ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՆՏՈՆՅԱՆԸ
Դասակի հրամանատար, լեյտենանտ Դավիթ Անտոնյանի մասին իմացա 44-օրյա պատերազմում ուս ուսի նրա հետ կռված հրամանատարից: Իմացա, որ իրենց զորամասի առաջին զինծառայողն է եղել, որ կամավոր մեկնել է առաջնագիծ և չնայած երիտասարդ տարիքին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր ավարտած, զորքեր մեկնած սպան իրեն դրսևորել է որպես իսկական մարտական հրամանատար: Բուն ծառայողական փորձը, կարելի է ասել, հենց կռվով, պատերազմով է ձեռք բերվել:
Մինչև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելը Դավիթը երաժիշտ է եղել. դուդուկ, կլարնետ է նվագել: Բայց դեռ մանկուց սիրում էր զինվորական գործը ու ի վերջո որոշեց՝ այս ուղիով է գնալու: 2016 թ. ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարան: 2020 թ.-ին ավարտեց ու ծառայության անցավ ՀՀ սահմանապահ զորամասերից մեկում: Միայն մի հերթափոխ էր հասցրել իրականացնել, երբ սկսվեց պատերազմը:
-Այդ օրը ես հերթապահի օգնականն էի,- պատմում է Դավիթը,- գիշերով հեռախոսազանգ եկավ, իմացանք, որ հակառակորդը հարձակման է պատրաստվում, բայց ո՞ր ուղղության վրա՝ չգիտեինք: Մինչև հոկտեմբերի 10-ը դիրքերում էի. այդ ընթացքում ռազմական համալսարանի մեր կուրսից տղաների զոհվելու լուրն առա: Երբ զորամասում նստած լսում էի՝ մի օր այս տղան զոհվեց, հաջորդ օրը՝ մյուսը, այնպիսի զգացողություն էր, որ ձրիակերի պես նստած եմ զորամասում, երբ ընկերներս զոհվում են… Առաջնագիծ մեկնելու առաջարկին անմիջապես համաձայնեցի: Խնդրեցի, որ, եթե հնարավոր է, ինձ Մատաղիս կամ Ջրականի ուղղություններից մեկն ուղարկեն: Հավաքակայանում ինձ ներկայացրին Մոբ-ից հավաքագրված իմ դասակի անձնակազմը, որոնց հետ մեկնելու էի Ջրական: Մինչև այդ պայմանագրայինների հետ էի ծառայել, շատ հեշտ էր նրանց հետ: Անսովոր էր Մոբ-ի հետ, բայց շատ շուտով պատերազմն ամեն ինչ հստակեցրեց: Դասակումս կային տղաներ, որ դեռ լավ չէին գիտակցում՝ ուր են եկել: Հենց սկզբից, երբ ավտոբուսներով ճանապարհվում էինք, իմ դասակի հետ սկսեցի խոսել, բացատրել, թե ականապատ դաշտում ինչպես պետք է կողմնորոշվել և շատ ուրիշ կարևոր բաներ:
Ավտոբուսներից իջել էին խրամատներից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա, ոտքով ճանապարհվել դեպի իրենց դիրքերը: Հասնելով տեսել, որ այնտեղ մեր զոհված տղաներն են:
-Տեսարանը ծանր տպավորություն թողեց մեզ վրա: Ինձ համար էլ, անկեղծ ասած, առաջին պահին շատ ծանր էր. պատրաստ չէի նման բանի: Քիչ անց մեր հրամանատարը՝ Արայիկ Թովմասյանն իր խմբով եկավ: Մտածեցինք՝ ինչը ինչպես պիտի անենք: Զրուցեցինք անձնակազմիս հետ ու անցանք գործի: Հրահանգեցի այդ գիշեր աղվեսափոսեր փորել: Սկզբում տղաներից ոմանք պարզապես չէին հասկանում, թե ինչ կարևոր է դա: Երբ հենց հաջորդ առավոտ ռմբահարեցին մեր դիրքերը, նույն տղաները մոտեցան, ձեռքս սեղմեցին. «Ապրե՛ս, որ համոզեցիր այս գործն անել. հիմա ողջ չէինք լինի …»:
5-6 օր ամեն օր դիրքերը հրետակոծվում էին, ինքնաթիռ էր թռչում, պաշտպանական գիծը ռմբահարվում էր: Մի օր մեր հետախուզությունից մի խումբ եկավ: Ասացին. «Մեր թիկունքը պահե՛ք, գնալու ենք առաջ»: Մի ժամվա մեջ երկու կարևոր նշանակության բարձունք գրավեցին, հետ եկան: Ասատրյան Վահագնի ջոկատի տղաներն էին: Այդ ուղղությունից մեզ շատ էին նեղում: Վերջին հարձակումն էլ այդ ուղղությունից եղավ…
Մի օր մի ինքնաթիռ է թռչում մեր դիրքերի վրայով, ռմբակոծում: Դավիթը սկսում է խրամատներով շրջել. «Իգլա» էր փնտրում, որ խփի ինքնաթիռը: Խրամատներից մեկում գտել էր, տղաներից մեկի հետ բարձրացել էր խրամատից ու տեսել, որ ադրբեջանցիները առաջ են գալիս:
-Անմիջապես տեղեկացրի հրամանատարին, ու նա մեր հրետանուն այդ բլրի, որի վրա թշնամու կուտակումն էր, կոորդինատը տվեց: Չորս համազարկով խփեցին ուղիղ բլրի գագաթին, ու մրջյունների պես ցած թափվեց հակառակորդի զորքը: Շատ ուժեղ էր աշխատում մեր հրետանին: Ինչ կոորդինատ տալիս էինք, տեղում ոչնչացնում էր: Մերձամարտ սկսվեց: Աջ թևից այդ օրը մենք միայն մի զոհ ենք տվել: Իհարկե, մեր մի ընկերոջ կորուստն էլ մեզ համար ծանր էր. մարտական ընկեր էինք կորցրել: Այդ օրը, միայն իմ ուղղությամբ, հակառակորդը 70-80 դիակ թողեց: …Կռիվն ավարտվել էր. մենք տոնում էինք մեր հաղթանակը, պլանավորում էինք ավելի առաջ գնալ, երբ անսպասելի նահանջի հրաման ստացանք: Չէինք հասկանում՝ ինչո՞ւ պետք է հետ քաշվենք: Պարզվեց, որ այդ օրը թշնամուն հաջողվել էր մեզանից աջ՝ Արաքսի ուղղությունից ճեղքում իրականացնել: Եթե այդտեղ մնայինք, փակելու էին Իշխանաձոր տանող միակ ճանապարհը, և մոտ 2-3 ժամ հետո շրջափակման մեջ էինք ընկնելու:
Հոկտեմբերի 16-ն էր: Այդ օրը ամբողջ ճակատով հարձակում էր եղել: Զորքը դուրս էին բերել վերջին պահին՝ մթության քողի տակ:
-Ամենադժվարը 150 հոգու աննկատ դուրս բերելն էր, հընթացս համոզելը, որ պետք է նահանջել: Քանի որ մենք հաղթել էինք այդ թևում, ուստի ոչ ոք չէր պատկերացնում, որ հնարավոր է, որ մենք հայտնվենք շրջապատման օղակում: Երբ մեր զորքին ուղարկեցինք, ես ու Անդրանիկ Մայիլյանը՝ մեր մյուս սպան, հետ եկանք. մեր հրամանատարին պետք էր դուրս բերել դիրքերից: Նա վիրավոր ոտքի պատճառով հրաժարվել էր մեզ հետ գալ: Մնացել էր ապահովելու մեր զորքի նահանջը:
Երեք օր ու գիշեր Դավիթն ու Անդրանիկը, իրար օգնելով, հրամանատարին դուրս էին բերել վտանգավոր գոտուց:
-Մանրուք է, բայց տպավորվել է,- պատմում է Դավիթը: Տարածքին ծանոթ չէինք, չգիտեինք՝ որտեղ ենք: Անընդհատ մեկս մյուսին հարցնում էր. «Ինչքա՞ն մնաց»: «Բան չմնաց. հինգ կմ-ից կհասնենք Իշխանաձոր»: 5 կմ քայլելուց հետո հասկացանք, որ դեռ 20 կմ էլ կա քայլելու: Այդքան քայլելուց հետո մի էդքան էլ քայլեցինք ու հասանք Կոռնիձոր:
Վերադառնալով իր զորամասը, լեյտենանտ Անտոնյանը նույն օրն էլ զորամասի կազմով կրկին վերադարձել էր Արցախ: Ճանապարհին մի դեպք էր եղել, որը հերթական անգամ նրան ստիպել էր մտածել նախախնամության մասին: Նա տասը հոգանոց խմբով շարասյան վերջում՝ «Ուրալի» մեջ էր:
-Մալիշկա գյուղի մոտակայքում էր,- վերհիշում է Դավիթը,- անցնում էինք կիրճի եզրով, երբ մեր «Ուրալը» շուռ եկավ, և մենք ընկանք ձորը: Բարեբախտաբար, ընկանք… Հիմա կասեմ՝ ինչու բարեբախտաբար: Հետո, երբ տեսա, թե ինչ խորը ձոր էր, զարմացա, թե ո՞նց բոլորս ողջ մնացինք, ոչ մեկս լուրջ վնասվածք չստացավ: Մեր մեքենան շարքից դուրս էր եկել: Մեզ ասացին, որ չեն կարող մեզ սպասել: Ասացին՝ տանենք, տեղ հասցնենք շարասյունը, ձեր ետևից մեքենա կուղարկենք: Ավելի ուշ իմացանք, որ մեր շարասյանը Կովսականում «Սմերչով» հարվածել էին. զոհեր, վիրավորներ… Պատրաստվում էինք էլի Ջրականի ուղղությամբ գնալ, բայց այդ ժամանակ արդեն Ջրականն ամբողջությամբ թշնամու վերահսկողության տակ էր անցել: Մարտերն Իշխանաձորում էին ընթանում: Մի քանի օր Գորիսում էինք, մինչև մեր զորամասը համալրվեց, ու տեղակայվեցինք Բերձորում: Այդտեղ արդեն ոչ մի զոհ չենք ունեցել. միայն մի քանի վիրավոր: Թշնամու հետևակ չի եկել մեր թևի ուղղությամբ, միայն անօդաչուները, ինքնաթիռներն ու հրետանին էին աշխատում: Մեզնից ձախ՝ Դժոխքի ձոր կոչված վայրում, շատ ուժեղ կռիվներ էինք վարում: Այնքան մեծ էին թշնամու կորուստներն այդտեղ, որ մեզ թվում էր, թե ամեն ինչ լավ է ընթանում: Դեռ չգիտեինք, որ Հադրութն ենք կորցրել, Մարտունու մի մասը շրջափակման վտանգի տակ էր… Այդտեղ մենք հաղթում էինք: Եղել է, որ թշնամու շարասյունը մոտեցել է, և մենք հրետանիով իսկական ջարդ ենք արել: Դժոխքի ձորը թշնամու տեխնիկայի գերեզմանատուն դարձավ: Թշնամին սարսափելի կորուստներ է կրել՝ թե՛ տեխնիկայի և թե՛ մարդկային: Բերձորում մեր ՀՕՊ-ը ինքնաթիռ խփեց:
…Հիշում եմ, քնած էի, մերոնցից մեկն եկավ, արթնացրեց, թե՝ «Վե՛ր կաց, զինադադար է…»: Դրանից հետո դեռ մինչև նոյեմբերի 30-ը այնտեղ էինք:
Այժմ դասակի հրամանատար, լեյտենանտ Դավիթ Անտոնյանը ծառայում է ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: Պատերազմում ստացած իր փորձն է փոխանցում զինվորներին: Այլ կերպ ու այլ տեղում չի պատկերացնում իրեն. պատերազմը, դժվարությունները նրան է՛լ ավելի են կապել զինծառայությանը, վստահեցրել, որ ճիշտ էր իր ընտրած ուղին:
Շատ վտանգավոր իրավիճակներում եմ եղել: Մի անգամ դաշտում պառկած էի, երբ արկը անցավ իմ վրայով և պայթեց ինձ շատ մոտ: Եթե կանգնած լինեի այդ պահին, ողջ չէի մնա: Շատ է եղել, որ դիպուկահարը կրակել է, ու փամփուշտը ինձնից անցել է սանտիմետրերով շեղ: Արցախ մեկնելիս ինքս ինձ ասացի. «Աստծո հետ գնալու եմ ու Նրա հետ էլ ետ եմ գալու»: Մտածում էի՝ եթե անգամ ինձ ինչ-որ վատ բան լինի, ուրեմն այդպես էր պետք: Վստահ էի՝ Աստված կշարունակեր հոգալ իմ ընտանիքի մասին: Ու իմ այդ հավատը ինձ շատ մեծ ուժ էր տալիս: Այնքան անսպասելի բաներ եղան… ու հիմա, երբ մտածում եմ, հասկանում եմ, որ դրանք պատահականություն չէին. ամեն ինչ օրինաչափ է: Եթե ապրում ես այս աշխարհում, ուրեմն ինչ-որ առաքելություն ունես: Երբեք չեմ զղջացել ու չեմ զղջա մասնագիտությանս ընտրության համար: Չեմ զղջացել, որ անցել եմ այս պատերազմով: Մտածել անգամ չեմ ուզում այլ աշխատանքի մասին: Սա՛ է իմը. ուրիշ տեղ չեմ հարմարվի: Այս գործն եմ ընտրել ու սիրում եմ գործս ու Հայրենիքս, որը պաշտպանում եմ: Իհարկե, Աստված չանի, բայց եթե էլի կռիվ լինի, գնալու եմ, էլի ինչ կարող եմ, անելու եմ: Սա էլ ի՛մ առաքելությունն է:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում