Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՍ»



Աշխատասեր և փոքր-ինչ ինքնամփոփ` հենց այսպիսին է մայոր Ռադիկ Շահնազարյանը։ «Իր համար գլուխը կախ ամբողջ օրը աշխատում է»։ Զորամասում ում էլ հարցնես, բոլորն էլ այսպես կբնութագրեն դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալին։ Իսկ դիվիզիոնը լավագույն ստորաբաժանումն է զորամասի կազմում, լավագույն դիվիզիոնն է նաեւ զորամիավորման կազմում։ Չի կարելի չնշել, որ դիվիզիոնը կազմավորվել է զորամասի ստեղծումից էլ առաջ, իսկ Ռադիկն էլ ավելի քան 15 տարի այդ մարտունակ ստորաբաժանման զինծառայողների գաղափարախոսը, դաստիարակը, ոգեշնչողն է եղել։ Վերջին ամիսներին մայոր Ռ. Շահնազարյանին զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակել եւ չէին սխալվել։ Նա լիովին արդարացնում է իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը։

Մայոր Շահնազարյանն Արարատի մարզի Շաղափ գյուղից է։ Ծնվել է 1968թ.։ 1985թ. ավարտել է դպրոցը եւ ընդունվել տեխնիկում։ Ծառայել է խորհրդային բանակում։

1996թ. ծառայության է անցել նոր-նոր կազմավորվող զորամասում։ Բարեխիղճ ծառայության համար մայոր Շահնազարյանը պարգեւատրվել է առաջին եւ երկրորդ աստիճանի «Անբասիր ծառայություն», ինչպես նաեւ «Վազգեն Սարգսյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով։

-Դիվիզիոնում շատ վաղուց ես աշխատանքները ճիշտ ուղու վրա եմ դրել եւ իմ գիծը պահպանում եմ։ Բնականաբար, ունենում ենք տարբեր դաստիարակություն ստացած, գիտելիքների հարուստ կամ սակավ պաշար ունեցող, ֆիզիկապես ուժեղ կամ հակառակը՝ թույլ ու անբավարար պատրաստություն ունեցող զինվորներ։ Բայցեւայնպես, բոլորի հետ հարկավոր է աշխատել, աշխատել ընդհանուր ծրագրով եւ միեւնույն ժամանակ անհատապես։ Իսկ աշխատելու համար ժամանակ միշտ էլ կգտնվի։ Ես այն համոզմանն եմ, որ զինվորը բանակ է եկել հայրենիք պաշտպանելու համար, պետք է լավ ճանաչի իր հայրենիքը, իմանա նրա անցյալը, ներկան, որպեսզի տեսնի ապագան։ Գիտեք, երբեմն լինում են նույնիսկ մայրենիին չտիրապետող, հայերեն գրել-կարդալ չիմացող տղաներ, եւ երբ համատեղ աշխատանքի արդյունքում նրանք սկսում են լիովին տիրապետել մայրենի լեզվին, արդեն բոլորովին այլ կերպ են սկսում վերաբերվել ծառայությանը, իրենց գործին։ Օտար երկրներում մեծացած տղաները երդվում են, որ մշտապես ապրելու են հայրենիքում, որպեսզի իրենց զավակներն էլ օտարության դառնությունը չզգան։ Ասեմ անկեղծ` ես սիրում եմ իմ գործը, սիրում եմ զինվորի հետ տարվող աշխատանքը, ինչի արդյունքում ես ինքս էլ, մի տեսակ, բարձրանում եմ իմ աչքում,- մտերմաբար ասաց Ռադիկ Շահբազյանը:

Էջը` ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ազգային բանակ


21/12/2011