ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁՆԻՑ
Ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանն այս տարի կդառնար 30 տարեկան: Նա ծնվել է 1992 թ. փետրվարի 21-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Ծննդավայրի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ուսումնառության ժամանակ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական դաշույնով: Բուհն ավարտել է 2014 թվականին և ծառայության է նշանակվել սահմանամերձ զորամասերից մեկում: Մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին: Զոհվել է արկի բեկորի հարվածից՝ փրկելով իր զինվորի կյանքը։ Տիգրան Պողոսյանը հետմահու ՀՀ եւ Արցախի նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալներով:
2017 թ. ապրիլին Հոռոմ գյուղում տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Տիգրանի և բոլոր զոհված հերոսների: Ապա Հոռոմի դպրոցի բակում Տիգրան Պողոսյանի հիշատակին բացվել է ապրիլյան պատերազմի հերոսների անվանական ծառուղի:
Ահա այսպիսին է Տիգրանը մոր՝ Սիլվա Մանասյանի հիշողություններում. «Հավասարակշռված, պատասխանատվության զգացումով, պարզ ու մաքուր տղա էր Տիգրանս։ Սիրտս ցավում է, որ նա չհասցրեց դառնալ ամուսին ու հայր, այդքան գեղեցիկ էությունը շարունակություն չունեցավ…։ Մեծ երազանքներ ուներ, հավատով էր լցված ապագայի հանդեպ: Կենսասեր էր, պայծառ, տոկուն, երգում էր, բռնցքամարտով էր զբաղվում:
2010 թ. ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2014 թ. ավարտեց և ծառայության նշանակվեց սահմանամերձ զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ Գրքեր շատ էր կարդում և իր զինվորներին էլ հորդորում էր կարդալ: Ամեն արձակուրդ գալիս հետը գրքեր ու քաղցրավենիք էր տանում։ Սիրեց Արցախը և իր աշխատանքը, փոխադարձաբար սիրվեց։ Եվ այդ սիրո մեջ էր ամրանում նրա զինվորների անկոտրում ոգին, այդ սերն էր նրանց հերոսության մղում;
…2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Տիգրանիս և իր զինվորների վերահսկողության տակ գտնվող դիրքը մնաց անառիկ: Տղաները հաղթեցին՝ մարտական խնդիրը փայլուն կատարելով, հակառակորդին պատճառելով մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ: Տիգրանս վիրավորվեց թևից, բայց զինվորներին մենակ չթողեց, մնաց ճակատում: Զինվորները պատմում են, որ Տիգրանը միշտ ասում էր՝ Հայրենիքն սկսվում է մեզանից՝ յուրաքանչյուրիցս: Մենք ենք պատասխանատուն մեր երկրի համար, պետք է սիրենք մեր երկիրն ու մեր բանակը, հզորացնենք, մեր թշնամուն պարտադրենք հարգել մեզ։ Հպարտանում էր բանակով, ասում էր՝ մեր բանակը հզոր է, զինվորի ոգին՝ բարձր։
Բոլորս պետք է Տիգրանից ու նրա նման հերոսներից սովորենք, թե ինչպես պետք է սիրել Հայրենիքը, պետությունը, հողն ու ջուրը: Տիգրանիս շունչն Արցախում եմ զգում. նա սահմանին է, հաճախակի այցելում եմ իր դիրք, որ զգամ տղայիս ներկայությունը ու հավատամ, որ հերոսների թափած թանկ արյունը զուր չի կորչելու, որ նրանց երազանքները իրականանալու են, ու մենք կառուցելու ենք նրանց երազած Հայաստանը:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻԼՎԱ ՄԱՆԱՍՅԱՆԻ անձնական արխիվից
Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Ճակատագրեր, Նորություններ