Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ…



ԲԱՔՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...Գնացքի շարժվելուց հետո միայն զգաց անհանգստությունը, որ ծնվեց դատարկ, պատուհանների ապակիներն ու խցիկների դռները ջարդված վագոնից։ Նաեւ երկու հայերից, ինչպես հետո պարզվեց՝ հայր եւ որդի։ Հետագայում անհանգստությունն սկսեց մեծանալ եւ վերածվել վախի՝ վագոն մտած չորս թուրքի պատճառով, որոնք, մի պահ կանգ առնելով, վավաշոտ հայացքով նայեցին ու անցան։ Այդ մութ ու անմարդկային հայացքներում պարզ զգացվում էր խառը ժամանակներում արթնացած շնացող բնազդը։

Հայր եւ որդի հայերը մոլուցքով խփում էին խցիկի լռված դռանը, որպեսզի փակեն եւ, իբր թե, մեղմացնեն շարժվող գնացքի արագանալու հետ սաստկացող ցուրտը։ Սակայն իրականում ցանկանում էին քշել վախի խտացող ուրվականը։

Կինը գրկեց աղջկան, կծկվեց խցիկի հեռավոր անկյունում։ Ապա ցանկացավ փակել դուռը, սակայն այն նույնպես ջարդված էր։ Տղամարդիկ դեռ խփում էին իրենց խցիկի դռանը եւ ցնցում։ Վագոնի հակառակ ծայրում կանգնած թուրքերից մեկը մոտեցավ, նայեց կծկված կնոջն ու աղջկան, ժպտաց եւ լռությամբ հեռացավ։

-Տեղափոխվեք մեզ մոտ,¬ կողքի խցիկից կանչեց տարեց տղամարդը. նկատել էր թուրքի աչքերում խաղացող անմարդկային փայլը։

Կինն անմիջապես տեղափոխվեց։ Երիտասարդ տղամարդը դեռ խփում էր դռանը եւ կատաղորեն ցնցում։ Կինն սկզբում իրեն ապահով զգաց։ Սակայն երիտասարդ տղամարդու աչքերից հասկացավ, որ նա նույնպես վախենում է, ինչից իր վախը նորոգվելով կրկնապատկվեց։ Աղջկա համար անկողին պատրաստեց երկրորդ հարկի մահճակալին՝ իր կարծիքով ամենաապահով տեղում։ Ապա նստեց եւ աշխատեց որսալ տարեց տղամարդու հայացքը։ Տղամարդը համառորեն խուսափում էր։ «Ուրեմն նա էլ է վախենում»,¬ մտածեց կինը։

Գնացքը մոտենում էր հաջորդ կայարանին, որտեղ միայն թուրքեր էին ապրում։ Երիտասարդ տղամարդն ավելի կատաղորեն էր խփում դռանն ու ցնցում։ Նա նման էր լաստանավի վրա հայտնված ուղեւորի, որը, տեսնելով արագությամբ մոտեցող ջրվեժը, խուճապի մեջ է ընկնում։ Երիտասարդ տղամարդու հայացքում համառությունը, վճռականությունը եւ ջղայնությունն աստիճանաբար տեղի էին տալիս կատաղությանը։ Ճակատագրական նշանակություն էր ստացել դռան բաց կամ փակ մնալը։ Այդպես էին մտածում նաև մնացած երկուսը՝ կինը եւ տարեց տղամարդը։ Չգիտես ինչու, համոզված էին, որ եթե դուռը կարողանան փակել, պաշտպանված կլինեն։

-Թող…,¬ առաջինը հանձնվեց տարեց տղամարդը։

Երիտասարդը քթի տակ մրթմրթալով՝ ձեռքի մետաղաձողը նետեց հատակին։

Գնացքը կանգ առավ հաջորդ կայարանում։ Թուրքերն աղմուկ¬աղաղակով լցվեցին վագոնները։ Ինչքան հեռանում էին իրենց քաղաքից, ինչքան թուրքերը շատանում էին, այնքան մեծանում էր անհանգստությունը։ Բոլորը լռությամբ ինչ-որ բանի էին սպասում։ Ետ դառնալ այլեւս անհնար էր։

-Այնտեղ հայեր են,¬ ասաց թուրքերից մեկը։

Ժխորը միանգամից ընդհատվեց։ Խցիկից ոչինչ չէր երեւում, բայց զգացին, թե ինչպես թուրքերը շրջվեցին ու սկսեցին բութ հայացքներով նայել իրենց կողմը։ Ապա մի քանի թուրք շարժվեցին դեպի հայերի խցիկը։ Տարեց տղամարդը, ոտքի ելնելով, կանգնեց դռան մեջ։ Թուրքերը, նայելով, անցան։ Ապա, հռհռալով ետ դարձան և նորից, նայելով խցիկից ներս, գնացին։ Նրանց հայացքներից կինը ողջ մարմնով սարսռաց։

Ինչ-որ սարսափելի բան էր հասունանում՝ անորոշ ու ահազդու։ Թուրքերը նորից սկսեցին աղմկել։ Նրանց անկանոն աղմուկից հատուկենտ պատառիկներ էին հասնում խցիկում պատսպարվածներին, ստիպում լարվել։ Կինը հազիվ էր զսպում ճիչը։ Երիտասարդը ցանկանում էր դուրս գալ խցիկից։ Տարեց տղամարդը հայացքով սաստում էր։ Նա գիտեր, որ պայթյունի համար մի ճիչ է հարկավոր, մի անզգույշ բառ, մի կտրուկ շարժում։ Օդի մեջ անգամ զգացվում էր ամեն պահի հետ հասունացող ոճրագործությունը։

Կինը, վերջապես, չդիմանալով լարվածությանը, հանկարծ վեր թռավ տեղից, թուրք ուղեկցողի տված կեղտոտ սավանը կախեց դռան փոխարեն։ Երկու աշխարհները բաժանվեցին միմյանցից, մեկը՝ ոճրագործ, լեցուն անասնական բնազդով, մյուսը՝ վախով։ Սավանի հետեւում սկսեցին իրենց ավելի ապահով զգալ։ Սակայն դա հնարավորություն տվեց նաեւ թուրքերին։ Հավաքվեցին դռան մոտ, սկսեցին հայհոյել և ահաբեկիչ բառեր արտասանել։ Խոսելով անընդհատ շարժվում էին վագոնի միջանցքով։ Հաջորդ կայարաններում նոր թուրքեր բարձրացան։ Խառնամբոխը բազմազան էր դառնում։

-Ինձ մոտ դանակ կա… ,¬ ասաց մի թուրք։

-Իսկ եթե հայեր չե՞ն,¬ ասաց մի ուրիշը, որ նոր էր բարձրացել։

-Հայեր են,¬ հավաստեց թուրքերից մեկը,¬ Ստեփանակերտից միասին ենք նստել։

Մթնում էր։ Խավարում հեշտ էր քողարկել ոճրագործությունը։ Միջանցքում հավաքվածներն ավելի լկտի էին դառնում։ Տարեց տղամարդը հսկում էր խցիկի դռան մոտ։ Կինն զգում էր երիտասարդ տղամարդու ներքին պրկումը՝ նման լարված թակարդի։ Իսկ թուրքերը դավ էին նյութում։ Հանկարծ դռանը կախված սավանը ետ քաշեցին եւ դույլով ջուրը շփեցին խցիկի մեջ։ Ամենից շատ տուժեց դռան մոտ կանգնած տարեց տղամարդը։ Ջարդված պատուհանից փչող քամին թափանցում էր մինչեւ ոսկորները։ Աղջիկն սկսեց բարձրաձայն լաց լինել։ Դռան մոտ հավաքված թուրքերը, միմյանց հրհրելով, քրքջում էին։

-Շնե՛ր,¬ վերջապես չկարողանալով վախը զսպել՝ գոռաց կինը։

Դրսում սկսեցին ավելի ուժեղ քրքջալ եւ աղմկել։ Հասել էին իրենց նպատակին։ Ապա վագոնի միջանցքում տիրող լուռ աշխուժությունից բոլորը հասկացան, որ նոր դավ է նյութվում։

-Հանգիստ նստեք,¬ հրամայաբար ասաց տարեց տղամարդը։

Աղջիկն իջավ, փաթաթվեց մորը։

Նորից ետ քաշեցին դռան փոխարեն կախված սավանը եւ վառվող փալասների խուրձը գցեցին ներս։ Թանձր, կծու, կուրացնող ծուխը միանգամից սկսեց խեղդել եւ մղկտացնել աչքերը։ Երիտասարդ տղամարդը ճարպկորեն վերցրեց այն, նետեց միջանցք։ Դռան մոտ կանգնածները գոռգոռոցով ետ փախան։

-Աշխարհի վերջն է,¬ ասաց կինը,¬ ո՛չ պետություն կա, ո՛չ օրենք։

Երիտասարդ տղամարդը ցածրաձայն ծիծաղեց կնոջ խոսքերի վրա։ Կինը զարմանքով նկատեց, որ նրա վախն անցել է։

-Ես հիմա դուրս կգամ,¬ ոտքի կանգնեց երիտասարդ տղամարդը։

-Նստի՛ր տեղդ,- սաստեց տարեցը։

-Միեւնույն է …,¬ դժգոհեց երիտասարդը,¬ իրենցն անելու են։ Ես սրանց լավ գիտեմ։

Միջանցքում նոր դավ էր նյութվում։ Բոլորովին մթնեց։ Վագոնի լույսերը հանգցրին՝ խավարի մեջ հեշտ էր ոճրագործ լինել։

-Այդ կնոջը տվեք մեզ, ձեզ ձեռք չենք տա,¬ ասաց դռան մոտ կանգնած թուրքը։

Տղամարդիկ լուռ նստել էին։

-Խնդրում եմ …,¬ վախեցած շշնջաց կինը եւ աղջկան ամուր սեղմեց գրկի մեջ։

Տարեց տղամարդը մոտեցավ դռանը։ Քաշեց¬պոկեց կախված սավանը։

-Եթե այդ կնոջը եւ աղջկան տաք մեզ, ձեզ ձեռք չենք տա,¬ կրկնեց ձայնը։

Կինն սկսեց լաց լինել։

-Լռի՛ր,¬ ասաց տարեց տղամարդը։

Կինը մի կերպ զսպեց իրեն, կուլ տվեց լացը։ Աղջիկը վախից եւ ցրտից դողում էր։ Նորից մեկը դույլով ջուր լցրեց։ Կինն ու աղջիկը ոտից գլուխ թրջվեցին։ Աղջիկը ճչաց։ Միջանցքում քրքջացին։

-Հը՞…, Կտա՞ք կնիկներին, թե՞ չէ,¬ ծիծաղելով կանչեց նույն թուրքը։

Ապա լռություն տիրեց։ Խավարի մեջ նորից դավ էին նյութում։ Փայտյա երկար ձողով հանկարծակի հարվածեցին դռան մեջ կանգնած տարեց տղամարդուն։ Տղամարդն անսպասելիությունից ետ ընկրկեց, երերաց եւ, գայթելով, ընկավ պատուհանի մոտ։

Երկար ձողը պտտվում էր, հարվածում աջ ու ձախ, վերեւ¬ներքեւ՝ ինչպես գազանորսի ժամանակ, երբ որսորդները ցանկանում են բնից դուրս քշել թաքնված գազանին։ Ձողն սկզբից կպավ երիտասարդ տղամարդու դեմքին։ Այտը պատռվեց, սկսեց արյուն հոսել։ Այնուհետեւ կնոջ գլխին։ Հարկավոր էր որոշում կայացնել։ Խավարի մեջ կողմնորոշվել հնարավոր չէր։ Երկար ձողը չէր երեւում։ Ինչպես մի աներեւույթ ձեռք, հարվածում էր աջ ու ձախ։ Միջանցքում ոգեւորված աղմկում էին եւ ամեն անգամ զգալով, թե ինչպես է ձողը կպչում մեկն ու մեկին, հռհռում։

Բոլորը պառկեցին ցածի մահճակալներին, բայց փրկվել հնարավոր չէր։ Աղջիկը ճչում էր։ Նրա ճիչն ավելի էր գրգռում թուրքերին։ Տարեց տղամարդը հորդորում էր դուրս չգալ, չգրգռել։ Նորից խցիկի մեջ շպրտեցին վառվող փալասների խուրձը։ Երիտասարդ տղամարդը, հարվածներ ընդունելով, մի կերպ այն դուրս հրեց։ Նորից դույլով ջուրը շփեցին պառկածների վրա։

-Ես ձեր մերը…,¬գոռաց երիտասարդ տղամարդը եւ ոտքի ցատկեց։

-Չէ,¬ նրա ոտքերին փաթաթվեց տարեց տղամարդը,¬ աղաչում եմ, մի՛ արա, տղա՛ս…

Սակայն երիտասարդ տղամարդը, վերցնելով ոտքի տակ անընդհատ խանգարող երկաթյա ձողը, դուրս թռավ։ Տարեց տղամարդը գոտկատեղից հանեց հագուստի տակ թաքցրած դաշույնը, զարմանալի ճարպկությամբ հետեւեց նրան։ Միջանցքում անհասկանալի իրարանցում սկսվեց։ Գոռում էին, կանչում, ճչում։ Խառնամբոխի գոռում¬գոչյունի մեջ կինը չէր կարողանում ճանաչել հայ տղամարդկանց ձայները։

Սկզբից թուրքերը խուճապի մատնվեցին եւ սարսափահար նահանջեցին դեպի վագոնի հեռավոր ծայրը։ Այդ ընթացքում հայրն ու որդին կարողացել էին մի քանիսին գետին տապալել։ Սակայն կռիվը դեռ նոր էր սկսվում։ Շուտով վագոնի լույսերը վառվեցին։ Հայերը երկար ժամանակ հուսահատ դիմադրություն էին ցույց տալիս։ Բայց հակառակորդները շատ էին, սկսված կռիվը նրանց հաղթական ավարտ չէր խոստանում։

Կինը, աղջկան գրկի մեջ սեղմած, լսում էր վագոնի հակառակ ծայրից հասնող ձայները, աշխատում կռահել իրադարձությունների ընթացքը… Թուրքերին կախարդել էր իրենց քանակի դեմ անպաշտպան զոհերի խոշտանգման տեսարանը։ Փակելով սարսափից դողացող աղջկա բերանը, կինն աննկատ դուրս եկավ վագոնից։

Թվում էր, թե գիշերը վերջ չի ունենալու…

 

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Հոգևոր-մշակութային


21/04/2022