ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԴԵՄՔՆ Է
Զրույց ժողովրդական արտիստուհի ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ
–Տիկին Մկրտչյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան 80-ամյա տարեդարձը: Մաղթում եմ երկարակեցություն ու երջանկություն: Ի՞նչ հիշողություններ ունեք մանկությունից, ինչպիսի՞ն էր գյուղական միջավայրի հայկական կոլորիտը այդ տարիներին։
-Մանկությունս գեղեցիկ տպավորություններով լի է եղել, որ չգիտեմ՝ ինչից սկսեմ։ Սեւանի գիշերներն անզուգական էին, լիճը շողշողում էր լուսնալույսի տակ, ու աստղերի արտացոլանքը փայլփլում էր լճում։ Տատս հեքիաթ էր պատմում, ամեն օր մի նոր հեքիաթ, ու այդ ամենն այնքան խորհրդավոր էր, երազային ու տպավորիչ։ Հայրս շրթհարմոն էր նվագում, մայրս երգում էր ներշնչանքով ու գեղեցիկ։ Շատ-շատ երգեր ես մորիցս եմ սովորել։ Երեխաներով գնում էինք կալերը՝ սինձ ու ծաղիկ հավաքելու, հիշում եմ մորու թփերը՝ շքեղ, պտղազարդ։ Հիշում եմ տատիս թխած հացի բույրը, հիշում եմ՝ ինչպես էր խնոցի հարում։ Չեմ մոռանում մեր մառանի անզուգական հոտը՝ մեղրի, կաթի, մրգերի խառը բուրմունքը։ Այդ ամենն իմ ներսում է, իմ հոգու ամենանվիրական անկյունում։ Գյուղացիներն ամիսներով մնում էին կալերում, իսկ տնեցիները սայլով ուտելիք էին ուղարկում նրանց համար։ Սայլը մեր դռանն էր կանգնում, ու ես սիրում էի նայել, թե ինչպես է մեկիկ-մեկիկ հավաքվում կալվորի բաժինը։
Մեր ճաշերը զարմանալի բույր ու անուններ ունեին։ Այնքան եմ կարոտում դրանց. տատիս պատրաստած ճմուռը, ձվածեղով իշխանը… Ահա ինչ-որ պատկերներ թրթռոցով արթնանում են սրտիս մեջ. իրիկնադեմին անասունները տուն էին գալիս արոտավայրից, ու արդեն խիղճներս հանգիստ, վերջին գործն ավարտած, ամբողջովին հավաք մեր ընտանիքը պատրաստվում էր իրիկնահացին։ Հաճախ նստում էինք «Միկոյան» նավը ու գնում կղզի, որ աղոթենք եկեղեցում։ Ձկնորսության էինք գնում… Ես կարծում եմ, որ Հայրենիքի զգացողությունը մարդու մեջ գոյանում է հենց մանկության տարիներին, երբ արթնանում են սիրո առաջին թրթիռները ծնողների, հարազատների, շրջապատի մարդկանց, բնության, կենցաղի, այսինքն՝ այն միջավայրի հանդեպ, ուր հասակ է առնում երեխան։ Հայրենասիրությունն սկսվում է ծննդավայրի հանդեպ տածած սիրուց։ Պետք է այնպես դաստիարակել երեխային, որ նա կապվի իր ակունքին, սիրի, հպարտանա իր ծագումով, կարողանա գնահատել ճշմարիտ արժեքները։ Ես հպարտությամբ ու սիրով եմ հիշում ծննդավայրիս հասարակ մարդկանց, մինչ օրս նրանց բարությունը, ազնվությունը, հավատարմությունը, աշխատասիրությունը, տոկունությունը զարմացնում ու առինքնում են։
Հայրս զինվորական էր: Նրա մասին կարելի է երկար պատմել, քանի որ բազմակողմանի զարգացած ու գունեղ կերպար էր։ Լավ նվագում էր, դասական երաժշտություն էր լսում, սիրում էր արվեստը։ Բծախնդիր ու մանրամասն մշակում էր իր այգին, գիտեր յուրաքանչյուր թուփն ու ծաղիկը։ Չափազանց կարգապահ էր, կտրուկ, շիտակ, ճշգրիտ։ Պատասխանատվության մեծ զգացում ուներ։ Ատում էր կեղծիքը, սուտը, անարդարությունը։ Բարեսիրտ էր, մեծահոգի, համարձակ։ Ե՛վ նա, ե՛ւ իր ընկերները միշտ կոկիկ էին, ձիգ եւ զինվորական համազգեստի մեջ շատ տպավորիչ ու ազդեցիկ։ Զորացրվելուց հետո նա քաղաքացիական պաշտպանություն էր դասավանդում բուհերում եւ առաջվա պես միշտ կոկիկ էր, խնամված, կարգապահ ու պատասխանատու։ Այսինքն՝ զինվորական էր իր էությամբ, մտածելակերպով, վարքով ու կենսակերպով։
–Ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց սերը հայ երգի հանդեպ, կարծեմ՝ Դուք պրոֆեսիոնալ դաշնակահարուհի եք, սակայն հայտնի եք որպես երգչուհի։
-Մեր տանը միշտ հնչել է գեղեցիկ երաժշտություն։ Մայրս լեզվի ու գրականության մասնագետ էր, խոսում էր գեղեցիկ, հարուստ, կիրթ հայերենով, երգում էր ժողովրդական, գուսանական երգեր, ռոմանսներ։ Սակայն ես երբեք երգչուհի դառնալու մտադրություն չեմ ունեցել։ Ե՛վ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ե՛ւ պետական կոնսերվատորիայում ուսանել եմ դաշնամուրային բաժնում։ Սակայն դեռեւս ուսանողական տարիներին առիթ էր լինում կատարելու երիտասարդ, դեռեւս ուսանող կոմպոզիտորների՝ իմ ընկերների՝ Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Մելիք Մավիսակալյանի եւ մյուսների երգերը։ Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար, առանց ճիգերի. առաջին ծափերը, ճանաչումը, հանդիսատեսի սերը։ Առնո Բաբաջանյանի պես մեծ կոմպոզիտորը 40 երգ է գրել ինձ համար, եղել եմ դրանց առաջին կատարողը։ Այդ շրջանը երեւելի էր տաղանդավոր արվեստագետների, մասնավորապես՝ երաժիշտների եւ կոմպոզիտորների առատությամբ, ու հենց այդ տարիներին դրվեցին հայ էստրադայի հիմքերը։ Դեռեւս ուսանողուհի՝ ես դարձա հեռուստատեսության ու ռադիոյի մեներգչուհի, ինչը հազվադեպ երեւույթ էր, քանի որ այդ շրջանում շատ դժվար էր հեռուստատեսությունում հայտնվելը։
–Խորհրդային շրջանի հայ արվեստում նկատելի էր սոցիալիստական գաղափարախոսության կնիքը, սակայն, այդուհանդերձ, հայրենասիրական երգն իր ուրույն տեղն ուներ, դրանք կային նաեւ Ձեր երգացանկում եւ հնչում էին Հայաստանում ու արտերկրում։ Ի՞նչ դրսեւորում ունի այդ ժանրն այսօր, եւ ինչքանո՞վ է այն նշանակալի։
-Այո՛, իմ երգացանկում կային բազմաթիվ հաջողված հայրենասիրական երգեր, որոնք ունեին մեծ տարածում, սիրված էին ամենատարբեր խավի ունկնդիրների կողմից։ Հայրենասիրական երգեր էին գրում ժամանակի ամենաերեւելի կոմպոզիտորները, ուստի այդ երգերը շատ բարձրաճաշակ էին, տպավորիչ, հասնում էին ունկնդրի սրտին, արթնացնում ազգային հպարտություն, սեր, նվիրում։ Իմ այցեքարտը դարձավ «Ազգ փառապանծ» հայտնի երգը, որը շրջեց աշխարհով մեկ։ Ոչ պակաս գեղեցիկ էին Երզնկյանի «Հայրենիքը», Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանը», Ռոբերտ Ամիրխանյանի «Մայր Հայաստանը»։ Այս երգերը հաջողված էին նրանով, որ ունեին ասելիք, շատ բովանդակալից տեքստ, հայեցի երաժշտություն։ Ես հիշում եմ, թե ինչպես էին ընդունվում այդ երգերը սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, ինչ հուզմունքով, ջերմությամբ ու կարոտով էին լսում։ Հայրենասիրական երգը մեծ ազգապահպան դեր ունեցավ, արթնացրեց աշխարհով սփռված մեր հայրենակիցների հայրենասիրական թրթիռները, նրանց կապեց հայրենիքին։ Ես կարծում եմ, որ այսօր մենք նման բարձրարվեստ հայրենասիրական երգի պակաս ունենք, երգեր, որ կթափանցեն ունկնդրի հոգու խորքը, կբորբոքեն հայրենասիրության կրակը, ազգային ինքնագիտակցումն ու հպարտությունը։ Նման երգերը մի տեսակ համախմբում են ազգը, դարձնում են միակամ, նույնանպատակ։ Նման երգերը պետք են հատկապես երիտասարդ սերնդին, որը կարիք ունի դաստիարակության ու բարոյական ուղղորդումների։
–Տիկին Մկրտչյան, գարնանամուտ է, իսկ գարունն արարումի, պտղաբերումի, գեղեցկության, ասել է թե՝ կնոջ խորհրդանիշ է։ Ինչպիսի՞ն է հայ կնոջ ավանդական կերպարը Ձեր պատկերացմամբ։
-Հայ կնոջ կերպարը ժամանակի ընթացքում որոշ փոփոխություններ է կրել, սակայն էությունը, միջուկը նույնն է մնացել, ու քանի դար էլ անցնի, ինչ ճանապարհ էլ կտրենք, նույնն է մնալու։ Հայ կինն օջախի հիմքն է, ընտանիքի առանցքը, այն շաղախը, որով հայ ընտանիքի կառույցը մնում է ամուր ու անխորտակ։ Հայ կինը նվիրված մայր է, հոգատար կին։ Հայ կինն է պահում ազգի ոգին, որ ներարկելով սեփական զավակների հոգու ու արյան մեջ՝ փոխանցում է սերնդեսերունդ։ Հայ կնոջ հայրենասիրությունից է սնվում ազգի հայրենասիրությունը, ակունքն այնտեղ է՝ հայ մայրերի սրտում։ Հայ կինն այսօր լավ մասնագետ է ու կարող է ինքնահաստատվել, կայանալ նաեւ իր աշխատանքում՝ մնալով որպես լավ մայր իր երեխաների եւ լավ կին իր ամուսնու համար։ Հայ կինն այսօր զինվորի մայր է, ազատամարտիկի կին, այգեգործ է, ուսուցիչ, արվեստագետ, բժիշկ, նախարար, պատգամավոր, զինվորական… Հայ կինը մեղմ է, քնքուշ, միեւնույն ժամանակ տոկուն, ուժեղ ու հաստատակամ։ Հայ կինը միշտ էլ հայրենիքին կտա այնպիսի զավակներ, ովքեր առիթի դեպքում կխիզախեն, սխրանքներ կգործեն, կհերոսանան ու անառիկ կպահեն հարազատ հայրենիքի սահմանները։ Հուզմունքով եմ նայում զոհվածների մայրերին, ոգու ի՜նչ կորով, ի՜նչ կամք, ի՜նչ տոկունություն ունեն, ինչպե՜ս են սիրում հայրենիքը, ինչպե՜ս են հպարտ ու արժանապատվորեն տանում վիշտը ու հայրենիքի մեծությամբ իմաստավորում իրենց ահռելի կորուստները։
–Ի՞նչ է ազգային բանակը հայ մարդու, կնոջ, արվեստագետի համար։
-Մենք պետք է սովորենք սիրել մեր բանակը, սիրել հոգու խորքում, առանց պաթետիկ ճառերի, այլ իրականում, ոչ թե տոնից տոն, այլ մշտապես, ի սրտե։ Բանակը մեր ուժն է, մեր պատիվը, հպարտությունը, ազգային արժանապատվությունը։ Բանակը մեր դեմքն է։ Անհնար է արժեւորել Հայրենիքն առանց նրա պաշտպաններին սիրելու ու մեծարելու։ Մենք հայրենասեր ժողովուրդ ենք, սակայն, ըստ իս, պատմական իրողությունների բերումով մեր գիտակցության մեջ թույլ է պետության ու պետականության գաղափարը։ Հարյուրամյակների ընթացքում, երբ զրկված ենք եղել պետականությունից, հայրենիքը մեզ համար դարձել է վերացական գաղափար, սիրո, կարոտի նվիրում, խորհրդանիշ, բայց աննյութեղեն, անիրական։ Մենք պիտի սովորենք սիրել մեր պետությունը, այն ատրիբուտները, որ մեր անկախության ու պետականության խորհրդանիշներն են։ Հայրենասիրությունը պիտի դառնա կոնկրետ գործ երկրի ամրապնդման համար։ Պիտի սովորենք մտածել իբրեւ երկրի քաղաքացի՝ հասկանալով, որ պետական շահը բոլորիս շահն է, որ ուժեղ, բարգավաճ պետություն ունենալը բոլորիս է պետք, որ մենք առանձին չենք կարող ուժեղ, բարեկեցիկ, պաշտպանված ու ապահով ապրել, եթե մեր հասարակությունը տարամիտված է, եթե մեր ուժը միասնական չէ եւ միտված չէ մեր համազգային գերխնդրին՝ պետականության ամրապնդմանը։ Միասնությունը պետք է գաղափարից իրականություն դառնա, այլապես մեր ճանապարհը դժվար կլինի ու կորուստներով լի։
–Դուք քանիցս կրկնեցիք երկրի քաղաքացի արտահայտությունը։ Ի՞նչ է բովանդակում այն։
-Առաջին հերթին պատասխանատվությունը համերկրացու ճակատագրի հանդեպ։ Ես տեսել եմ, թե ինչպես են բարձր ամբիոններից քննադատում նրանց, ովքեր այս տարիներին հեռացել են հայրենիքից։ Արտագաղթն ինձ համար էլ է անընդունելի, սակայն քննադատելուց առաջ մեր պարտքն է ամեն մեկս մեր տեղում, մեր ուժերի չափով այնպես անել, որ մեր երկիրը դառնա ավելի բարեկեցիկ, ավելի արդար, ավելի ապահով։
Երկրի քաղաքացու գիտակցությամբ տոգորված մարդը չի կարող արհամարհել սեփական արժեքները ու վարակվել օտարամոլության ախտով։ Նայեք՝ ինչ է կատարվում. մեր բարձրարվեստ հայկական մեղեդին իր կոմիտասյան դասականությամբ, իր հրաշալի կառուցվածքով այսօր հետին պլան է մղվել՝ տեղը զիջելով արաբական, թուրքական ցածրաճաշակ գեղգեղոցներին։ Մենք անընդհատ նմանվում ենք, ամեն ինչում, մեզ թվում է, որ օտարն առավելություն ունի։ Սա աղետ է, քանի որ մեր մշակույթն ամենահներից մեկն է եւ աշխարհին զարմացնում է իր գեղեցկությամբ, ճաշակով։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ սթափվենք, բարձրացնենք մեր գլուխը, հպարտորեն նայենք աշխարհին՝ իբրեւ այցեքարտ պարզելով մեր հարուստ ու շքեղ մշակույթը։
–Ի՞նչ կասեք սահման պահող զինվորին որպես արվեստագետ, կին, մայր։
-Առիթ ունեցել եմ երգել զինվորի համար։ Գիտեք, համազգեստը մարդուն չի կարող զինվոր դարձնել, եթե հոգին զինվորի կորով, հպարտություն, արիություն ու հայրենասիրություն չունի։ Ու պետք չէ միամիտ լինել ու կարծել, թե բանակային երկու տարիները կարող են պատանուն զինվոր դարձնել, եթե նա հոգու խորքում չի զինվորացել իր կյանքի 18 տարիների ընթացքում։ Բանակում նրան կարող են կրակել սովորեցնել, ռազմական գործ, մարտավարություն, բայց զինվորի ոգին մենք բոլորս պիտի ներարկենք մեր զավակների սրտում, ներարկենք ծնված օրվանից։ Ուզում եմ, որ այդ ոգին երբեք չլքի հայ զինվորին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #05 (1427) 16.04.2022 - 19.04.2022, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում