Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է». ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ



«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է». ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆՄարտի 24-ին հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ Կարապետ (Կարո) Քահքեջյանը կնշեր իր 60-ամյակը և կնշեր մեծ շուքով, սակայն արդեն 29 տարի է, ինչ Արցախյան ազատամարտի հերոսը, «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը Անմահ հերոսների աստղաբույլում է ու մեր ժողովրդի հիշողության մեջ։

Ծնվել է 1962 թ. մարտի 24-ին Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում՝ Հայկ և Անահիտ Քահքեջյանների ընտանիքում: Պապը՝ Սահակ Ասլանը, որը Կիլիկիայից էր, եղել է Դրոյի թիկնապահը։ Արցախում մարտնչելիս Կարոն կրում էր պապի թաշկինակն ու խանչալը:

Հետագայում Կարոյենց ընտանիքը տեղափոխվել է Լիբանան։ Չնայած դեռահաս տարիքին, երբ սկսվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Կարոն որոշում է զենք վերցնել ու պաշտպանել հայկական թաղամասը՝ անդամակցելով ՀՅԴ պաշտպանական ջոկատին։ 16 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, ուսանել Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով երկու մասնագիտություն։ Հետագայում հաստատվել է ԱՄՆ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում։ Չնայած երիտասարդ տարիքին, այս քաղաքում կարճ ժամանակ բնակվելուն, Ֆրեզնոյում Կարոն մեծ հեղինակություն է վայելել։ Նրա շնորհիվ Առնոլդ Շվարցենեգերը տեղեկացել է հայ ժողովրդի և նրա ազգային պայքարի մասին: Հետագայում Շվարցենեգերը նամակներ էր գրում Կարոյին Արցախ և հանդիպում էր նրան, երբ վերջինս հրադադարների ժամանակ վերադառնում էր Կալիֆորնիա:

…1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջին անգամ գալիս է հայրենիք՝ օգնելու նպատակով։ Սակայն արդեն սկսվում էր Արցախյան ազատամարտը, և Կարոն դարձավ Ազատամարտի հրամանատարներից մեկը՝ Շահե Աճեմյանի հետ կազմավորելով «Խաչակիրներ» ջոկատը։

1991-1993 թթ. մասնակցել է ՀՀ Արարատի, Տավուշի մարզերի պաշտպանական, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին։  Այս ընթացքում ցուցաբերած քաջության ու համարձակության համար մարտական ընկերները նրան կոչել են Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո։ Կարոյի մարտական ու մտերիմ ընկեր Շահե Աճեմյանի ասելով՝ Սփյուռքում Կարոյին կոչում էին նաև Ասլան Կարո՝ ի հիշատակ նաև նրա ֆիդայի պապի։ «Յուսամ, որ մեր պայքարը էս տարի պրծնի, արդէն էս տարի վերջացնենք, ետք Շահումեանով, Մարտակերտով հայրենիքը լրիւ ազատագրուի, գոնէ մեր զաւակները էս օրերը չտենան. ուրախ ապրեն»,- Կարոն այսպես էր մտածում: Նրա երազանքն էր, որ Հայոց երկիրն ունենա հզոր ու կուռ բանակ, միավորվեն բոլոր ջոկատները։ Գիտակցում էր՝ ինչքան էլ հույսը դրվի միջազգային կառույցների վրա, որ դիվանագիտորեն հնարավոր է արդյունքի հասնել, միևնույն է, առանց ուժի ոչնչի չենք հասնի. «Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեզ մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով…Բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»։ 1993 թ. հունիսի 25 ին` 8 մարտիկների հետ միասին Կարոյին հաջողվում է կատարել անկատարելի թվացող մարտական առաջադրանք՝ գրավել  «Պուշկեն յալ» բարձունքը, որի համար մի քանի օր շարունակ մարտեր էին ընթանում։ Կատարելով առաջադրանքը՝ բարձունքից հաղորդել է. «Բարձունքը գրավված է, կարող եք սկսել հարձակումը»:

«ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է». ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆՍակայն հարձակում չեղավ. առավոտյան թշնամին հասկացավ, որ բարձունքը գրավել են քիչ թվով մարտիկներ, և փորձեց հետ գրավել։ Թշնամին նույնիսկ չհամարձակվեց հարձակվել, այլ արկակոծում, հրթիռակոծում էր բարձունքը, որտեղ «Խաչակիրների» 8 մարտիկներն էին ընդամենը։ Թշնամին Կարոյին ճանաչել էր սպիտակ զրահաբաճկոնից, և 1993 թ. հունիսի 26-ին հերոսն ընկավ դիպուկահարի կրակոցից, երբ փորձել էր «Մուխ»-ով կրակել թշնամու ուղղությամբ։ Անմահացավ հերոսը, որի համար առաջնայինը հայրենիքն էր, որի պաշտպանության համար «զոհել էր» նաեւ իր ամբողջ ունեցվածքը…  Սակայն բարձունքը մնաց «Խաչակիրների» հսկողության տակ, չնայած ունեին նաև վիրավորներ։

Վերջապես տղերքին օգնության հասավ Շուշիի առանձնակի գումարտակը։ Այդ բարձունքում նրանք գտան մոտ 50 ասկյարի դիակ։

«Մենք ֆետայի կոչուելու պատիւին արժանացանք, ուշադիր պէտք է ըլլանք, որ մեր վրայ խօսք չի գայ»,- ասում էր Կարոն։ «Խաչակիրները» կազմված էր ընդամենը քսան մարդուց, սակայն ջոկատում տիրում էր այնպիսի տպավորիչ կարգապահություն, որ Արցախի պաշտպանության կոմիտեի կողմից այն ստացավ պաշտպանության հատուկ նշանակության ջոկատի կարգավիճակ: Կարոյի մարտիրոսվելուց հետո «Խաչակիրները», Արթուր Պողոսյանի հրամանատարությամբ,  շարունակեցին պայքարը մինչև զինադադարը։ Մի առիթով,  ռազմական գործողությունների ընթացքում տիրող կարգապահությունը նկարագրելիս, գնդապետ Արթուր Պողոսյանն ասել է՝ իր կյանքում առաջին անգամ էր տեսնում, որ առաջնորդը որոշի մարտի բռնվել բաց դաշտում, երբ թշնամին անտառային ծածկույթով էր պատսպարված: Կարոյի զինվորների ասելով՝ նաեւ նման խիզախություն էին դրսևորում, որովհետև Կարոն չէր ասում՝ հարձակվել, այլ խնդրում էր՝ հետևել իրեն:

Կարոյի ծննդյան 60-ամյակի առթիվ մարտի 24-ին հերոսի շիրմին այցելեցին մարտական ընկերները՝ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ։ Ներկա էին Արցախյան պատերազմի վետերանների միություն նախագահ Գրիգոր Գրիգորյանն ու վետերանները, ինչպես նաև՝ Երևանի Արարատյան զանգվածի թիվ 152 հիմնական դպրոցի ուսուցիչները, աշակերտները։ Հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց, խնկարկելուց հետո ներկաներն ուղևորվեցին թիվ 152 հիմնական դպրոց։ Ռեժիսոր, Արցախյան ազատամարտի վավերագրող, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հեղինակ Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց, որ բարերար Գևորգ Բարսեղյանի ընտանիքի ու Կարոյի ընկերների միջոցներով հիմնանորոգվել է թիվ 152 դպրոցի գրեթե ավերակ մարզադահլիճը։ Այստեղ կայացավ ոգեկոչման արարողություն դպրոցի սաների մասնակցությամբ։ Բեմում դպրոցականները զինվորական հագուստով էին և Կարոյի նկարի ներքո պարեցին՝ «Կարոյի երգ»-ի երաժշտության ուղեկցությամբ։ Ի հիշատակ Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարի՝ մարզադահլիճը կոչվեց Կարապետ Քահքեջյանի անվամբ։

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ճակատագրեր


08/04/2022