Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆՎՈՐ ԷԻ



ԵՍ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆՎՈՐ ԷԻԵղիշե Չարենցի ծննդյան տարեդարձի կապակցությամբ վերահրապարակում ենք ՌԵԳԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ զրույցը, որտեղ նկարչուհին հիշում է նաև իր և Չարենցի մտերմության, բանաստեղծի ձեռագրերը պահպանելու սրտառուչ պատմությունը:

 

Տիկի՛ն Ղազարյան, Ձեր արվեստը քաջածանոթ է հայ մարդուն, սակայն թերեւս քչերին է հայտնի, որ Դուք սերում եք ազնվական տոհմից ու հարուստ կենսագրություն ունեք:

-Ես բնիկ երեւանցի եմ, տոհմիկ Խորասանյանների ընտանիքում եմ ծնվել: Տատս սերել է Մամիկոնյաններից: Հայրս եւ մայրս ժամանակի երեւելի գիտնականներից էին, մեկը՝ բժշկական, մյուսը՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, երկուսն էլ ուսանել էին Գերմանիայում: Ես վաղ եմ զրկվել ծնողներից: Հայրս մահացել է իմ ծնվելուց չորս օր առաջ, մորս կորցրել եմ երեք տարեկանում: Նա հերթական վիրահատության ժամանակ իր հիվանդից բծավոր տիֆով է վարակվում եւ մահանում կարճ ժամանակ անց: Ես դառնում եմ կռվախնձոր հարազատներիս համար, քանի որ ստացել էի բավական հարուստ ժառանգություն: Ի վերջո, ինձ հանձնում են մորաքրոջս խնամքին: Տասնհինգ տարեկանում պարզում եմ, որ իմ ժառանգությունից այլեւս ոչինչ չի մնացել: Ահա այդ ժամանակ էր, որ ես հանդիպեցի Չարենցին: Այդ հանդիպումը շրջադարձային եղավ իմ կյանքում:

Հայտնի է, որ Դուք փրկել եք չարենցյան ձեռագրերի զգալի մասը:

-Չարենցն իմ կուռքն էր, իմ պաշտամունքը: Մի պայծառ աստղ, որ ուղեկցել է ինձ ողջ կյանքում, գունազարդել իմ արվեստը: Ես 15 տարեկան էի, երբ Չարենցն ինձ ասաց` իմ փոքրիկ բարեկամը պիտի լինես, ու ինքն էլ դարձավ իմ ամենամոտ բարեկամը: Երբ Չարենցը բանտում էր, ես կնոջ` Իզաբելլայի հետ այցելում էի նրան: Մի անգամ Իզաբելլան բանտից բերում է Չարենցի սպիտակեղենը լվանալու եւ թրջելուց հետո շապիկի վրա նկատում է քիմիական մատիտով գրված բառեր, կարողանում է կարդալ միայն իմ անունը: Անմիջապես կանչում է ինձ, եւ ես վերծանում եմ ռուսերեն գրությունը, «Իզաբելլա՛, պահպանի՛ր երեխաներին, փրկի՛ր իմ ձեռագրերը, այս հարցով դիմիր միայն Ռեգինային, վստահի՛ր նրան: Եվ մորֆի բեր»: Ես հասկացա, թե ինչ պետք է անեմ: Սարսափը մեծ էր, բայց ավելի զորեղ էր չարենցյան մասունքները փրկելու ցանկությունը: Ես մի մեծ ճամպրուկի մեջ տեղավորեցի Չարենցի թղթապանակները, տետրերը, մոտ քսան փաթեթ: Երեք թղթապանակ քողարկեցի անպաճույճ սպասքապահարանի խորքերում: Այդ պահարանը այժմ Չարենցի տուն-թանգարանում է: Երբ ճամպրուկը ձեռքիս ճամփա ընկա, սարսափս գնալով մեծացավ: Սառը քրտինքը պատել էր ինձ, դողում էի ամեն ոտնաձայնից: Դժնդակ ժամանակներ էին: Ի վերջո, ձեռագրերը հասցրեցի Ադամյան 7 հասցեում բնակվող իմ ազգականի տուն, որտեղ կեսգիշերին փոս փորեցինք ու մի հին գինու տակառում քողարկած չարենցյան ձեռագրերը` մոտ 15.000 տող, հանձնեցինք հողին: Ես չէի կարծում, թե մղձավանջը կտեւի 17 տարի: 54 թավականին Անաստաս Միկոյանը եկավ Երեւան, օպերային թատրոնում ելույթի ժամանակ հայտարարեց, որ կրկին պետք է Չարենց հրատարակվի, ջերմ խոսքեր ասաց բանաստեղծի մասին: Ժողովուրդը ցնծում էր: Նույն գիշեր ես գնացի այն տունը, որտեղ թաղված էին Չարենցի ձեռագրերը: Տունը նոր տեր ուներ, նա վերանորոգել էր բնակարանը եւ զարմացավ, լսելով, որ ցանկանում եմ քանդել հատակը: Ես խոստացա վճարել վնասը եւ հողի տակից իմ սեփական ձեռքերով հանեցի չարենցյան մասունքները: Ձեռագրերի 80 տոկոսը, բարեբախտաբար, ընթեռնելի էր:

ԵՍ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆՎՈՐ ԷԻ-Նկարչական ո՞ր դպրոցին է պատկանում Ձեր արվեստը, եւ ո՞ր ժանրի մեջ եք լիովին ինքնաարտահայտվում:

-Ես նեոռեալիստական դպրոցի հետեւորդ եմ, ավելի շատ սիրում եմ դիմանկարներ անել, բացահայտել մարդուն իր տարբեր վիճակներով, հուզաշխարհի ելեւէջներով: Այդ թեման անսպառ է, անսպառ են մարդկային ապրումների նրբերանգները: Արվեստն ու արվեստագետը մեծ առավելություն ունեն: Արվեստը ազգի հեգեւոր առաջընթացի կարեւորագույն խթանն է, արվեստը կրթում է մարդու հոգին, հույզերը, գեղեցիկ ապրումներ ու բարություն է ներշնչում: Արվեստի մթնոլորտում գոյացող հասարակությունը ապրում է բարձր իդեալներով, բարձրանում է անձնապաստանությունից, մանր կրքերից, նյութապաշտությունից: Ես դեմ եմ արվեստն արվեստի համար բանաձեւին, դեմ եմ ներփակ, ներհայաց արվեստագետի կեցվածքին: Արվեստը պետք է լինի գաղափարամետ, արվեստագետը` ակտիվ, քաղաքացիական հստակ դիրքորոշումներով ու վարքագծով: Արվեստագետը իր ակտիվությամբ ու դերով պիտի կարեւորի իրեն ցանկացած ժամանակաշրջանում ու ալեբախումների ժամանակ, պիտի լինի դեպքերի կիզակետում, արձագանքի:

Դուք տեսնո՞ւմ եք այսօր Ձեր բնութագրած արվեստական մթնոլորտը եւ քաղաքացի արվեստագետին:

-Մենք ապրում ենք դժվարին ու բարդ ժամանակաշրջան. սոցիալական պրոբլեմներ, արժեզրկված չափանիշներ: Հուսալքվելու պատճառները բազմաթիվ են, սակայն մենք չպետք է մոռանանք նաեւ մեր ձեռքբերումները, հաղթանակները: Անկախությունը յուրաքանչյուր ազգի ամենանվիրական երազանքն է, յուրաքանչյուր արվեստագետի բաղձանքը: Իհարկե, ազատությունը առաջին հերթին հոգու հատկանիշ է, սակայն մեծ է նաեւ արտաքին ազդեցությունների դերը, 37-ի մղձավանջով անցած մարդը միայն խորապես կհասկանա ազատ ստեղծագործելու գինը, ներքին գրաքննիչից ազատվելու բավականությունը: Գիտե՞ք որն է արվեստագետի երջանկությունը, ազատ ստեղծագործելու հրճվանքը: Ինչպե՞ս կարող է հայ մարդը չգնահատել անկախությունը, չփառաբանել Արցախյան պատերազմի հաղթանակը, չհպարտանալ իր հերոս, քաջարի զավակներով, չհրճվել ազատագրված Ղարաբաղով: Վերջապես կազմավորված, կայացած ազգային բանակը, որը մեր ժողովրդի ամենանշանակալի նվաճումներից մեկն է: Ինչպես չոգեշնչվել այն զինվոր տղաներով, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են սեփական ժողովրդին օտարի ոտնձգություններից: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դժվարությունները աննպատակ չեն, հասկանանք գտածի արժեքը: Ինչ վերաբերում է արվեստին ու արվեստագետներին, տեղատվությունները ժամանակավոր են, տագնապելու կարիք չկա, մեր ազգը դեռ կունենա իր հանճարները: Համբերել է պետք:

Ի՞նչն է Ձեզ հուզում այսօր ավելի շատ, եւ ի՞նչն է ոգեշնչում:

-Ես երազում եմ այն օրը, երբ մենք կազատվենք արտերկրի հումանիտար օգնությունն ընդունելու տառապանքից: Մենք հպարտ, արժանապատիվ ժողովուրդ ենք, մենք հյուրասեր ենք, շռայլ, կարեկից: Մեզ հարիր չէ ձեռքը պարզած ուրիշից ողորմություն խնդրելու սովորությունը: Սա զուտ սոցիալական խնդիր չէ, խաթարվում է ժողովրդի հոգեբանությունը, ազգը դավաճանում է իր տեսակին, կորցնում է վարկը, բարի համբավը, վեհությունը: Մենք պիտի շտկենք մեր մեջքը, աշխատենք մեծ ու փոքրով, տքնաջան ու ինքներս ստեղծենք մեր հացը: Ամենահարուստ հայն անգամ նվաստացած է ու ոտնահարված, եթե իր հայրենակիցը, իր ազգը հումանիտար օգնությամբ է գոյատեւում, մեզ երբեք չպետք է լքի ազգային նախանձախնդրությունը: Ինձ ոգեշնչում է այսօրվա երիտասարդությունը: Ես համամիտ չեմ այն քննադատության հետ, որ հնչում է երիտասարդ սերնդի հասցեին: Մեծանում է հրաշալի սերունդ, ազատ, մտածող, զգացմունքային, գաղափարական ու հայրենասեր: Այս սերունդը ազատվել է ստերեոտիպներից, չունի նախապաշարումներ, գնահատում է ինքն իրեն, չնայած դժվարին ժամանակներին, ապրում է արժանապատիվ կյանքով: Ոչինչ, որ շատերն են զբաղված առեւտրով, որ հացի խնդիրը ստիպում է հաճախ ընտրել ոչ թե սիրելի, այլ եկամտաբեր աշխատանք: Ժամանակը կշտկի կողմնորոշումներն ու առաջնությունները: Կարեւորն այն է, որ այս սերունդը հաղթանակած ժողովրդի հոգեւոր ժառանգորդն է, իր ակունքն ու արմատը վերագտած, ուժեղ ու հպարտ:

Տիկի՛ն Ղազարյան, հայտնի է, որ Դուք Հայրենական պատերազմի տարիներին զորակոչվել եք բանակ: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ տարիներից:

-Երբ ես գնացի Մոսկվա ուսանելու, պարզվեց, որ պետք է ներկայացնեմ մի քանի տարվա բանվորական աշխատանքի ստաժ, պետք է կոմերիտական լինեմ եւ այլն: Մորաքրոջս տղան, որի տանը հյուրընկալվել էի, ծանոթ ուներ օդաչուական ուսումնարանում: Որպեսզի տարի չկորցնեմ, ընդունվեցի օդաչուական ուսումնարան, հետագայում գեղարվեստի ուսումնարան տեղափոխվելու մտադրությամբ: Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ինձ դուր եկավ նոր մասնագիտությունս, տարվեցի օդաչուական ռոմանտիկայով ու ավարտեցի ուսումնարանը: Երբ սկսվեց Մեծ հայրենականը, որպես մասնագետի ինձ զորակոչեցին բանակ, ես զինվորի համազգեստ հագա ու սկսեցի ծառայել աերոփակոցային 5-րդ գնդում, Կասպից ծովի ափին:

Դուք օդաչո՞ւ էիք:

-Մենք պաշտպանում էինք Սովետ Միության նավթային օբյեկտները: Գործում էինք գիշերները, հատուկ լարեր էինք տեղադրում, որպեսզի հակառակորդի ինքնաթիռները դիպչելով դրանց՝ կործանվեին:

Կարելի՞ է Ձեզ հարցնել` ինչպիսի՞ զինվոր եք եղել:

-Իսկ ինչու ոչ, ես ծառայել եմ ավելի քան մեկ տարի, այն էլ պատերազմական ժամանակաշրջանում, վիրավորվել եմ պայթյունի ժամանակ, ցնցակաթված եմ ստացել, բուժվել եմ հոսպիտալում, որից հետո զորացրվել եմ: Այնպես որ` ես իսկական զինվոր եմ եղել, ապրել եմ սովորական զինվորական ռեժիմով, զինվորական կյանքով:

Կա տարածված կարծիք, թե արվեստագետները բնույթով ազատ ու անկախ լինելով, մեղմ ասած, անկարգապահ զինվոր են դառնում, դժվար են ենթարկվում ռեժիմին, հրամաններին:

-Միայն` ոչ ես: Ես սիրում եմ կարգապահություն, ռեժիմ: Ամենայն պատասխանատվությամբ էի վերաբերվում ծառայությանս, հրամանները կատարում էի ժամանակին ու բարեխղճորեն, զգում էի իմ աշխատանքի կարեւորությունը: Այդ տարիների հիշողությունները շատ վառ են իմ մեջ: Զինվոր լինելը ահռելի պատասխանատվություն է, այս համոզմունքը ծնվել է ծառայության տարիներին: Մանավանդ ազգային բանակի հարցում մենք պետք է նախանձախնդիր լինենք: Կարիք չկա տարբերակելու արվեստագետ, առեւտրական, բանվոր կամ գիտնական, բանակը հայրենասիրության դպրոց է, որի դասերը անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու: Սահմանին կանգնած տասնութամյա պատանու հոգում բազմապատկվում է հայրենիքի զգացողությունը, դառնում շոշափելի, առարկայական, տպավորիչ եւ ուղեկցում է նրան ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր հայ պատանու հասունության ճանապարհը պիտի անցնի բանակով, սա անխուսափելի անհրաժեշտություն է: Ես կուզենայի տեսնել մեր բանակը առողջ, ուժեղ, նվիրյալ զինվորներով: Մեր ազգին, հայրենիքին հարկավոր չեն այնպիսի զինվորներ, ովքեր բանակ են գալիս պարտադրված, չեն գիտակցում իրենց գործի կարեւորությունը, չեն սիրում հայրենիքն ու ժողովրդին:

Ձեր պատգամը հայ զինվորին:

-Դուք մեր ազգի ամենամեծ հարստությունն եք, սիրելինե՛րս: Դուք մեր արժանապատվության պաշտպանն եք: Փա՛ռք ու պատիվ ձեզ: Սահմանին կանգնած` մշտապես հիշեք, ձեզ հետ է մեր սերը, քանի որ ձեր գործը սուրբ է ու խնկելի:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


14/03/2022