ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
«Մշակույթ և ժառանգություն» կազմակերպությունը հիմնադրվել է բոլորովին վերջերս՝ լիբանանահայ մշակութային և հասարակական գործիչներ Հակոբ Լատոյանի, Սևակ Սերոբյանի և Ջոն Գասաբյանի նախաձեռնությամբ։ Հիմնադիրները մշտապես եղել են հայկական մշակույթի տարածման, զարգացման ու պահպանման ջատագովներ։ Կազմակերպությունը Հայրենիքում հաստատվելուց հետո առաջին ձեռնարկը նվիրել է հայ հերոսածին մայրերին:
Ներկայացնում ենք հարցազրույց կազմակերպության հիմնադիր–տնօրեն Ջոն Գասաբյանի հետ: Նա Լիբանանից եկել է Հայաստան ու մշտական բնակություն է հաստատել Հայրենիքում։
–Պարո՛ն Գասաբյան, կորստաշատ 44-օրյա պատերազմից հետո, երբ որոշ հայեր լքում են հայրենիքը, Դուք եկել եք Հայաստան: Ինչո՞ւ:
-Նախ՝ ես հավատում եմ Հայաստանի ապագային, ես վստահ եմ, որ մենք ոտքի ենք կանգնելու, կառուցելու ենք մեր երկիրը, վերականգնելու ենք մեր նյութական կորուստները: Մենք ունենալու ենք ուժեղ, բարեկեցիկ ու պաշտպանված Հայաստան: Ու ես, լինելով հայ, չեմ կարող արտերկրում ձեռքերս ծալած նստել ու հեռվից դիտել, թե ինչպես են իմ հայրենակիցները գերմարդկային ջանքերի գնով ոտքի հանում հայրենիքը: Ես Հայաստանում եմ, որ իմ բաժինը տամ հայրենաշինության գործին, իմ ներկայությամբ, իմ չափով թեթևացնեմ այն բեռը, որ իրենց ուսերին տանում են Հայաստանում ապրող իմ հայրենակիցները։ Դրա համար ստեղծվեց կազմակերպությունը։
–Ինչո՞վ էիք զբաղված Դուք և Ձեր ընկերները նախքան Հայաստանում կազմակերպություն հիմնադրելը:
-Լիբանանում ես զբաղվել եմ միջոցառումների կազմակերպմամբ: Դա եղել է իմ բիզնեսը: Կազմակերպել եմ զանազան միջազգային մշակութային փառատոներ, տարաբնույթ այլ միջոցառումներ: Լիբանանում «Ջազ-ակումբ» եմ ունեցել: Սևակ Սերոբյանը հռչակավոր «Գոհար» երգչախմբի տնօրենն էր: Հակոբ Լատոյանը հասարակական-մշակութային ակտիվ գործիչ և մշակութային ձեռնարկների լավագույն կազմակերպիչ է։
Մենք որոշեցիք այդ բնագավառում մեր կուտակած փորձն ու հմտությունները օգտագործել Հայաստանում:
Ինչպես հուշում է կազմակերպության անվանումը, մեր գործունեությունը առնչվում է հայկական մշակույթին ու մշակութային ժառանգությանը: Տևական ժամանակ ուսումնասիրելով ոլորտը՝ մենք համոզվեցինք, որ հայկական փառահեղ մշակույթը պատշաճորեն ճանաչված չէ աշխարհում: Այո՛, մենք փոքրիկ երկիր ենք, չենք կարող աշխարհի զարգացած երկրների հետ մրցել մեր տնտեսական ներուժով, փոխարենը ունենք հզոր մշակույթ, մենք բարձր մշակույթ արտադրող երկիր ենք և պիտի արտահանենք այն: Պիտի ապահովենք մեր շնորհալի արվեստագետների մուտքը մեծ աշխարհ: Կարևորում ենք մշակութային երկխոսությունը տարբեր երկրների հետ։
–Պարոն Գասաբյան, վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ այս արևի տակ ապրելու իրավունք են նվաճում զենքով: Ես չեմ ուզում անուններ թվել. երկրներ կան, որոնք հեռու են մշակույթից, բայց հզոր բանակ ունեն և բռնազավթում են մշակույթ ունեցող երկրների հայրենիքն էլ, մշակութային արժեքներն էլ: Գուցե Ձեր գումարները ներդնեք ռազմարդյունաբերությա՞ն մեջ, զենք գնեք, կամ խրախուսեք որևէ գիտնականի, որը «Բայրաքթարից» էլ ուժեղ զենք կստեղծի:
-Համաձայն չեմ Ձեզ հետ: Մենք շատ վաղուց է, որ մեր ռազմական ներուժով ու մարդկային ռեսուրսով չենք կարող չափվել այս աշխարհի հզորների հետ: Ավելին՝ մենք երկար տարիներ նույնիսկ պետականություն չենք ունեցել, բայց պահպանել ենք ազգային ինքնությունն ու պայքարել ենք մեր ազատության համար: Մեր մշակույթի շնորհիվ է, որ ճեղքելով դարերի արհավիրքները, մենք հասել ենք 21-րդ դար, ունենք ինքնիշխան պետականություն: Իհարկե, ես բոլորովին չեմ նսեմացնում հզոր բանակի, մարտունակ զինուժի կենսական անհրաժեշտությունը: Մեր զինուժի հզորացումը յուրաքանչյուր հայի առաքելությունը պիտի լինի, սակայն չեմ կարող չհիշել, որ մարդուն ներշնչում, առաջ են մղում գաղափարներն ու արժեքները: Մեր հերոս զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքը պաշտպանում էին ամենայն ինքնազոհությամբ ու նվիրումով, որովհետև նրանք միայն մեր այսօրն ու ապագան չէին պաշտպանում, այլև մի ամբողջ հազարամյա ազգային ժառանգություն, որի կրողն էին և որից սերել էին: Մենք չպետք է ներփակվենք, այլ պիտի բաց լինենք աշխարհի առաջ, պիտի շարունակենք ստեղծագործել ու արարել: Մենք հենց մշակութային հաղթանակներով պիտի սնենք բարձրացող սերնդի ոգին ու նրան մղենք ռազմական հաղթանակների:
–Ձեր հիմնադրած կազմակերպության առաջին միջոցառումը նվիրված էր հերոսածին մայրերին: Այս փաստը զուգադիպությո՞ւն է, թե՞ խորհուրդ ունի:
-Հայրենիքի համար զոհվելը մարդու ամենամեծ սխրանքն է, իսկ հերոս ծնած մայրերին մեծարելը՝ մեր հոգու պարտքը: Մենք ցանկացանք ուղերձ հղել մարդկանց, որ մեր սիրով, մեծարանքով ու երախտագիտությամբ փոքր-ինչ հնարավոր է մեղմել որդեկորույս մայրերի ցավը: Մենք շեշտադրել էինք քաջերի գործը ժառանգելու, նրանց արիությամբ գոտեպնդվելու ու գալիք հաղթանակների տեսիլքով խանդավառվելու գաղափարը: Մենք հեռու էինք վանել ողբն ու անհուսությունը: Քաջերը անմահություն են բերում ազգին, իսկ արյամբ սնված հողը անկարելի է կորցնել անվերադարձ:
–Պարո՛ն Գասաբյան, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա ամիսների համար:
-Նշելու ենք նաև Մայրության տոնը ապրիլի 7-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեծարվելու են մեր զոհված հերոսների մայրերը, որին հաջորդելու է Ջազ-փառատոնը, հետո երաժշտության միջազգային օրը վերածելու ենք հայկական երաժշտության տոնի, Հայաստան-Սփյուռք մշակութային փառատոն ենք նախատեսում… Եվ այդպես շարունակ: Արվեստը համաշխարհային լեզու է, մենք՝ հայերս, լավ ենք տիրապետում այդ լեզվին, կարող ենք խոսել յուրաքանչյուր ազգի ներկայացուցչի սրտի հետ:
–Հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկումներին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում