվում է տիֆով ու իր մահկանացուն կնքում երիտասարդ՝ քառասուն տարեկան հասակում, Մեծն Թումանյանը հայրենիքը գտնելու ճանապարհին, պատերազմի դաշտում կորցնում է իր երկու զավակներին, նույն ճակատագրին է արժանանում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետը՝ Հովհաննես Քաջազնունին. նրա որդիները զոհվում են ազատագրական պատերազմում… Ռուսական կայսրության գլխավոր ճարտարապետը հայրենիք է գալիս՝ մարմնավորելու հայ ժողովրդի վերածննդի գաղափարը և թաղվում է… ծակ կոշիկներով։ Ժամանակակիցների վկայությամբ՝ հիսունութամյա, բայց արդեն կուրացող, բազմատաղանդ ու բազմաչարչար ակադեմիկոսի դին դուրս է բերվում ներկայիս Աբովյան փողոցում գտնվող իր ժամանակավոր կացարանից և դրվում է Ժողովրդական տան տարածքում (ներկայիս՝ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը), որի պատերը հիմքից ընդամենը մեկ մետր էին բարձրացած։

Հայ ճարտարապետության նահապետին ու մարգարեին ճակատագիրը բաժին էր հանել, սակայն, Աստվածաշնչյան Հոբ Երանելու տառապանքը։ Դժվար է հավատալ, որ մեր վարդագույն քաղաքը կերտողը` Գյումրիի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Գավառի ու նաև… Ստեփանակերտի գլխավոր հատակագծերի հեղինակը, նա, ով իր ժողովրդին պարգևել էր հայ ճարտարապետության (և ոչ միայն հայ) գլուխգործոցներ՝ Ժողովրդական տունն ու Կառավարության տունը, ինչպես նաև ճարտարապետական արվեստի տասնյակ այլ գոհարներ, հայրենի իշխանություններին երբևէ կարող էր այսպիսի տողերով դիմել. «Ես կարող եմ ապրել, երբ աշխատում եմ։ Աշխատանքիս ընդհատումով ընդհատվում է նաև իմ ապրելու հնարավորությունը։ …Ես ի վիճակի չեմ ընտանիքիս գոյությունը ապահովել. այլևս չեմ կարող վտանգել երեխաներիս առողջությունը»։ Եվ ապա. «Ձեր նամակն ինձ գտավ ահավոր վշտի մեջ՝ մահացել է մեր ավագ դուստրը՝ տասներեք ու կես տարեկանում։ Երկու ամիս է, ինչ ես խելքի չեմ գալիս։ Այս կորուստն ինձ այնպես է ցնցել…»։

Ականջդ կանչի, Տեր-Միքելով…

Հայ ճարտարապետության Զինվորին, սակայն, ճակատագիրը նոր հարվածներ էր նախապատրաստել՝ մեկը մյուսից անողոք ու անողորմ. երեսնական թվականների կեսերին կորցնում է նաև երկրորդ դստերը… Թամանյանը շարունակում է արարել և ապրել վարդագույն քաղաքի երազանքով, ինչն այդ գորշ ու մռայլ ժամանակներում «արևազուրկ» մարդկանց կողմից ընկալվում է որպես չլսված հանդգնություն ու անպատկառություն և սոցիալիստական հասարակությանը նետված մարտահրավեր։ Նոր թափ է առնում Վարպետի գործի (հետագայում նաև՝ հիշատակի) վարկաբեկման արշավանքը, որ սկսվել էր դեռևս քսանական թվականների վերջերից… Եվ որ առավել սոսկալի էր, Վարպետի վրա առաջինը քար շպրտողները նրա արհեստակից ընկերներն ու աշակերտներն էին… Թամանյանական հանճարը բնութագրվում է որպես… հակաժողովրդական, իրականությունից կտրված, առաջադեմ սոցիալիստական հասարակարգին չհամատեղվող… Երևանի գլխավոր հատակագիծը բնորոշվում է իբրեւ բուրժուական, քաղքենիական. քննադատվում են ապագա Երևանի լայն ու ընդարձակ պողոտաները (ո՞ւմ հաշվին է կառուցում՝ սովետական բանվորի քրտինքի՞), կանաչապատ տարածքներն ու զովասուն պուրակները, արևկող բնակարանների մեծ ու լուսավոր պատուհանները, շենքերի քանդակազարդ քիվերը (ո՞ւմ հաշվին է կառուցում՝ կոլխոզնիկի օրնիբուն տքնանքի ու տառապանքի՞)։ Հայ ճարտարապետների ընկերակցությունը՝ Թամանյանի աշակերտների գլխավորությամբ (նրանցից շատերը հետագայում դառնալու են հայ ճարտարապետության երախտավորներ), չբավարարվելով Հայաստանով, իրենց աղաղակն արդեն բարձրաձայնում են՝ ի լուր ամենեցուն. Թիֆլիսում լույս տեսնող «Զարյա վոստոկա» կուսակցական կենտրոնական թերթում. նրանք խորհրդային ժողովրդին կոչ են անում՝ թույլ չտալ, որ նացիոնալիստ, վնասարար, դաշնակ Թամանյանը կառուցի «ժամանակավրեպ, ակադեմիզմի և թանգարանային հնագիտության ցնցող նմուշ հանդիսացող» Ժողովրդական տունը (Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի շենքը), ինչն իր հիմքով օտար ու թշնամական է խորհրդային երկրին ու ժամանակին… Հասկանալի է. դրանք սոսկ ստեղծագործական մեղադրանքներ չէին, այլ, ըստ ամենայնի, ընկերների ու աշակերտների ձեռքով գրված մահվան դատավճիռներ…

…Եվ միայն Չարենցի նման ընտրյալին էր տրված տեսնելու հայ հանճարի մտքի թռիչքի լուսավոր հետագիծը.

Նա տեսել է արեւային մի քաղաք…

Ինչպես մաքուր մարմարի

Կապույտ կողին նկարած

Արեւային ժամացույց`

քարտե՜զն ահա քաղաքի.

Պողոտաներ, փողոցներ`

բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս,

գրանիտե մի բագին:

«Ծանեա՛ զքեզ». ասել է թե` ճանաչի՛ր քեզ ու պատրա՛ստ եղիր մաքառումների ու անձնազոհությունների` չակնկալելով ոչինչ բարի անունից ու համաժողովրդական սիրուց զատ: Ժողովրդի հիշողությունն է ամենամեծ պարգևն ու գնահատանքը:

Հայ զինվոր, երբ հայոց բանակի հաղթական շարքում կանգնած` «հավսա՜ր» հրամանով գլուխդ ձախ կդարձնես, այնժամ շարքի առջևում կտեսնես նաև հայ ճարտարապետության տառապյալ հանճարի որդուն` Գևորգ Թամանյանին, որը շարունակելու էր հոր կիսատ թողած թռիչքը, կտեսնես թոռանը` Ալեքսանդր Թամանյանին, որ զենքը ձեռքին կռվեց և պատերազմական վերքերից, ի վերջո, իր մահկանացուն կնքեց` պաշտպանելով այն հայրենիքը, որի համար այնքան ոգորեցին ու տառապեցին իր հանճարեղ պապն ու բազմավաստակ հայրը…

…Երբ արյունոտ ու վիրավոր ծնկներով, քրքրված հագուստի ծվեններով կհասնես քո կապույտ երազանքին, երբ մարմնիդ վերքերից առավել կցավեն հոգուդ վերքերը, երբ արդեն տված ու նվիրած կլինես թանձր արյունդ ու դառը քրտինքդ և փոխարենը չես ակնկալի ոչինչ, բացարձակապես ոչինչ՝ ո՛չ փառք, ո՛չ մեծարանք ու շքանշան, ո՛չ գանձ ու գահ, ուրեմն` դու զինվոր ես…

Ահա հայրենասիրության մեր ընկալումն ու գնահատման մեր չափանիշը` դարերով հաստատված, և մեր ժողովրդի հզորության առեղծվածն ու գաղտնիքը:

Ծանեա՛ զքեզ:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/12/2011