Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸ



ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸՊատմության քառուղիներում, ճակատագրի բերումով, հայ ժողովրդի  զավակները սփռվել են աշխարհով մեկ եւ ամենուր աչքի ընկել իրենց աշխատասիրությամբ, խելքով,  ամեն ասպարեզում, ամեն բնագավառում  ջանացել են  հայի անունը   բարձր պահել։

Հայը հասել է նաեւ տիեզերք…

Անծայրածիր տիեզերք ոտք դրած առաջին հայը Ջեյմս Բաղյանն է։

Ջեյմս Բաղյանն արմատներով Արցախից է, նրա պապը նախ տեղափոխվել է Տրապիզոն, այնուհետեւ՝ ԱՄՆ։ Ավանդապաշտ պապն օտար եզերքում փորձում էր զավակներին հայեցի ոգով դաստիարակել, բոլորին ստիպում, պարտադրում  էր տանը  միայն հայերեն խոսել, ընտանիք կազմել միայն  ու միայն հայի հետ։

Ջեյմսը ծնվել է 1952 թվականին Ֆիլադելֆիա քաղաքում։ Մանուկ հասակից երազում էր տիեզերագնաց դառնալ, երկնքի, տիեզերքի  հանդեպ  անհուն սերը ժառանգել էր օդաչու հորից։ Հայրը՝ Ֆիլիպ Բաղյանը, ամերիկյան բանակում  էր ծառայել, Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, պատերազմի  ժամանակ կործանիչի օդաչու է եղել, 120 մարտական թռիչք իրականացրել՝ արժանանալով  «Արծաթե աստղ» շքանշանի։

…Ջեյմսը նախ ստացել է ինժեներ-մեխանիկի կրթություն, այնուհետև ավարտել է Թոմաս Ջեֆերսոնի համալսարանը և դարձել բժշկական գիտությունների դոկտոր։ 1978 թվականից նա ԱՄՆ-ի տիեզերական կենտրոնում վիրաբույժ և բժիշկ-հետազոտող էր, բայց հոգու խորքում մշտապես փայփայում էր նվիրական իղձը՝ թռչել տիեզերք։

Բառացիորեն պատահականությունն օգնեց, որ իրեղենանա  մանկության երազանքը. Բաղյանը պետք է վիրահատություն կատարեր, բայց աշխատակիցների մեղքով վիրահատարանը պատրաստ չէր։ Ու մինչ ամեն ինչ կկարգավորվեր, Ջեյմսը ժամանակը կարճելու նպատակով ձեռքն առավ սեղանին դրված ամսագրերից մեկն ու  ամսագրի մեջ տիեզերագնացների ընդունելության մասին հայտարարություն կարդաց։ Վաղեմի  երազանքն իրականացնելու հրաշալի հնարավորություն էր, եւ նպատակասլաց Ջեյմսը առիթը չէր կարող բաց թողնել։ Դիմեց, ընդունվեց եւ սկսեց հետեւողականորեն մարզվել։

…1986 թ.  մեր հայրենակիցը «Չելենջեր» տիեզերանավի անձնակազմում  էր ընդգրկված եւ պետք է  մասնակցեր թռիչքի, բայց վերջին պահին փոփոխություն տեղի ունեցավ անձնակազմում, եւ նրան թռչելու հնարավորություն չտրվեց։ Ջեյմսն անասելի տխրել էր այդ որոշումից, սակայն հետո այդ մերժումը բարեբախտություն պիտի համարեր. «Չելենջեր» տիեզերանավը թռիչքի 73-րդ վայրկյանին ներքին վառելիքի բաքի պայթյունից բռնկվում է, և անձնակազմի բոլոր անդամները զոհվում են…

Վերջապես 1989 թ. մարտի 13-ին Բաղյանին  թույլ տվեցին առաջին թռիչքը կատարել. նա չորս այլ տիեզերագնացների հետ «Դիսքավր» տիեզերանավով հնգօրյա թռիչք իրականացրեց։

Ժամանակին մի գեղեցիկ պատմություն  էր  անգամ մոգոնվել, իբր, Հայաստանի վրայով անցնելիս, հայազգի  առաջին տիեզերագնացը հայերենով բարեկեցություն և խաղաղություն է մաղթել իր նախնիների բնօրրանի բնակիչներին։

Հետագայում Բաղյանը ևս երկու անգամ թռավ տիեզերք, ընդհանուր հաշվով տիեզերքում անցկացնելով 337 ժամ։ Տեղին է հիշատակել, որ երկրորդ թռիչքի նախապատրաստական աշխատանքներին մասնակցում էին հայազգի ինժեներներ։

Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամերիկացի ինժեներ-մեխանիկների միության, Ալֆա և օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի և այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ։ Իր բեղուն գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, ռուս տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թ. և 1991 թ. տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով եւ ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։

Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է. «Երբ  առաջին անգամ  տիեզերք էի ուղեւորվում, գիտակցեցի, որ պատմության մեջ առաջին հայազգի տիեզերագնացն եմ։ Հպարտ եմ կրելու այդ կոչումը»։

 

Պատրաստեց ՎՈԼՈԴՅԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Պատմության էջերից


21/04/2022