ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Դեկտեմբերի 24-ին մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության եւ ԶԾ անվտանգության ապահոման վարչության 2010թ. ուսումնական տարվա հաշվետվությունը, որին մասնակցում էին վարչության բաժինների պետեր ու մասնագետ սպաներ, զորամիավորումների եւ զորամասերի զորքերի ծառայության կազմակերպման պատասխանատուներ, շտաբների պետեր։
Խորհրդակցությունը ղեկավարում էր ԶԾ եւ ԶԾ ԱԱ վարչության պետ գնդապետ Հայկ Կարապետյանը։ Կատարված աշխատանքի մասին հաշվետվություններով հանդես եկան գնդապետ Ա. Ստեփանյանը, գնդապետ Ա. Մզիկյանը, գնդապետ Ս. Մամունցը, փոխգնդապետ Է. Ղանադյանը, փոխգնդապետ Ս. Օրդյանը։
Գնդապետ Ա. Ստեփանյանը շեշտեց, որ ծառայության ընթացքում առանց իրավիճակի ճիշտ գնահատման հնարավոր չէ ապահովել անձնակազմի անվտանգությունը։ Կան հրամանատարներ, որոնք որոշումներ ընդունելիս հաշվի չեն առնում տեղակալների, ծառայությունների պետերի կարծիքը, իսկ դա մեծացնում է սխալվելու հավանականությունը։
Կան նաեւ հրամանատարներ, որոնք իրենց ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին ստեղծագործաբար աշխատելու, սեփական մտահղացումներն իրականացնելու, ինքնադրսեւորվելու հնարավորություն չեն տալիս, ինչը ճիշտ չէ։
Ելույթ ունեցողը նշեց այն միջոցները, որոնցով հնարավոր է զորքերի ծառայությունը կազմակերպելիս բացառել կամ նվազագույնի հասցնել սխալներ թույլ տալու հավանականությունը։ Գնդապետ Ա. Ստեփանյանն անդրադարձավ նաեւ զորքերի ծառայության եւ անվտանգության կանոնների ուսուցման հարցին, կարեւորեց վերադաս, փորձառու հրամանատարական կազմի աշխատանքը երիտասարդ սպաների հետ։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զորքերի ծառայության կազմակերպման եւ անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացրեց գնդապետ Ա. Մզիկյանը։ Նա ասաց, որ ծառայությունը լավագույնս կազմակերպելու համար ինստիտուտում ստեղծվել է առանձին հանձնաժողով, սահմանվել է «Լավագույն զորանոց» մրցանակը։
Գնդապետ Ս. Մամունցը ներկայացրեց ծառայության աշխատանքները հատկապես առաջնագծի զորամասերում՝ դրանք բավարար չհամարելով։
-Որոշ սպաներ անվտանգության կանոնների թեմայով պարապմունքները թերի են անցկացնում,- ասաց նա։
Ցույց տալով ծառայության ոլորտում առկա դրական տեղաշարժերը՝ գնդապետը խստորեն քննադատեց որոշ զորամասերում խրախուսանքների եւ պատիժների «միօրինակությունը».
Փոխգնդապետներ Է. Ղանդայանը եւ Ս. Օրդյանն անդրադարձան իրենց զորամասերում տարվող աշխատանքներին, ներկայացրին այն նախաձեռնությունները, որոնց շնորհիվ էապես բարելավվել է ծառայության կազմակերպումը, եւ ուսումնական տարվա ընթացքում արտակարգ դեպքեր, պատահարներ տեղի չեն ունեցել։
Ելույթների շուրջ ծավալվեց մտքերի փոխանակում։
***
ԶԾ եւ ԶԾ ԱԱ 2010թ. ուսումնական տարվա հաշվետվությամբ հանդես եկավ վարչության պետ գնդապետ Հայկ Կարապետյանը, անդրադարձավ ստուգումների ընթացքում արձանագրված թերություններին, ուսումնական բազայի կատարելագործման, ձայնաազդանշանային համակարգերի, մանրակերտերի տեղադրման, ուսումնական գործընթացում տեսաֆիլմերի արտադրման խնդիրներին։ Նշեց, թե որ զորամասերն են արդյունավետ աշխատել, եւ որոնք՝ թերացել։ Թեեւ լրամշակվել եւ զորքեր է առաքվել «Զորամասերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգը», բայցեւայնպես որոշ տեղերում այն չի ուսումնասիրվել։
Ամփոփելով զորամիավորումներում եւ զորամասերում զորքերի ծառայության գծով տարված աշխատանքները՝ գնդապետ Հ. Կարապետյանը նշեց, որ լավագույն արդյունք է ցույց տվել առաջին զորամիավորումը։
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ