Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ



ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեր երկրի պաշտպանական դիրքերում։

Հայկական խաղաղապահ բրիգադը էապես բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունը։ Մեր զինված ուժերը ռազմաքաղաքական մեծ կառույցի՝ ՆԱՏՕ-ի համար դարձան գործընկեր։ Մենք վերածվեցինք խաղաղություն ապահովող երկրի։ Զորախումբը առանձնանում է իր մարտունակությամբ ու կազմակերպվածությամբ: Տարբեր պետությունների ռազմական բազաներում մշտապես մասնակցում է բազմազգ ուժերի զորավարժությանը եւ բարձր պահում մեր բանակի հեղինակությունը։

Վաշտի հրամանատար կապիտան Արեն Գրիգորյանը մեր երիտասարդ լավագույն սպաներից է. կիրթ է, պարտաճանաչ, կարողանում է անձնակազմի հետ աշխատել եւ մշտապես վերահսկում է իրավիճակը,- ասում է գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանը: ...Հինգ տարի է՝ բանակում եմ, հինգ տարին էլ սահմանում: Իմ օրն անցնում է զինվորի հետ. նրանց հետ քայլում եմ, նրանց հետ հանգստանում, նրանց հետ ուտում եմ, նույն բլինդաժում քնում, նրանց հետ վառվում եմ նույն արեւի տակ, նույն անձրեւի տակ թրջվում, մրսում... Իմ զինվորները, ես, մեր արեւը, անձրեւը... Մի՞թե սա չէ իմ հայրենիքը... Ամեն օր իմ մտքերում ու մտահոգություններում, իմ կասկածներում ու հպարտություններում, իմ ուրախություններում ու տխրություններում, իմ ծառայության եւ իմ անձնական կյանքի մասին դատողություններում, արեւոտ օրվա մեջ ու անձրեւոտ եղանակներին եւ իմ առօրյա հոգսերում ես փորձում եմ որոնել ու գտնել իմ հայրենիքը...

- Ավագ սերժանտ Խաչիկ Ամրոյանը պարտաճանաչ, պատասխանատու, կարգապահ զինվոր է։ Հրամանները կատարում է անթերի, եռանդով, ներդնում է ամբողջ ուժերը։ Զինվորը հայրենասեր է, խիզախ, բանիմաց։ Խառնվածքով հախուռն է, նախաձեռնող։ Խաչիկը ազնիվ է, արդարամիտ, ընկերասեր։ Նա գնդապետ Ա. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն զինվորներից է- ասում է զորամասի հրամանատարի՝ անձնակազմի գծով տեղակալ փոխգնդապետ Գ. Ղուկասյանը: Մենք երեք եղբայրներով ըմբշամարտ էինք պարապում հորս խմբում։ Սպորտն իմ տարերքն էր։ Հայրս խրախուսում էր մեծ մարզիկ դառնալու ձգտումս, ու հենց նրա նախաձեռնությամբ ես ընդունվեցի Երեւանի Վահան Զատիկյանի անվան ըմբշամարտի դպրոց։ 2006-ին դարձել եմ պատանեկան առաջնության Հայաստանի չեմպիոն, մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցումների, գրավել եմ մրցանակային տեղեր... Չեմ մոռանում նաեւ այն օրը, երբ առաջին անգամ դիրքեր բարձրացա։ Նա, ով չի կանգնել հարազատ երկրի սահմանին, ով զենքը ձեռքին չի պաշտպանել հայրենիքը, չի հասկանա ինձ։ Սահմանին փոխվում են արժեքները, չափանիշները, հասկանում ես, որ քո անձը, քո կյանքը կենդանի վահան է թշնամու առաջ, որ դու պիտի ընդունես առաջին զարկը ու քո մարմնով, քո կյանքով փակես թշնամու ճանապարհը, պաշտպանես հայրենիքդ ու ժողովրդիդ։ Ակամա հայրենիքն ու ժողովուրդը դառնում են անմրցակից արժեք, ամենակարեւորը, ամենաթանկը։ Դրանից հետո, մի տեսակ ամեն ինչ վերաիմաստավորվում է, հասկանում ես՝ հանուն ինչի է քո չարչարանքը, ինչի համար ես դժվարություններ հաղթահարում, սովորում, մարզվում, ցրտին, շոգին, քամուն, անձրեւին կանգնում սահմանին, վտանգում կյանքդ...

Հաշվարկի նշանառու շարքային Արման Առուշանյանը հպարտանում է, որ զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցն իրեն պարգեւատրել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով: «Պարգեւին արժանացա հենակետում բարեխիղճ ծառայության համար»,- պարզաբանում է Արմանը: Նա մասնակցել է մարտական բոլոր հերթապահություններին. սա շեշտեց գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Վ.Կուրղինյանը: Վերջինիս խոսքով, Արման Առուշանյանը «ստորաբաժանման լավագույն զինվորներից է, օգնում է ծառայակիցներին, ֆիզիկապես կոփված է, ինքնագործ խմբակի կազմակերպիչն է, ակտիվորեն մասնակցում է կիրակի եւ տոն օրերին կազմակերպվող միջոցառումներին»:

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Ազգային բանակ


20/01/2011