ԲԱՆԱԿԸ ՀԱՎԱՏ Է ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Տասը տարի առաջ մարտի 28-ին՝ մեր զրույցից մի քանի ամիս անց, կոմպոզիտոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հեռացավ կանքից, բայց ճշմարիտ արվեստագետի հայրենաշեն պատգամները միշտ մնալու են սերունդների հետ:
Նախնիներս Արդահանից են: Եղեռնի տարիներին պապիս բազմանդամ ընտանիքը բնաջնջվեց, փրկվեցին միայն հայրս ու մեծ հորեղբայրս: Ես ծնվել եմ Երեւանում, բայց կապը պապերիս հայրենիքի հետ շատ ամուր ու խորն է իմ հոգում, քանի որ հայրս ինձ միշտ պատմում էր հայրենի եզերքի մասին, ցանկանում էր, որ պապական հողերի կորստի ցավը, կորուսյալ հայրենիքի կարոտն ու հուշը չխամրեն իմ հոգում:
Հայրս զինվորական էր: Նա կարողացավ փրկվել եղեռնից, քանի որ այդ տարիներին սովորում էր Թբիլիսիի զինվորական ուսումնարանում: Հետագայում նա մշտապես ծառայել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Խորհրդային Միության այլ երկրներում: Ես հազիվ թե կարողանամ բնութագրել զինվորականներին ընդհանրապես, ավելի ճիշտ կլինի, որ պատմեմ հորս ընկերների մասին, այն մարդկանց մասին, որոնց հետ շփվում էր մեր ընտանիքը: Այդ զինվորականները ճանաչված էին եւ մեծ հարգանք էին վայելում ժողովրդի շրջանում: Հայրենասեր, զարգացած, ազնվաբարո մտավորականներ էին: Սովորություն ունեին պարբերաբար հավաքվել որեւէ մեկի տանը թեյելու: Տպավորիչ, անմոռաց երեկոներ էին: Ես կլանված լսում էի նրանց զրույցները, մշտապես առանցքային թեման Հայաստանն էր, հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրը: Քննարկում էին ամենատարբեր հարցեր` սկսած կենցաղից, քաղաքականությունից, ավարտած արվեստով ու մշակույթով: Վերլուծում էին, բանավիճում, շատ կարդացած էին, իրազեկ: Ես կարծում եմ, որ իսկական զինվորականը չպետք է բավարարվի միայն ծառայական պարտականությունները կատարելով, այլ պետք է ունենա շեշտված քաղաքացիական նկարագիր:
Զինվորականները սերտ շփումներ ունեին արվեստագետների հետ: Իսկական տոն էր լինում, երբ հավաքույթներին միանում էին Սպենդիարյանը, Թամանյանը եւ այլ ճանաչված մշակութային գործիչներ: Զինվորականներն ու արվեստագետները ասես լրացնում էին միմյանց, ամբողջացնում:
Ես մտածում էի, որ զինվորականներն ու արվեստագետները հայրենիքի հենասյուներն են, ուժն ու հպարտությունը: Գեղեցիկ, բարձր, ազնիվ անհատականություններ էին, բազմակողմանի ունակությունների տեր, օժտված: Հավաքույթներն ավարտվում էին երգով, պարով, ասմունքով:
Զինվորականները մյուսներից տարբերվում էին իրենց կարգապահությամբ: Նախանձախնդիր էին այդ առումով, շատ ճշտապահ էին ու օրինապաշտ: Ինձ համար յուրահատուկ խորհուրդ ունի զինվորական ընկերությունը: Զինվորականները նվիրված, անշահախնդիր ընկերներ են` պատրաստած հարվածը սեփական անձի վրա վերցնելով պաշտպանել ընկերոջը: Այս գիծը գալիս է ծառայական կյանքի դժվարություններից: Ես հիանում էի զինվորականների պատասխանատվության զգացումով: Կարող էին տառապել ընկերոջ կատարած սխալի համար: Պատվախնդիր, արժանապատիվ մարդիկ էին ու գիտեին համազգեստի հեղինակության արժեքը: Ես այսքան մանրամասն ու պաթոսով նկարագրեցի հորս զինվորական ընկերներին, քանի որ ցանկանում եմ, որ իմ Հայաստանի զինվորականները նույնպես նման բարձր ու առինքնող նկարագիր ունենան, երազում եմ Ազգային բանակի համազգեստը կրող հայորդիներին այդպիսին տեսնել:
… Մտավորականների ու բանակի կապը պետք է շատ սերտ լինի: Զինվորն ու սպան պետք է մշտապես զգան նրանց շնչառությունը իրենց թիկունքին, բարյացակամությունն ու աջակցությունը, նաեւ քննադատությունն ու պարսավանքը: Երբեմն ականջիս զանազան լուրեր են հասնում բանակում տիրող միջանձնային հարաբերությունների անկատարության մասին: Զինվորականները փորձում են խնդիրը հարթելու ուղիներ գտնել, մինչդեռ մտավորականներն անտարբեր են: Չէ՞ որ այդ խնդիրը գալիս է հասարակական կյանքից, մեծ հնչեղություն ունի, ուստի պիտի համախմբել բոլոր ուժերը, բացահայտել չարիքի արմատը ու պայքարել` համադրել ե՛ւ մտավորականների, ե՛ւ հասարակական կազմակերպությունների, ե՛ւ պետական ատյանների ջանքերը:
Դժվար է պատկերացնել զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանց գեղագիտական դաստիարակության: Հայրենասիրությունը արմատ չի տա պատանու հոգում մերկապարանոց քարոզներով, մի լավ երգը, բանաստեղծությունը, նկարը կարող են շատ ավելին անել, քան ամիսների բացատրական աշխատանքը: Սա արվեստագետների խնդիրն է:
Մենք հաճախ էինք լինում զորամասերում, այդ աշխատանքները պետականորեն ծրագրված էին: Մշակույթի նախարարությանը կից գործում էր հատուկ վարչություն, որը հենց զբաղվում էր արվեստ-բանակ առնչություններով: Որքան էլ զենք ու տեխնիկա ունենանք, առանց ոգեղենության, առանց հայրենասիրության ուժեղ բանակ չենք կառուցի: Չմոռանանք, որ այսօրվա զինվորը վաղվա քաղաքացին է` բանվորը, գործարարը, շինականը, նախարարը, պրեզիդենտը, ուստի զենքին տիրապետելուց առաջ բանակում նրան պետք է հայրենիքն ու ժողովրդին սիրել սովորեցնենք, դաստիարակենք բարոյակամային որակներ: Զինվորականների հետ շփվելը արվեստագետներին էլ է պետք: Զինվորականն ու արվեստագետը պայմանավորում են երկրի ֆիզիկական եւ հոգեւոր գոյությունը, ուստի պետք է լրացնեն միմյանց:
Ամենագորշ ու պրոզայիկ ժամանակահատվածներում անգամ արվեստագետները պարտավոր են ազգի հոգեւոր վերելքը խթանելու միջոցներ գտնել, ստեղծել-ձեւավորել հայրենաշունչ մթնոլորտ: Պատահական չէ, որ իմ սերնդի մարդկանց ե՛ւ մանկական, ե՛ւ պատանեկան տարիներին գրած ստեղծագործություններից շատերը հայրենասիրական բնույթ ունեին: Հիշում եմ, թե ինչպես էին իմ առաջին հայրենասիրական թոթովանքները խրախուսում հորս զինվորական ընկերները, ինչպե՜ս էին ոգեւորվում իմ ելույթներից: Մի օր էլ հանրապետության գլխավոր կոմիսար Արտաշես Եփրեմյանը ինձ ներկայացրեց Սպենդիարյանին: Եվ հենց այդ ժամանակ էլ որոշվեց ամեն ինչ, ընդունվեցի կոնսերվատորիայի մանկական բաժինը: Ես, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Առնո Բաբաջանյանը սովորում էինք նույն խմբում, ու մեզնից ոչ ոք անմասն չէր մնում հայրենասիրական մոտիվներին, քանի որ ընդհանուր մթնոլորտը աննկատ տրամադրում, ուղղորդում էր: Վերջին տասնամյակի հայոց պատմությունը անմրցակից է իր հաղթանակներով ու հերոսականությամբ, բայց արվեստի մասին, ցավոք, նույնը չենք կարող ասել: Ես փորձում եմ հիշել, բայց մեծ կտավի ոչ մի գործ չեմ կարող նշել: Նման գործընթացները պետք է ուղղորդվեն պետական մակարդակով, արժանանան հոգածության ու հովանավորության: Պետք է պայմանագիր կնքել կոմպոզիտորների հետ, խրախուսել, պատվիրել: Եթե չեմ սխալվում, բանակային, շարային երգի մեկ-երկու մրցույթ կազմակերպվեց: Նման ձեռնարկումները չպետք է տարերային լինեն, այլ ծրագրային, նպատակային ու պարբերական: Մեծ անելիքներ ունեն այդ առումով ե՛ւ մշակույթի նախարարությունը, ե՛ւ կոմպոզիտորների միությունը: Նախկինում կոմպոզիտորների միությունը շատ ակտիվ էր, կազմակերպվում էին լսումներ, քննարկումներ: Այսօր չկա այդ աշխուժությունը:
Բանակը մեր ժողովրդի հավատն է ու հպարտությունը: Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել է զինվորին, ինչ ազգի էլ որ նա լինի, սակայն հայ զինվորը` մեր ազգի որդին, մեր միս ու արյունից, մեր պաշտպանը, անհամեմատ մերձավոր է ու խնկելի: Ես ցանկանում եմ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ մարդ ավելի շատ սիրի ու գնահատի հայ զինվորին: Ուզում եմ, որ Ազգային բանակի համազգեստ հագած մեր որդիներն զգան սեփական ժողովրդի ջերմությունը, հոգածությունը: Ու համոզված եմ, որ նրանք կպատասխանեն նույնպիսի սիրով ու նվիրվածությամբ: Դիմում եմ Ազգային բանակի բոլոր սպաներին ու գեներալներին, լավ նայեք մեր ազգի պահապաններին, նրանք մեր ապագան են, մեր վաղվա օրը: Հարազատ հոր պես վերաբերվենք նրանց: Ձեզ սիրելով նրանք ավելի շատ են սիրելու հայրենիքն ու ժողորդին: Դիմում եմ զինվորներին. պահպանեք իրար, եղբոր պես վերաբերվեք միմյանց, թեւութիկունք եղեք: Մեր պատմությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը պարզապես հրամայում են, որ մենք համերաշխ ու միասնական լինենք: Ես էլ կաշխատեմ ուժերիս ներածին չափ նոր ստեղծագործություններ գրել ձեզ համար:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Հոգևոր-մշակութային, Նորություններ