Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ



ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանով ամեն տարի Կանանց տոների առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրի կանանց մասնակցությամբ կազմակերպվում է տոնական միջոցառում-մրցաշար սեղանի թենիսի, լողի և հրաձգության մարզաձևերից: Արդեն երկրորդ տարին է՝ հրաձգության մրցաշարում հաղթում է ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության ավագ սպա, մայոր Սոֆյա Անանյանը:

 

Սոֆյա, դու գրեթե բացարձակ արդյունք ես ցույց տվել մրցման ժամանակ: Որտեղի՞ց է գալիս հրաձգության հանդեպ սերդ, և ինչպե՞ս է, որ այդքան դիպուկ ես կրակում ԱԿ-74 ավտոմատով:

-Ես 16 տարվա զինծառայող եմ: Կարևոր չէ, թե որտեղից ես եկել զինված ուժեր, երազե՞լ ես համազգեստ կրել, թե հանգամանքների բերումով ես դարձել զինվորական, բանակը տարիների ընթացքում քեզ է փոխանցում իր արժեհամակարգը: Սկսում ես հետաքրքրվել ժողովրդիդ ռազմի պատմությամբ, հայտնի զորականներով, զենքերով… Հայոց պատմությունը վկայում է, որ քանիցս հայ հերոսական կանայք մարտնչել են իրենց ամուսինների, հայրերի, եղբայրների կողքին՝ հանուն հայրենիքի ազատության: Իմ կարծիքով՝ Հայրենիքի պաշտպանությունը միայն տղամարդկանց մենաշնորհը չէ, մանավանդ լինում են պահեր, երբ Հայրենիքը իր յուրաքանչյուր զավակի կարիքն է ունենում: Ուստի, բոլորն են պարտավոր տիրապետել զենքին ու դիպուկ կրակել: Համարյա ամբողջ Հայաստանը սահմանամերձ է: Միշտ կարող է երկրի սահմանները զենքով պաշտպանելու անհրաժեշտություն առաջանալ:

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ…44-օրյա պատերազմն էլ մեզ հրամայում է համախմբել վերջին կաթիլ ուժը, որովհետև մենք մեծ ռեսուրսներ չունենք: Ես կարծում եմ, որ զենքի, հայրենիքի պաշտպանության, զինվորական գործի հանդեպ սերն ու մարտունակ լինելու պարտավորվածությունը պիտի ներշնչել մարդկանց ամենավաղ մանկությունից: Յուրաքանչյուր հայ իր մասնագիտությունից զատ պիտի զինվոր լինի…

Գլխավորը մարդուն Հայրենիքին մոտեցնելն է, ձուլելը Հայրենիքի պաշտպանության գաղափարին: Իմ հայրը այնքան էր հուզվել, երբ ես հաղթեցի հրաձգության մրցույթում: Եթե ես, ասենք, լողի մրցույթում հաղթեի, հայրս այդպես չէր արձագանքի: Եվ ես այդքան չէի հպարտանա իմ հաղթանակով:

Դժվա՞ր է դիպուկ կրակելը:

-Եթե շատ ես ուզում հաղթել, ներդնում ես ամբողջ ուժերդ, դժվարությունը ընկրկում է քո առաջ: 44-օրյա պատերազմից հետո շատերիս հոգում պայքարի ու հաղթելու ոգի է արթնացել: Երբ կհասնենք բաղձալի հանգրվանին, ժամանակը ցույց կտա:

Շնորհավորում եմ հաղթանակդ, Սոֆյա՛ ջան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ազգային բանակ, Նորություններ


31/03/2022