ԿՅԱՆՔ՝ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ…
Արմավիրի ուսումնական զորամասում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին եղեւնիներ են տնկվել, շուտով հերոս քաջորդիների անուններով նաեւ լսարաններ կանվանակոչվեն։
Հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջերից մեկն էլ պայմանագրային ծառայող, հետմահու «Արիության» մեդալի արժանացած կրտսեր սերժանտ Հայկ Հարությունյանն է։
Ծննդավայրում՝ Մյասնիկյան գյուղում, Հայկի մասին առանձնակի ակնածանքով ու ջերմությամբ են խոսում՝ ազնիվ, սրտաբաց, պարզ ու շիտակ տղա էր, կարեկից, հասնող…
Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մի քանի տարի Ռուսաստան մեկնեց՝ արտագնա աշխատանքի, հետո որոշեց՝ հայրենի երկիրս կշենացնեմ, իմ ուժը, իմ եռանդը իմ երկրին կծառայեցնեմ։
2017 թ. հոկտեմբերից ծառայության անցավ ուսումնական զորամասում, սիրում էր իր գործը, որոշել էր զինվորական ուղիով առաջ ընթանալ։
-Հայկը վարժասարքի պետն էր, բայց զինվորների հետ պարապելիս չէր սահմանափակվում միայն մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցելով, կյանքի դասեր կտար, խրատ-խորհուրդներ։ Բարի էր, պատրաստակամ, ջանում էր ամենքին օգտակար լինել, չէր սպասի, որ խնդրեին, նոր օգնության ձեռք մեկներ, անշահախնդիր միշտ կողքիդ կանգնած էր։ Ինքս էլ, երբ առաջին անգամ ոտք դրեցի զորամաս, հարազատի, հազար տարվա մտերիմի պես ընդունեց, օգնեց, աջակցեց,- պատմում է զինակից ընկերը՝ կրտսեր սերժանտ Աշոտ Հովհաննիսյանը:- Զորամասում բոլորն էլ սիրում ու հարգում էին Հայկին՝ անկեղծ նվիրումի, պարզության ու շիտակության համար:
Հայկը հոգատար ամուսին էր, ծնողապաշտ զավակ, ամեն ազատ րոպեն աշխատում էր ընտանիքի կողքին լինել, ամեն հարցում թեւութիկունք էր, չէր թողնի, որ տնեցիք մի ծանր գործ անեին, ֆիզիկապես շատ ամուր էր, կոփված, ջլապինդ, մի շնչով ամենադժվար աշխատանքը կաներ-կավարտեր։
Երեխեքի համար ուշքն իրենը չէր, երեխաներն իր ամբողջ աշխարհն էին, իր թթվածինը։
Հայկը տունը միշտ խինդով, ուրախությունով էր լցնում, օրը տոն դարձնող էր ու երջանկանում էր երջանկացնելով….
Սակայն արյունահեղ պատերազմը հազարավոր օջախների երջանկություն փլուզեց… Պատերազմը մտավ տուն ու շեն, ավերեց տները, ավերակեց մարդկանց սրտերը։
Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Հայկենց զորամասի որոշ ստորաբաժանումներ եւս մեկնեցին առաջնագիծ՝ ճակատային գիծն ամրացնելու։
Զինակից ընկերները հիշում են. «Հայկը ամեն թեմա կշոշափեր, հումորներ կաներ, բայց պատերազմի թեման միշտ շրջանցում էր՝ գուցե սիրտը մի բան կանխազգում էր… Հետո մենք տարբեր վայրերում տեղակայվեցինք, մենք հետ վերադարձանք, ինքն էլ վերադարձավ՝ անմահացած….»։
Այդ նույն ժամանակ Հայկի հորեղբորորդին՝ Հակոբը, նույնպես ճակատում էր, միացել էր գյուղում կազմավորված «Մյասնիկյան» կամավորական ջոկատին ու մեկնել ռազմի դաշտ։
Երկու եղբորորդիներով ամենավտանգավոր, ամենաթեժ հատվածներում էին, Հայկը՝ Արցախ աշխարհի հարավային թեւում էր՝ Ջրական, Վարանդա, Սանասարավան, Հակոբը՝ հյուսիսային թեւում՝ «Եղնիկներում», հետո՝ Շուշի…
Հակոբն էլ, Հայկն էլ կռվել են ինքնամոռաց նվիրումով, հայրենի հողի պաշտպանությունը նրանց համար վեր էր ամեն ինչից։
Սակայն ուժերը անհավասար էին՝ թշնամին գերազանցում էր թե՛ զինտեխնիկայով, թե՛ մարդուժով. հայկական զինուժը միայնակ կռվում էր մի քանի երկրից աջակցություն ստացող հակառակորդի դեմ։
44-օրյա պատերազմը Հարությունյանների գերդաստանից երկու զավակ խլեց. Հակոբն էլ, Հայկն էլ կռվել էին մինչեւ սրտի վերջին զարկը…
Քրիստոնեական սկզբունք է՝ չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր անձը տալիս է մեկ ուրիշի կյանքի համար։ Հերոս եղբայրները հենց այս սկզբունքով էլ առաջնորդվել էին, մահվան ընդառաջ էին գնացել, իրենց անձը զոհաբերել բոլորիս համար, կյանք՝ կյանքի գնով…
Հայրենի գյուղի դպրոցի բակում պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնելու համար կտնկվի «Հավերժության այգի»…
Գարուն է, շուտով կծաղկեն ծառ ու ծաղկունք…
Տղերքի չապրած գարունները մեզ պարտադրում են տեր կանգնել մեր հայրենիքին, շենացնել, ծաղկեցնել, հզորացնել երկիրը, որ մեր հերոսների զոհաբերությունը իզուր չլինի….
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #02 (1424) 29.03.2022 - 01.04.2022, Ճակատագրեր