ՊԵՆՏԱԳՈՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԱԴԵՊՈՒՄ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ
Պենտագոնն ընդունել է, որ պատասխանատվություն է կրում ամերիկյան ուղղաթիռների պակիստանյան հենակետo գնդակոծելու համար, ինչի հետևանքով զոհվեց Պակիստանի բանակի 24 զինծառայող, և առավել քան սրվեցին Վաշինգտոնի ու Իսլամաբադի հարաբերությունները:
Ամերիկյան կողմը պնդում է, որ ողբերգության պատճառը եղել է Հյուսիսատլանտյան դաշինքի քարտեզների վրա Պակիստանի բանակային ստորաբաժանումների տեղակայման սխալ գծանշումը, այսինքն` ԱՄՆ ռազմաօդային ուժերը հստակ կատարել են իրենց տրված հանձնարարությունը: Այլ հարց է, որ պակիստանյան կողմը չի կարողացել ճիշտ համակարգել նրանց գործողությունները:
Միաժամանակ արմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Պակիստանի զինվորական վերնախավը ձգտում է, պահպանելով օրինականությունը, ազատվել երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիից, որի հետ հակասությունները խորացան 2011 թվականի մայիսից, երբ Միացյալ Նահանգները, առանց Իսլամաբադի համաձայնության, Ուսամա Բեն Լադենին ոչնչացնելու նպատակով երկրի տարածքում ռազմական գործողություն իրականացրեց: Առժամանակ անց Զարդարին նամակով դիմեց ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով աջակցել իրեն երկրի զինված ուժերի վերահսկողությունը պահպանելու գործում, ինչը վերջնականապես սրեց հարաբերությունները բանակի հրամանատարության ու կառավարության հետ:
Նախագահի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը հաճախացան, երբ դեկտեմբերի 6-ին նա «բուժման նպատակով» անակնկալ մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ: Սակայն օրերս իշխանությունները հայտարարեցին, որ Զարդարին վերադարձել է Պակիստան և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական