Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԶԵՆՔ-ՉՈՒԶԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ



ՈՒԶԵՆՔ-ՉՈՒԶԵՆՔ ՀԱՅ ԵՆՔԱրձակագիր ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ծննդյան օրվա առիթով վերահրապարակում ենք մեծ մտավորականի մտորումները հայրենասիրության, հայ ժողովրդի նկարագրի, ճշմարիտ արվեստագետի կեցվածքի, բանակի ու զինվորի մասին:

 

Պարոն Այվազյան, Դուք պատկառելի տարիք ունեք և առավել պատկառելի գրական վաստակ: Ի՞նչ եք երազում հիմա:

-Հայությունն իմ հիմնական ատաղձն է, իմ բոլոր ուժեղ ձգտումները տարիների հետ երկրորդական պլան մղվեցին: Անիմաստ ու անկարեւոր դարձավ փառքը: Նույնիսկ կինը: Կինը ինձ համար արեւ էր. ինչպե՞ս կարելի է մահանալ, եթե աշխարհում կին կա: Բայց այդ զգացումն էլ գունազրկվեց: Հայաստանը մնաց: Այսօր ես ուրախանում եմ այնպիսի բաներով, որ շատերին կարող է զավեշտական թվալ: Ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկը քարը քարին է դնում, շենք է կառուցում: Երեկ անցել եմ Դավիթաշենի կիսաշեն կամրջով, ոտքով եմ անցել: Երազում եմ տեսնել կամուրջը լիովին պատրաստ եւ անցնել մեքենայով: Ես սիրում եմ Հայաստանն ու հայ ժողովրդին, պարզապես չեմ կարող չսիրել: Սարոյանն ասում է` ուզենք-չուզենք հայ ենք: Այսինքն` ուզենանք էլ, մեր հայությունից չենք պրծնի: Սա յուրաքանչյուր հայի խաչն է ու ճակատագիրը:

Մեծ երազանք էլ ունեմ: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա Կովկասի մշակութային կենտրոնը, համոզված եմ, որ մի օր այդ երազանքը իրականություն կդառնա:

Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է` ազգին ճանաչիր իր հերոսով, դավաճանը ազգություն չունի:

-Մենք փոքրաթիվ ազգ ենք, ավելի զգայուն, հայրենապաշտ, մեր ազգային խնդիրները բարդ են ու կնճռոտ, այդ պատճառով էլ ողբերգություն ենք ապրում, երբ յուրայինն է ոտնձգում` ազգայինի, հայրենիքի դեմ: Դավաճանություն կա բոլոր ազգերի մեջ, շատ ավելի ցցուն, հաճախադեպ ու անբարո: Վազգենը հզոր երեւույթ էր: Անհատականություն էր, որ շարունակեց Աշտարակեցի, Աբովյան, Թումանյան, Նժդեհ, Խանջյան, Չարենց ոսկե շղթան: Պատմությունը Վազգեն Սարգսյանի անունը կդնի մեր ազգի ամենամեծերի կողքին: Խելոք, հայրենասեր մարդիկ շատ կան այսօր եւ եղել են, սակայն Վազգեն Սարգսյանի տեսակը ուրիշ էր, ուրիշ էր նրա գրողական տեսակը, մարդկային տեսակը:

Ազգային տառապանքը Վազգեն Սարգսյանի արյան մեջ էր: Վազգենի կորուստը ահռելի է մեր ժողովրդի համար: Ինչ խոսք, անգնահատելի է նրա վաստակը, բայց ինչեր կաներ, եթե ապրեր, եթե հերիքեր ժամանակը:

-Պարոն Այվազյան, ինչո՞ւ մեր ժողովուրդը չի կարողանում սիրել կենդանի հերոսներին: Ինչո՞ւ է իր զավակի մեծությունն զգում նրա հեռանալուց հետո միայն:

-Ե՛վ անհատի, ե՛ւ սերունդների վաստակը ամբողջանում է հեռվից նայելիս, պատմության մեջ: Դեպքերի, իրադարձությունների հարահոսում դժվար է գնահատական տալ պահ առաջ կատարվածին, արժևորել ժամանակակցին: Ես կարծում եմ, որ մեր ազգը հարգանք ունի իր հերոսների նկատմամբ: Սա երեւելի է այլ ժողովուրդների հետ համեմատության մեջ: Հիշենք Ռուսաստանում տիրող վիճակը, Վրաստանում, Ադրբեջանում: Գանդին ազատագրեց Հնդկաստանը անգլիացիների իշխանություններից, եւ հնդիկը գնդակահարեց նրան՝ որպես ազգի դավաճանի: Մեր ազգը անհատականությունների ազգ է, մեր ժողովուրդը իր պատմության բոլոր հատվածներում ունեցել է ազգի ճակատագրով ապրող, նվիրյալ անհատականություններ:

Ի՞նչ տվեց Ձեզ անկախությունը՝ որպես ստեղծագործողի:

-Դեռեւս դպրոցական տարիներին գրած իմ առաջին բանաստեղծությունը «Ազատություն» վերնագիրն ուներ:

Գրողները, արվեստագետները շատ ավելի լավ են հասկանում անկախության արժեքը: Ես կուսակցական չէի, ու իմ սցենարները բծախնդիր գրաքննություն էին անցնում: Արվեստի հետ կապ չունեցող մարդիկ որոշում էին իմ ստեղծագործության ճակատագիրը: Այսօր Հայաստանում ապրող արվեստագետը ազատ է որեւէ կաշկանդումից ու կաղապարից:

-Ի՞նչ առնչություններ ունեն պետական գաղափարախոսությունն ու արվեստը:

-Վերջերս կրկին ուսումնասիրում էի Վերածննդի շրջանը: Իտալական ռենեսանսը, որը հիմք դարձավ ողջ եվրոպական արվեստի համար, արարվեց պետության պատվերով ու պետական միջոցներով: Վենետիկի պապերը պատվեր էին տալիս ու ֆինանսավորում էին արվեստագետին: Իտալական քաղաքները լցված են ճարտարապետական կոթողներով ու քանդակներով: Մեր ազգային օպերան պետք է օղակվի արձաններով, սակայն այս մտահղացումը մինչեւ օրս չի իրագործվում: Դրամական միջոցներ չկան, պետությունը հնարավորություն չունի պատվեր իջեցնելու: Արվեստին շնչառություն է պետք: Եթե պետական գաղափարախոսությունն իր բնույթով ազգային է ու հումանիստական, կարող է միայն սատարել արվեստագետին: Խոսքս մշտաբնակ արվեստագետների մասին չէ, ովքեր ընդունակ են կատարել ցանկացած պատվեր, միայն թե վճարող լինի:

-Այսօր մենք ունե՞նք ազգային գաղափարախոսություն:

-Մենք Եղեռն տեսած ազգ ենք, ու ամենասովորական քաղքենին անգամ իր մեջ, իր արյան մեջ կրում է ազգային գաղափարներ: Մենք Հայրենիք կորցրած ազգ ենք ու կորցրածը վերագտնելու բաղձանքը մեր ենթագիտակցության մեջ է, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Աշխարհի որ ծայրում էլ ծնված լինի` հայն իր մեջ կրում է մեծ, ամբողջական Հայրենիքի գաղափարը, որոնում է իր արմատը, ակունքը:

-Ի՞նչ կարծիքի եք աճող սերնդի մասին, այն երիտասարդների, որոնց ձեւավորման շրջանը համընկավ բարդ ու հակասական տարիների հետ, երբ խեղվում էին արժեքներ ու չափանիշներ, ծնվում էին նոր արժեհամակարգեր:

-Չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, գալիս է ուժեղ սերունդ, գեղեցիկ, ստեղծող: Մենք մշտապես կանգնած ենք եղել ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ, բնականաբար, այդ պայմաններում ձեւավորված սերունդները եղել են կակազ, խեղճ, կաղապարված, դյուրընկճելի: Այսօր մենք ֆիզիկական վերածնունդ ենք ապրում, եւ այսօրվա սերունդը հաղթահարել է վախը, ստրկամտությունը, թերարժեքությունը, ունենք լավ մարզիկներ, ստեղծագործողներ: Պետք է լավատես լինել, մանավանդ՝ բոլոր երաշխիքները կան այսօր դրա համար:

-Ո՞վ է մեր իրականության հերոսը:

-Ազգի տառապանքով ապրող հզոր անհատը, որ կհամախմբի ազգի հոգեւոր, մտավոր ու ֆիզիկական ներուժն ու նոր, լուսավոր ափ կհանի նրան:

-Ի՞նչ նշանակություն ուներ ազգային բանակի ծնունդը մեր ժողովրդի համար:

-Հայերը սիրել են զինվորական գործը: Մենք զինվորականներ, զորավարներ ենք ունեցել շատ երկրների բանակներում: Ժամանակի պահանջ էր, որ մենք զինվորականներ ունենայինք մեր ֆիզիկական Հայրենիքում, սեփական բանակում մեր ցրիվ ուժը համախմբեինք, սեփական ուժերով ապահովեինք մեր երկրի պաշտպանվածությունը, մեր ժողովրդի անվտանգությունը: Ու բոլորս պետք է երախտապարտ լինենք այն նվիրյալներին, որոնց տքնանքով ձեւավորվել, կայացել է Ազգային բանակը:

-Այսօրվա գրական մթնոլորտը բավարարո՞ւմ է ձեզ:

-Գրում են շատերը, սակայն մնայուն արժեքներ են ստեղծում հատուկենտ գրողներ: Այսպես է բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում: Սպառողական արվեստը մասսայականություն է վայելում, սակայն չի խանգարում, որպեսզի թոհուբոհում ծնվեն նաեւ իսկական արվեստի գործեր: Մեր ժամանակները պատմության մեջ կմնան նաեւ ստեղծված մշակութային արժեքներով, ես համոզված եմ: Պարզապես, պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ արվեստագետն ինքնաարտահայտվելու հնարավորություն ունենա:

-Ի՞նչն է Ձեզ այսօր ներշնչում ամենից շատ:

-Ինձ մշտապես ներշնչել է Հայաստանը: Ես ոչ մի անգամ չէի եղել Հայրենիքում, սակայն 10 տարեկան երեխա` վանքեր էի նկարում: Հայրենիքն իմ արյան մեջ էր:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


28/03/2022