Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ



Աշնանային զորակոչը շարունակվում է։ Զորամասերի համալրումը կատարվում է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային ծառայության զինվորներով։ Երկու ուղղություններով էլ առաջադրանքները հաջողությամբ է կատարում Արմավիրի տարածքային զինկոմիսարիատը։ Հերթական զորակոչի օրը՝ դեկտեմբերի 9-ին, լինելով տեղում, հետեւեցինք գործընթացին, զորակոչի պատասխանատուների հետ քննարկեցինք առկա հիմնախնդիրները, մասնակցեցինք տղաներին հավաքակայան ուղարկելու միջոցառմանը։

Ժամը 9-ից սկսվել էր զինակոչիկների ընդունումը։ Զինվորական կոմիսար գնդապետ Գագիկ Կարապետյանը եւ զորակոչային բաժնի պետ փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը մեկ անգամ եւս ուշադրությամբ ուսումնասիրում են յուրաքանչյուրի փաստաթղթերը, զրուցում հետները եւ համոզվելով, որ խանգարող հանգամանքներ չկան, ու զորակոչիկը պատրաստ է մեկնելու ծառայության, նրան ներկայացնում են բուժհանձնաժողովին։

ԴՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

– Պարոն գնդապետ, բանակ են գնում մեր նորանկախ երկրի ամենածանր տարվա՝ 1993թ. ծնված տղաները, որոնցից շատերն էլ դեռեւս դպրոց են հաճախում։ Նման իրավիճակում որտեղի՞ց է գալիս առաջադրանքը գերակատարելու Ձեր լավատեսությունն ու վճռականությունը։

– Այսօրվա դրությամբ մեր ցուցանիշը դրական է։ Արմավիրը միշտ էլ ամենամեծ թվով զինակոչիկներն է տվել բանակին, այդ համամասնությունը պահպանվում է։ Մենք էլի ամենամեծ հնարավորություն ունեցողների թվում ենք եւ արդեն առաջադրանքի 70 տոկոսը կատարել ենք։

– Սովորաբար ինչի՞ հաշվին է առաջադրանքը գերակատարվում։

– Այսօր զգալի թիվ են կազմում արտերկրից ծառայության նպատակով հայրենիք վերադարձողները։ Կարող եմ ասել, թե վերջերս ովքեր են եկել ու բանակ գնացել։ Մեծամորից Արթուր Ալյոշայի Հարությունյանը, Արման Մհերի Բեկնազարյանը՝ ատամները բուժելուց հետո, Բամբակաշատից Հայկ Հունանի Մեսրոպյանը, Բաղրամյան գյուղից Արման Աղասու Աբրահամյանը, Ջանֆիդա գյուղից Գարրի Ալեքսանի Տոնոյանը, Արաքսից՝ Հովհաննես Արսենի Գասպարյանը, Այգեվանից Կարո Հովհաննեսի Ղազարյանը, Այգեշատից Անդրանիկ Սարգսի Սարգսյանը։ Գերակատարումը տեղի է ունենում նաեւ նրանց հաշվին, ովքեր ժամանակին խուսափել են։ Եթե այդպիսիք ծառայելու ցանկություն են հայտնում, իրավապահ մարմինները գործը կարճում են, եւ զինակոչիկը զորակոչվում է։ Այս զորակոչին մենք այդպես զորակոչել ենք մեծամորցի Սուրեն Անդրանիկի Աբրահամյանին։ Գերակատարման մյուս աղբյուրը հաշվառումից դուրս մնացածների բացահայտումն է։ Տարօրինակ է, բայց եղել են դեպքեր, երբ նորածնին ծխամատյաններում ինչ-ինչ պատճառներով չեն գրանցել, կամ բնակավայրի փոփոխության պատճառով մարդը հաշվառման չի կանգնել։

Բարեբախտաբար, մենք մեզ հետ սերտ համագործակցող ոստիկանների օգնությամբ բոլորի տեղը գիտենք, բոլորին ճանաչում ենք, եւ մեր տարածքում այդ կարգի մարդ չունենք։ Ինձ շատ է օգնում նաեւ այն հանգամանքը, որ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարն եմ,- ասաց գնդապետ Գ. Կարապետյանը։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

– Քիչ չեն այն դեպքերը,- շարունակեց զինկոմը,- երբ տարկետում ունեցող ուսանողները դուրս են գալիս բուհից եւ ուզում են ծառայել։

– Պատճա՞ռը։

– Հիմնական պատճառն այն է, որ ուզում են իրենց հասակակիցների հետ ծառայել։ Լինում են նաեւ այլ պատճառներ։ Ասենք` տղան ուզում է բանակից հետո սովորել, որ թարմ գիտելիքներով աշխատանքի անցնի, կյանք մտնի, կամ էլ ուսումն արտասահմանում շարունակելու մտադրություն ունի եւ ձգտում է զինվորական պարտքը շուտ կատարել։ Խնդրեմ` կարդացեք այս դիմումը՝ Նարեկ Գուրգենի Սանեյանից է, սովորում է Ագրարային համալսարանում, անվճար եւ մինչեւ 2014թ. տարկետման իրավունքով, բայց խնդրում է զորակոչել։ Կամ այս մյուսը` Հակոբ Գեղամի Ղուկասյանից է։ Ծնողներն ամուսնալուծված են, մայրը հաշմանդամ է, եղբայրը՝ անչափահաս, բայց տղան ու մայրը դիմում են գրել, որ Հակոբը զորակոչվի։ Դիմումը չընդունելու, ընթացք չտալու իրավունք չունեմ, մնում է սպասել դատախազության որոշմանը։

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեզ տրված առաջադրանքը 40 մարդով գերակատարել ենք։ Տարածքից պայմանագրային ծառայության մեջ գտնվողները նույնպես շատ են։ Սահմանի պահպանություն կատարող տարբեր զորամասերում ունենք մի քանի վաշտ պայմանագրայիններ։ Միաժամանակ, բազմաթիվ արմավիրցիներ ծառայության են անցել Արարատյան դաշտում եւ հարակից տարածքներում տեղակայված զորամասերում։ Այս զորակոչի ընթացքում էլ տրված առաջադրանքը շատ արագ գերակատարվեց։

ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԸ` ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐ

Ցավոք, ունենք։ Նրանք շատ հետաքրքիր մարտավարություն են կիրառում։ Ժամանակին կատարում են մեր բոլոր պահանջները՝ կցագրվում են, հետազոտվում, անցնում են զորակոչի համար պահանջվող բոլոր փուլերը, ստանում են զորակոչվելու ծանուցագիր, բայց զորակոչի նախորդ օրը նրանցից նամակ ենք ստանում, որում հայտնվում է, որ այլ հավատ են դավանում եւ հրաժարվում են ծառայությունից։ Անցած զորակոչին այդպես ծառայությունից հրաժարվել են Անդրանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը, Արամայիս Վիգենի Առաքելյանը եւ Սերյոժա Արսենի Ստեփանյանը, որոնց գործերը մենք հանձնել ենք դատախազություն։ Այս զորակոչին էլ երկուսն են ի հայտ եկել, տեսնենք մինչեւ զորակոչի ավարտը ինչ կլինի։

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

– Ճիշտ է` այժմ դպրոցներում անցնում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, հեռուստատեսությունն էլ լայնորեն լուսաբանում է ազգային բանակի առօրյան, գործունեությունը, բայց էլի շատերը բանակ են գնում հոգեբանորեն անպատրաստ։ Զինակոչիկը գալիս է զինկոմիսարիատ, հետազոտվում, պարզվում է՝ առողջական որեւէ խնդիր չունի, ինքն էլ չի գանգատվում, բայց վերջին պահին, զորակոչից առաջ, սկսում է գանգատներ ներկայացնել։ Ստուգում ենք` ոչինչ չկա, բայց խնդրում է հետաձգել։ Այս երեւույթը վկայում է, որ զինակոչիկների մի մասը հոգեբանորեն պատրաստ չէ ծառայության։ Նման դեպքերը հիմնականում, ծնողների սխալ դաստիարակության հետևանք են։

ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ

– Մեր ծնողները, որոնք հիմնականում հողի հետ աշխատող գյուղացի մարդիկ են, պատշաճ ձեւով չեն հետաքրքրվում զավակների առողջությամբ,- ասում է գնդապետ Գ.Կարապետյանը։- Երեխան գանգատվում է, ցավեր ունի, հարեւանից մի երկու դեղահաբ են ճարում, խմեցնում, նա էլ աճող օրգանիզմ է, հաղթահարում է ցավը, եւ ամեն ինչ մոռացվում է։ Իսկ ցավի իրական պատճառները բացահայտվում են այստեղ՝ զորակոչի համար իրականացվող բուժհետազոտության ընթացքում։ Այդ տարիքում արդեն բոլորը չէ, որ ուզում են բուժվել եւ գնալ ծառայության։ Կան տղաներ, որոնք 10 տարի չեն վիրահատում ճողվածքը, որը տարածված է գյուղական տարածքներում, որպեսզի բանակ չգնան։ Այդ պատճառով էլ գտնում եմ, որ 14 տարեկանից բոլոր տղաները պետք է պարտադիր ենթարկվեն բուժհետազոտության եւ պարտադիր բուժվեն։ Մի կողմ թողնենք բանակը, զինծառայությունը եւ մտածենք մեր սերնդի մասին։ Այն երիտասարդը, որի բերանում ատամ չկա, որը ճողվածք կամ այլ տեսանելի հիվանդություն, արատ ունի, ինչպե՞ս կարող է աղջկա մոտենալ, ամուսնության մասին մտածել։ Ունենք մեծ թվով զինակոչիկներ, որոնց գործերը բժշկական հանրապետական (գեներալական) հանձնաժողովում են եւ տեղափոխվում են զորակոչից զորակոչ։

Զրուցեցինք նաեւ ավագ բժիշկ Բաղդասար Փոդրաթչյանի հետ։ Նա ասաց, որ հանձնաժողովն ամբողջովին համալրված է։ Բժիշկներն էլ շատ փորձառու են.

– Մեր տարածքին բնորոշ են ոսկրամկանային համակարգի (հենաշարժական ապարատի) խեղվածքները։ Երեխաները փոքրուց զբաղվում են հողագործությամբ, օգնում ծնողներին եւ ծանր աշխատանքի մեջ ձեռք են բերում նման հիվանդություններ։ Հանդիպում են աչքի հիվանդություններ։ Հաճախ են հանդիպում տեսողության միջին աստիճանի խանգարում ունեցողները։ Հաջորդը` մաշկային հիվանդություններն են՝ պիգմենտային խալեր, գունափոփոխ որքին։

– Ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի կողմից բանակից վերադարձեր շա՞տ են լինում։

– Բնականաբար, առողջական խնդիրներ ունեցողները, եթե զորակոչվում են, նշանակվում են ոչ շարային ծառայության։ Եվ եթե, այնուամենայիվ, ծառայությունը ծանր է լինում, եւ թույլ արտահայտված հիվանդությունն էլ սրանում է, զինվորին զորացրում են պահեստազոր։ Այո՛, դեպքեր լինում են։

– Իրավիճակի բարելավման ի՞նչ ուղիներ եք տեսնում։

– Ծնողներն ավելի շատ պետք է զբաղվեն իրենց երեխաներով, մտածեն նրանց ապագայի մասին։ Պատանեկան հասակից պետք է բոլորը հետազոտվեն եւ բուժվեն, պետության ընձեռած հնարավորությունները լիարժեք օգտագործեն։ Շատ հիվանդություններ կարող ենք կանխարգելել, բուժել ժամանակին։ Սիրում ենք ասել, որ առողջությունն ամենամեծ կապիտալն է, պետք է գործենք այդ կապիտալի, մեր ապագայի պահպանման համար։

ՄԵՌՆԵՄ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Ավագ բժիշկ Բաղդասար Փոդրաթչյանը զորակոչային բաժնի պետ փոխգնդապետ Ս. Ղազարյանին առաջարկեց հինգ օրով հետաձգել Բենիամին Բայազետյանի եւ Սամվել Եղիազարյանի զորակոչը։

– Տղաները ջերմություն ունեն, մենք էլ շտապելու պատճառ չունենք։ Իրենք ուզում են այսօր գնալ, բայց ես դեմ եմ, թոքերում խզզոց եմ լսում, թող բուժվեն,- ասաց բժիշկը եւ նշանակեց դեղորայքային բուժում։

Մոտեցանք ճանապարհողներին:

– Անունս Սիլվա է, Երասխավան գյուղից եմ, թոռանս՝ Սարգիս Փանոսյանին եմ ճանապարհում։ Ութ թոռ ունեմ, Սարգիսն առաջինն է, որ բանակ է գնում, մեռնեմ մեր զինվորներին, թող լավ լինեն, բարով ծառայեն, գան հասնեն իրենց ծնողներին։

Այստեղ էին նաեւ զինակոչիկի պապը՝ Արշալույսը, ծնողները՝ Աննան ու Խաչատուրը, մորաքույր Լուսինեն, մեծ եղբայրը՝ Արթուրը, որը ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի ուսանող է։

– Ոնց ճանապարհում ենք, ընենց էլ ընդունենք. թող իրար հետեւից ծառայեն ու վերադառնան,- ասաց տիկին Աննան։

Զրուցեցինք նաեւ զորակոչիկ Ալբերտ Մանուկյանի մոր՝ Նարինեի, մորաքույր Մարգոյի հետ։

– Հայրը մահացած է. միակողմանի ծնողազուրկ է, գիտեմ, որ շատ հեռու չի գնա, կկարողանամ գնալ-տեսնել։ Թող խաղաղություն լինի, թող բոլորն էլ ծառայեն,- ասաց տիկին Նարինեն։

Եկավ մեկնելու պահը։ Գնդապետ Գ. Կարապետյանը զինակոչիկներին պատվիրեց լավ ծառայել, բոլոր հարցերում լսել հրամանատարներին, չմոռանալ, որ իրենց ճանապարհելու եկած այս բոլոր մարդիկ երկու տարի հետո անհամբերությամբ իրենց վերադարձին են սպասելու։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/12/2011