ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ
Կոմպոզիտորը խոստացավ քայլերգ գրել ռազմական ինստիտուտի համար
Հանրաճանաչ կոմպոզիտորն իր այս խոստումը տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների եւ դասախոսների հետ հանդիպմանը, որ կայացավ դեկտեմբերի 6-ին, հաստատության դահլիճում։ Այն ներածական խոսքով բացեց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Մեխակ Հակոբյանը, ապա կոմպոզիտորի ստեղծագործական ուղին ներկայացրեց ինստիտուտի ակումբի պետ կապիտան Ծովինար Թորոսյանը։
Ջերմ, սրտառուչ զրույցը սկսվեց Տիգրան Մանսուրյանի խոսքով։ Նա ներկայացրեց իր մտորումները պետության եւ ժողովրդի կյանքում բանակի ունեցած դերի մասին, գոհունակությամբ նշեց այն հսկայական առաջընթացը, որ հայոց բանակն անցել է իր սկզբնավորման օրից մինչեւ այսօր։ Կոմպոզիտորը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից, նրա հետ շրջել Հայաստանի ու Ղարաբաղի տարածքով մեկ, անցել զորամասից զորամաս եւ անձամբ տեսել ու զգացել այն դժվարությունները, որոնք կային բանակի սկզբնավորման փուլում, ուստի նրա համար թանկ ու նվիրական է հայոց զինական ուժի զորացման գործում ձեռք բերված ամեն մի նվաճում։
«Բանակը մեծ թռիչք է կատարել, եւ դրա վառ վկայությունը նրա 20-ամյակին նվիրված զորահանդեսն էր Հանրապետության հրապարակում»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։ Կոմպոզիտորը հետաքրքիր հուշեր պատմեց Վազգեն Սարգսյանի մասին, պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին իր անձնական եւ ստեղծագործական կյանքին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, զինվորի հոգեւոր եւ հայրենասիրական դաստիարակությանը, բանակի ամրապնդման գործում մտավորականության ունեցած դերին։ «Հայոց բանակը մեր պետության ոչ միայն հիմքն է, այլեւ գմբեթը, ուստի այն միշտ պետք է լինի առանձնահատուկ հոգածության եւ գուրգուրանքի առարկա»,- ասաց նա։
Ունկնդիրների խնդրանքով Տիգրան Մանսուրյանը դաշնամուրի վրա կատարեց իր հանրահայտ գործերից մեկը, եւ դահլիճը ծափահարեց հոտնկայս։ Ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հետ զրույցում կոմպոզիտորը վերահաստատեց իր խոստումը՝ հաջորդ անգամ հանդիպման գալ ինստիտուտի համար հատուկ գրված զինվորական քայլերգով։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Բանակ և հասարակություն