ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ
«Մինչ օրս չեմ կարողանում ինձ ներել, որ չհասցրի միանալ սեպտեմբերի 27-ին Արցախ շտապող բժշկական առաջին անձնակազմին»,- այսպես է սկսվում իմ զրույցը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժքույր Մարիամ Կիրակոսյանի հետ: Մարիամն ընդամենը 23 տարեկան է: Պատերազմից օրեր առաջ էր լրացել նրա 21 տարին: Նա երեքուկես տարի ծառայել էր հոսպիտալում, քիչ թե շատ ծանոթացել զինվորական առօրյային, վիրավոր զինվորների ու սպաների հետ վարվելու փորձառություն ձեռք բերել և պատրաստ ու պատրաստակամ էր Հայրենիքին օգնելու ու աջակցելու նաև ամենադժվարին ժամանակաշրջանում:
«Պատերազմից երկու օր հետո անհրաժեշտություն առաջացավ համալրելու Արցախում գործող բժշկական անձնակազմերը, չեք պատկերացնի, ինչ զգացողություն ունեցա, երբ իմացա, որ վերջապես կարող եմ մեկնել Արցախ և այնտեղ կատարել իմ պարտքը,- ասում է Մարիամն ու հավելում:- Ամբողջ ճանապարհին մտածում էի՝ արդյոք պատրա՞ստ եմ, կարո՞ղ եմ հաղթահարել փորձությունը, որն ինձ սպասվում էր այնտեղ: Երբ հասա Մարտակերտ ու իմ աչքերով տեսա դաժան իրականությունը, այլևս մտածելու ժամանակ չկար, պարզապես պետք էր գործել»:
Մարիամն անզգայացման բաժանմունքի քույր է: Պատերազմի օրերին Մարտակերտի հոսպիտալում ամենածանր վիրահատությունների ժամանակ նա մշտապես բժիշկների կողքին է եղել: Տասը օր շարունակ նա ոտքի վրա անդադար հասել է բոլոր վիրավորներին, ներարկումներ արել, նաև զրուցել հետները, հոգեպես գոտեպնդել հուսալքվածներին:
«Զինվորներից մեկը հոսպիտալից հեռանալիս նամակ էր թողել և գրել էր, որ իմ ժպիտը կյանք է պարգևում: Ես այդպես էլ չկարողացա գտնել նամակի հեղինակին, բայց չեք պատկերացնի, թե դա ինչ էր նշանակում ինձ համար: Այդ նամակը կռվից մնացած իմ ամենաթանկ հիշողությունն է»,- ասում է Մարիամը ու հուզմունքից թաքցնում է արցունքները…
Մի քանի րոպե չանցած՝ շարունակում է պատմել. «Արտասովոր էին մեր բոլոր զինվորները, մեկը մյուսից համառ ու ուժեղ, նվիրյալ ու հայրենասեր: Տղաներ կային, որ ծայրահեղ ծանր ցավերի մեջ մեզ ստիպում էին րոպե առաջ իրենց շարք վերադարձնել: Մենք ամբողջ անձնակազմով այնքան անզոր էինք այդպիսի տղաների առջև, որ պարզապես նրանց քնեցնում էինք ու ճանապարհում դեպի Գորիս կամ Երևան, որպեսզի ֆիզիկապես հնարավորություն չունենային նորից առաջնագիծ վերադառնալու…»:
Մինչ Մարիամը Մարտակերտում էր իր պարտքը կատարում, պահեստազորի գնդապետ հայրիկն էլ Քարվաճառի լեռներում էր կռիվ տալիս: Ասում է՝ այդ օրերին իր միակ անհանգստությունը հայրիկի հետ էր կապված. «Թեպետ հպարտ էի, որ հայրս էլ է կռվում հանուն մեր պատմական արդարության, բայց սարսափելի շատ վախենում էի նրա համար»:
Մարիամը վստահաբար շեշտադրում է՝ առաջնագծի անմիջապես թիկունքում գործող բոլոր բժիշկները իսկական նվիրյալներ էին, նրանք ուժահատության աստիճան պայքարում էին վիրավորների կյանքը փրկելու համար. «Ես հպարտ եմ, որ եղել եմ նրանցից մեկը ու ծանր փորձության ժամանակ կատարել եմ իմ պարտքը »:
…Տասնօրյա պայքարից հետո Մարիամին Մարտակերտ փոխարինելու է գնում նրա մտերիմ ընկերուհին՝ անզգայացման բաժանմունքի քույր Մարգարիտա Օհանյանը, որը մինչ այդ հոսպիտալում էր իր ռազմական խնդիրը կատարում: Ծանր դիպվածներ քիչ չեն եղել նաև Մարգարիտայի համար, բայց աղջիկն իր մեջ պայքարի ուժ է գտել. «Իհարկե, մինչև հոկտեմբերի 10-ը մենք Կենտրոնական հոսպիտալում մեծ թվով վիրավորների էինք ընդունում, ու անհապաղ վիրահատություններ էին իրականացվում, բայց այդ ժամանակ պատերազմը մեզնից հեռու էր: Արցախում տեսա պատերազմի իրական դեմքը…»:
Մարգարիտան մինչ արցախյան պատերազմը որոշակի փորձ ձեռք էր բերել Տավուշի հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ՝ բժշկական անձնակազմի հետ առաջինը վիրավորներին օգնություն ցուցաբերելիս. «Թեև ունեի վիրավորների հետ աշխատելու որոշակի փորձ, բայց Մարտակերտում իրավիճակը բավականին ծանր էր: Վիրավորների հոսքը մեծ էր, և այդ իրավիճակում դու ստիպված էիր ընտրություն կատարել, թե զինվորներից որին առաջինը բուժօգնություն ցուցաբերես,- ասում է Մարգարիտան ու հավելում: -Իմ կռվում ամենադաժանը ընտրություն կատարելն էր…»:
Մարգարիտան նշում է, որ բժիշկներն էլ հավասարապես կյանքի ու մահվան սահմանագոտում էին, հոսպիտալն էլ առաջնագիծ էր, հատկապես մեր թշնամու դեպքում, որի համար քաղաքացիական օբյեկտները թիրախավորելը սովորական երևույթ էր. «Հոկտեմբերի 14-ին թշնամին ռմբակոծեց Մարտակերտի հոսպիտալը, փլուզվեց շենքի մի հատվածը, վիրավորները ներսում էին, այդ պահին վիրահատություններ էին ընթանում: Խուճապային իրավիճակ էր, բոլորս սարսափի մեջ էինք, միայն հիշում եմ, որ մի բժիշկ մոտեցավ կանանց, շոկոլադ բաժանեց ու ասաց՝ չվախենաք, մենք դեռ պետք է ապրենք ու շարունակենք մեր գործը, որովհետև վիրավորները մեր կարիքն ունեն»:
Հոսպիտալը թիրախավորելուց հետո բուժանձնակազմը տարհանում է վիրավորներին, և բոլորով տեղափոխվում են Դրմբոն, որտեղ էլ հյուրանոցը վերածում են հոսպիտալի ու շարունակում կյանքեր փրկելու իրենց առաքելությունը: Բուժանձնակազմին օգնության է շտապում նաեւ Մարիամը, որի կարիքն զգում էին և՛ բժշկական անձնակազմը, և՛ վիրավորները:
Բանակի նվիրյալ գեղեցկուհիները, թեպետ երիտասարդ տարիքին, 44-օրյա պատերազմի օրերին հստակորեն կատարում էին իրենց խնդիրը և՛ թիկունքում, և՛ առաջնագծում ու այսօր էլ նվիրումով և զինվորին, սպային, նրանց ընտանիքներին օգնելու հաստատակամությամբ շարունակում են ծառայությունը Հայոց զինված ուժերում:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում