Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ



ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸՍպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ Մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կայացավ Պատանի երկրապահների երդման արարողությունը, որին ներկա էին ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներ, պետական ու զինվորական այրեր, զոհված հերոսների ծնողները, հարազատները, ՀՀ ԵԿՄ մարզերի ներկայացուցիչ երկրապահներ, հոգևորականներ․․․ Արարողության հանդիսավոր մասն սկսվեց դրոշակակիրների մուտքով, որոնք հրապարակ բերեցին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Երկրապահ կամավորականների միության դրոշները և Երկրապահի բարեխոս և հովանավոր Սուրբ Ղևոնդ Երեցի սրբապատկերը։ Հնչեցին ՀՀ, ԱՀ և ԵԿՄ օրհներգները, հայտարարվեց լռության րոպե։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից օրհնեց արարողությունը, շնորհավորեց պատանի երկրապահներին երդման առթիվ՝ ասելով․ «Օրը խորհրդանշական է․ միասին նշելու ենք Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը և ըստ այդմ վերարժևորելու մեր անցած ճանապարհը և վերաիմաստավորելու մեր ներկան՝ ներշնչվելով Սպարապետի գաղափարներով։ Օրը գեղեցիկ է հատկապես, որ պատանի երկրապահները երդվում են, սա լավագույն մխիթարանքն է Սպարապետի հոգու համար։ Քանի որ դուք, սիրելի´ պատանի երկրապահներ, ձեր երդումով հաստատեցիք՝ լինելու եք Սպարապետի գաղափարների կրողը»։ Այնուհետև Տեր Մովսեսը ներկաներին հրավիրեց աղոթքի, որ Երկրապահի բարեխոս և հովանավոր Սուրբ Ղևոնդ Երեցի օրհնությամբ ու բարեխոսությամբ Աստված հաջողություն բերի։ Հետո ելույթ ունեցան պատանի երկրապահներ Մանե Բաղդասարյանը և Էդուարդ Սարգսյանը, վստահեցնելով՝ շարունակելու են հերոսների գործը։ ԵԿՄ վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով պատանի երկրապահներին երդման արարողության առթիվ, մասնավորապես ասաց. «Սուրբ վայրում երդումը, որ դուք տվեցիք, շատ հիշարժան օրվա հետ է կապված։ Մեր Հայրենիքը այստեղ շատ մեծ է, որովհետև ներքևում տղերքի մարմիններն են, վերևում մեզ հսկում ու օժանդակում են նույն հերոսների, նաև Վազգենի հոգիները,- ասաց Սպարապետի եղբայրը: Նա պատանի երկրապահներին մաղթեց նոր մտածելակերպ հանուն հայրենիքի հզորացման՝ այս հարցում կարևոր համարելով կրթությունը, ձգտումը, գիտությունը։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Սիրելի´ հերոսածին մայրեր, մեր խոնարհումը ձեզ՝ այն ծնողներին, որոնց զավակները նահատակվեցին Արցախյան բոլոր մարտերում, ՀՀ սահմանները պաշտպանելիս»։ Ներկայացնելով Սպարապետին՝ նա կարեւորեց Վազգեն Սարգսյանի մեծ դերը հայոց պետականաշինության և բանակաշինության գործում։ Նա կոչ արեց ամբողջ հայությանը համախմբվել և դուրս գալ օրհասական ու վտանգավոր վիճակից, հատկապես այսօր, երբ չգիտես՝ ինչ է կատարվում աշխարհում։ Խոսելով անցած դարի վերջում մեր հաղթանակների մասին՝ Ս. Միքայելյանը կարևորեց Սպարապետի դերը, որը կարողացավ համախմբել տարբեր կուսակցական ու այլ ջոկատներ և ստեղծել բանակ։

Այնուհետև պատանի երկրապահները շարային քայլքով անցան «Եռաբլուրում», եւ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետի շիրիմին…

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նաև առիթ էր, որ հանդիպեին Արցախյան ազատամարտի՝ միմյանց թիկունք դարձած երկրապահները՝ արդեն ծերացած ու շատերը հաշմանդամ, սակայն բոլորն էլ պատրաստ պաշտպանելու Հայրենիքը…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/03/2022