ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Հրադադարից մոտ 22 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 2-ից 5-ը, Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Հայկական դիրքերի վրա նետվեցին ադրբեջանական բանակի լավագույն ստորաբաժանումները ամենաժամանակակից մարտական տեխնիկայով, բայց անզոր եղան հայ զինվորների արիության դեմ: Հայկական բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ պարտադրված առճակատումից, իսկ ադրբեջանական կողմը դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների»:
…Ապրիլի 2-ի գիշերը կենտրոնացված հրետանային պատրաստությունից հետո հայկական դիրքերի վրա գրոհեցին ադրբեջանական ստորաբաժանումները: Միաժամանակյա հարված հասցնելով Արցախի հյուսիսում և հարավում, ադրբեջանցիները հույսը դրել էին հանկարծակիության և թվական հսկայական գերազանցության վրա, սակայն հայկական դիրքերը պաշտպանող մարտիկների, ժամկետային զինծառայողների արիությունը կանգնեցրեց ադրբեջանցիների հարձակումը և զրկեց նրանց հաղթանակի հնարավորությունից:
…Արցախի հյուսիսում գրոհի ենթարկվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ գործող դիրքը: Կատաղի հրետակոծությունից հետո գրոհի անցան թշնամու տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորները: Ուրֆանյանը քաջ գիտակցում էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, ապա մնացած մարտական դիրքերը հակառակորդը հեշտությամբ կվերցնի շրջափակման մեջ: Ուրֆանյանը իր վեց մարտիկներին հրամայեց շրջանաձև պաշտպանության դիրք գրավել և իր վրա ընդունեց հակառակորդի հարվածը: Հետ մղվեցին ադրբեջանական հարյուրավոր հատուկջոկատայինների մի քանի գրոհներ: Թշնամին կորցրեց տասնյակ մարտիկների և զրահատեխնիկա: Գրեթե երկու ժամ շարունակվեց անհավասար կատաղի մարտը: Արկի պայթյունից հերոսաբար զոհվեցին Արմենակ Ուրֆանյանը և նրա զինվորը՝ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը: Իսկ դիրքի մյուս թևում երկու վիրավոր մարտիկներ՝ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը և գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանը ամրացել էին մարտական խրամախորշերից մեկում: Վիրավոր զինվորները մարտնչեցին մինչև վերջին փամփուշտը: Զոհրաբյանը մահացավ արյան կորստից, իսկ Աբաջյանը մինչև վերջին ակնթարթը կապ էր պահում գումարտակի հրամանատարի հետ՝ հաղորդելով այն ամենը, ինչը կատարվում էր մարտադաշտում: Նա վերջին նռնակով պայթեցրեց ինքն իրեն եւ մոտեցող ադրբեջանցիներին:
Ադրբեջանցիներին այդպես էլ չհաջողվեց պահել իրենց զավթած դիրքը: Մարտիկների փոքր խմբով օգնության հասավ մայոր Էդիկ Մալոյանը: Նա հասկանում էր. դիրքը, որը պահում էին թշնամու հարյուրավոր զինվորները, իրենք շատ դժվարությամբ են հետ վերցնելու, բայց ո՛չ նա և ո՛չ էլ իր մարտիկները չէին մտածում նահանջելու մասին: Շատ մեծ դժվարությամբ Էդիկ Մալոյանին և իր մարտիկներին հաջողվեց շահել մարտը և ետ վերցնել կորցրած դիրքը:
Միաժամանակ, Արցախի ամենահարավում գրոհի ենթարկվեցին երկու դիրքեր Լյալյա- Իլյագի բարձունքի վրա: Տասնութ հայ զինվորներ և նրանց օգնության եկած հինգ սպաները կանգնեցին ադրբեջանցի հարյուրավոր հատուկջոկատայինների ճանապարհին: Տասնինը հայ մարտիկներ իրենց կյանքը տվեցին այդ մարտում, բայց ոչնչացրին թշնամու տասնյակ ընտրյալ մարտիկների, նրանք մեծ գին վճարեցին զավթած բարձունքի համար:
Ապրիլի 2-ի գիշերը Արցախի հյուսիսում՝ Թալիշի հենակետերից մեկի ուղղությամբ, ադրբեջանական հատուկջոկատայիններն անցան գրոհի: Դիրքերից մեկում հերթապահում էր հետախույզների ջոկը՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հրամանատարությամբ: Հիմնական հարվածը բաժին հասավ հենց հետախույզներին: Դիրքի մարտիկներն ունեին ամեն ինչ՝ թշնամու ցանկացած գրոհ հետ մղելու համար՝ բարձր ոգի, մարտական վարպետություն և գերազանց պատրաստվածություն, եւ նրանց գլխավորում էր խելացի և խիզախ հրամանատարը: Մերուժանը և իր մարտիկները մարտնչում էին քաջաբար: Հակառակորդը ծանր կորուստներ էր կրում, և միայն հայ մարտիկների ռազմամթերքը վերջանալուց հետո թշնամին կարողացավ զավթել այդ դիրքը: Հակառակորդի հետ անհավասար մարտում, կռվելով մինչև վերջին փամփուշտը, զոհվեցին Մերուժան Ստեփանյանը և նրա երեք հետախույզ մարտիկները՝ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը եւ Վիկտոր Յուզիխովիչը… Թշնամին այս դիրքում երկար չդիմացավ: Մեկ օր անց հայ հետախույզների խումբը հակագրոհով ետ վերցրեց դիրքը: Ադրբեջանական զինվորներին չօգնեց ո՛չ քանակը, ո՛չ հատուկ պատրաստվածությունը: Նրանք նահանջեցին՝ մարտի դաշտում թողնելով նույնիսկ իրենց հրամանատարներին:
Երեք օր շարունակ մեր մարտիկները կասեցնում էին հակառակորդի հարձակումը: Նրանց նռնականետների և դիպուկահար հրացանների անվրեպ կրակը հետ էր մղում ադրբեջանական գրոհները մեկը մյուսի հետևից՝ թույլ չտալով թշնամու մուտքը Արցախ:
Նույնպիսի սխրանքներ գործեցին նաև Թալիշի ուղղությամբ մեկ ուրիշ հենակետում ժամկետային զինծառայողները՝ սերժանտ Արթուր Աղասյանի ջոկատի մարտիկները: Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանցիները ուժգին հրետանային հարված հասցրին Արթուր Աղասյանի դիրքին: 1,5 ժամ ջոկի մարտիկները դիրքի վրա թափվող թշնամու ականներից ու արկերից պատսպարվել էին բլինդաժում: Գնդակոծությունը ուղղորդում էր անօդաչու սարքը, նրա տվյալներով էլ թշնամուն թվաց, թե հայ մարտիկները կա՛մ զոհվել են, կա՛մ լքել դիրքը: Հազիվ էր գնդակոծությունը լռել, երբ դիրքի խրամատներ մտան թշնամու հատուկջոկատայինները: Նրանք գալիս էին վստահ, որ այստեղ արդեն հայ զինվորներ չկան: Արթուրը և իր ջոկատի տղաները մարտնչեցին հմտորեն և քաջաբար: Արթուրը իսկական մարտիկ էր՝ ճարպիկ, համարձակ, կարողանում էր իր հետևից տանել մարտական ընկերներին: Յուրաքանչյուրը գիտեր՝ որտեղ պետք է հարվածի, իսկ ամենադիպուկը Արթուրի հարվածներն էին: Երբ թշնամին մտավ մեր դիրքի խրամատները, հենց այդ ժամանակ բլինդաժից դիպուկ հարվածով հայ մարտիկները կանգնեցրին թշնամու լավագույն մարտիկներին և ստիպեցին նահանջել: Չափազանց դիպուկ էր հայ տղաների կրակը և մահացու նետած նռնակները: Կարճատև, բայց կատաղի մարտից հետո ադրբեջանցիները փախան՝ թողնելով իրենց սպանվածներին և հրամանատարին, որին Արթուրը վիրավորել էր: Հրամանատարական ձիրքն օգնեց Արթուրին հետ մղելու թշնամուն, չկորցնելով ոչ մի զինվորի: 18-20 տարեկան հայ զինվորները հաստատեցին, որ իրենք իսկական մարտիկներ են: Նույնիսկ ոտքից վիրավոր զինվոր Հարություն Բադալյանն էր մասնակցում թշնամու հետապնդմանը և միայն մարտից հետո թույլ տվեց ընկերներին մշակել վերքը: Արթուր Աղասյանի դիրքի ուղղությամբ թշնամին այլևս գրոհել չհամարձակվեց…
Արթուր Աղասյանին և Հարություն Բադալյանին շնորհվեց ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան: Մյուս յոթ մարտիկները պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով:
…Ապրիլյան մարտական գործողությունների օրերին զանգվածային էին հայ զինվորների և սպաների գործած սխրանքները: Ուս ուսի մարտնչում էին ժամկետային ծառայության երիտասարդ զինվորներն ու Արցախյան ազատամարտի բովով անցած վետերան մարտիկները: Երիտասարդ մարտիկների սխրանքները կհիշեն սերունդները: 18-ամյա Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետի կրակոցով ադրբեջանական «ՄԻ-24» ուղղաթիռ խոցեց և պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով ու ԼՂՀ «Արիության համար» մեդալով, իսկ 19-ամյա Մարատ Պետրոսյանը իր «ֆագոտով» 5 ադրբեջանական տանկ և 1 հետևակի մարտական մեքենա ոչնչացրեց և պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Իրենց առավելությունը հակառակորդի նկատմամբ ապացուցեցին նաև հայ հրետանավորները, հետևակայինները ու տանկիստները: Նրանք դիպուկ կրակով ստիպեցին լռել թշնամու հրետանուն: Հենց հրետանին խանգարեց թշնամուն հարված հասցնել Ակնայի ուղղությամբ. ջախջախվեցին դեպի ճակատ առաջացող ադրբեջանական զորքերը:
Ադրբեջանցիների ռազմական ավանտյուրան ձախողվեց. նրանք սխալ հաշվարկ էին կատարել՝ հույսը դնելով հատուկջոկատայինների վրա: Նրանց չօգնեցին նաև նորագույն T-90 տանկերը, որոնց օգնությամբ փորձեցին ճեղքել արցախյան պաշտպանությունը հարթավայրում: Ճակատային բախումներում ադրբեջանական տանկերը չդիմացան և փախուստի դիմեցին:
Ադրբեջանը խաղաղություն խնդրեց, և 2016 թ. ապրիլի 5-ին հրադադարի համաձայնագիր կնքվեց…
Այդ հերոսական ապրիլյան օրերին մոտ 100 հայ մարտիկներ իրենց կյանքը տվեցին՝ պաշտպանելով հայրենի հողը, պաշտպանելով Արցախը: Տասնյակ մարտիկներ բարձր մարտական պարգևներ ստացան՝ «Մարտական խաչ» շքանշաններ, «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներ: Հայ երիտասարդները արժանավայել կատարեցին հայ զինվորի պարտքը և իրենց սխրանքներով հայոց պատմության նոր հերոսական էջ բացեցին:
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական
թանգարանի ավագ գիտաշխատող-ֆոնդապահ
Խորագիր՝ #02 (1424) 29.03.2022 - 01.04.2022, Պատմության էջերից