«ԱՐՑԱԽՑՈՒՆ ԲՆՈՐՈՇ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵԶ ՈՒԺ ՏԱԼԻՍ»
Կապիտան Դիանա Սարումյանը Ստեփանակերտի հոսպիտալի կլինիկակենսաբանական լաբորատորիայի բժիշկ-կենսաքիմիկոս է: Այն նվիրյալ բժիշկներից է, որ պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ ծառայություն է իրականացրել չդադարող հրետակոծության տակ գտնվող Ստեփանակերտում: Հոսպիտալում է եղել, երբ ռմբահարել են բուժում ստացող վիրավորներով լի շենքը: Դիանան դժնդակ ու տագնապալի այդ օրերի մասին խոսում է հանդարտ, առանց հուզումների, ասես՝ սովորական առօրյա անցուդարձի մասին պատմի: Մեր զրույցի ընթացքում դժվարությամբ եմ հասնում այն գիտակցությանը, որ այս մարդկանց համար ամենօրյա պայքարը, տոկունությունը, վտանգի առջև անսասան կանգնելը, իրոք, առօրյա է, ոչ միայն պատերազմի, այլև հատկապես հետպատերազմյան այս շրջանում:
Դիանան զինվորականների ընտանիքից է, բնակվել են Բաքվում, իսկ Բաքվի կոտորածներից հետո հարկադրված են եղել հեռանալ և հաստատվել ՀՀ Աբովյան քաղաքում: Ավելի ուշ տեղափոխվել են Արցախ՝ Ստեփանակերտ: 2007 թ. ամուսնացել է ու, ճակատագրի բերումով, կրկին զինվորականի հետ: Ընտանիքն ապրում է զինվորական թաղամասում: Երկու երեխա ունեն՝ Աստղիկն ու Արեգը:
-Մեր բժիշկ ընկերներից մեկը հենց սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի մոտակայքում ռմբակոծության հետևանքով վիրավորվեց: Մեր երեխաները զինվորական նոր թաղամասի բակում էին, երբ շենքերից մեկը հրթիռակոծվեց: Զգալով, որ մեծ է վտանգը, նրանց ուղարկեցինք Երևան, իսկ մենք անցանք մեր ծառայությանը:
…Առաջին օրը հոսպիտալում վիրավորները դեռ շատ չէին: Միայն զինվորականներին էին բերում: Իսկ հաջորդող օրերին արդեն թե՛ մոբ-ով, թե՛ կամավոր, թե՛ քաղաքացիական վիրավորների էինք ընդունում: Մենք էլ թե՛ բժշկի գործառույթ էինք ստանձնել, թե՛ մայրապետի, թե՛ քույրերի՝ ով որտեղ հասներ, ում կարիքը որտեղ լիներ այդ պահին: Վիրահատարանը, լաբորատորիան՝ բոլորը նկուղում էինք տեղակայել. այլ կերպ հնարավոր չէր. հոսպիտալն անընդհատ հրթիռակոծվում էր: Օրերով լույսի երես չէինք տեսնում. հաճախ չէինք իմանում՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ: Երբ հարաբերական դադարի մի պահի դուրս էինք գալիս, արևալույսից շլանում էինք: Մեր ստորաբաժանումով երկու անկողին իրար էինք միացրել, չորս հոգով այդտեղ էինք գիշերում: Չէինք հասցնում տուն գնալ: Հատկապես ցերեկով շատ վտանգավոր էր քաղաքում տեղաշարժվելը. ամեն պահի կարող էինք հրետակոծության տակ ընկնել: Երբ խաղաղ մի պահի հաջողվում էր տուն հասնել, արագ լողանում էինք, մի թեթև լվացք անում, որ մաքուր հագուստ ունենանք, բայց լվացքը կարող էր 4-5 օր պարանին կախված մնար: Շատ է եղել, որ հոսպիտալից տուն գնալու ճանապարհին, որտեղով հինգ րոպե առաջ էինք անցել, հրթիռ էր ընկնում: Մի օր Ճանապարհային ոստիկանության շենքի մոտով անցանք, մտանք տուն, ու ՃՈ շենքը ռմբակոծվեց: Մենք կարող է այդ պահին այնտեղ լինեինք…
Հոսպիտալը ծանրաբեռնված էր: Լույս չլինելու պայմաններում հաճախ «դվիժոկով» էինք սարքերը միացնում: Վիրավոր կամավորականներ, զինվորականներ էին գալիս, որոնց մոտ ուղեկցող այլ խնդիրներ էլ կային. շաքարախտ, բարձր ճնշում և այլն: Վիրահատելուց առաջ պետք է ստուգեինք: Մի օր ուշ գիշերով լաբորատորիա միջին տարիքի մի կամավորական եկավ: Հայաստանից էր: Բժիշկը բիոքիմիական հետազոտության էր ուղարկել մեզ մոտ: Երբ տեսա արդյունքները, սարսափեցի. ցուցիչները այնպիսին էին, որ նրան շտապ հոսպիտալացնել էր պետք: Պարզվում է՝ երիկամների լուրջ խնդիր ուներ. մինչև այդ պարբերաբար դիալիզ էր ստացել: Խնդրեց. «Ինձ դիալիզ արեք, ես էլի գնամ կռվի դաշտ»: Ասացի. «Բայց, ախր, այստեղ դիալիզ անելու հնարավորություն չունենք: Դու տար, հետազոտությանդ արդյունքները բժշկին ցույց տուր, նա քեզ արձակում կտա, կգնաս տուն»: Պատասխանեց. «Չէ՛, ա՛յ քույրիկ ջան, ի՞նչ տուն, ի՞նչ բան, ես եկել եմ կռվելու»: Ուղարկեցի մեր բժշկի մոտ: Նա էլ էր փորձել համոզել, որ էլ չգնա մարտի դաշտ: Բայց, կարծում եմ, այդպես էլ չգնաց հիվանդանոց… Մեր բժշկի հետ շատ ենք հիշում այդ մարդուն: Տեսնես՝ ի՞նչ եղավ. ողջ մնա՞ց արդյոք…
Դիանան հիշում է անօդաչուների բզզոցը, որ անընդհատ պտտվում էին հոսպիտալի վերևում, հաճախ հարվածում էին:
-Վերջին օրերին էր. ԱԹՍ-ների հարվածները չէին դադարում: Պարսերով էին գալիս ու հրթիռակոծում: Այդ օրերից հատկապես մի դրվագ է տպավորվել. հոսպիտալը ռմբահարում էին. մենք մթության մեջ կանգնած էինք 120-150 հոգանոց բուժանձնակազմով, ու բոլորս բարձրաձայն միասնական աղոթում էինք…
Նոյեմբերի առաջին օրերն էին: Երբ ինչ-որ պահի վիրավոր չէր լինում, պառկած ականջ էինք դնում՝ որտեղ ինչ ռումբ պայթեց: Մի օր քաղաքի վրա մոտ հարյուր հրթիռ պայթեց: Լսում էինք, փորձում գուշակել, որ կողմն ընկավ, որ հատվածին վնաս հասավ, ում տան մոտերքում էր… Հիմա, երբ այդ օրերի մասին խոսում ենք ամուսնուս հետ, ասում եմ. «Պատահաբար ողջ մնացինք, փաստորեն…»:
Դիանայի ամուսինը՝ Վահանը թե՛ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում, թե՛ 44-օրյա պատերազմի օրերին իր ծառայողական պարտականություններն է իրականացրել:
-Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ նույնիսկ նկուղ մտնելու կարիք չեղավ: Իսկ այս վերջին պատերազմի օրերին Արցախի քաղաքները անաստված ձևով հրթիռակոծվում էին: Ամուսնուս հետ իրար հազվադեպ էինք զանգում՝ միայն վստահ լինելու համար, որ դեռ ողջ ենք:
Բոլորս հերթով գնում էինք, երեխաներին տեսնում ու հետ գալիս: Նոյեմբերի 7-ին մեր հրամանատարն ինձ ասաց. «Քո հերթն է. գնա՛, տե՛ս երեխաներին, հե՛տ արի»: Հինգ օրով արձակուրդ տվեց, եկա Երևան… Բայց ավելի լավ է՝ մնայի էստեղ: Երբ այդ դրության մեջ հեռու ես լինում ու չգիտես՝ իրականում ինչ է կատարվում, շատ ավելի դժվար է: Երբ պատերազմի ընթացքում մեզ զանգում էին տագնապած, հարցնում էին. «Ճի՞շտ է, որ էսպես, ճի՞շտ է, որ էնպես»: Մենք ասում էինք. «Հանգի՛ստ եղեք. մենք լավ ենք, չկա էդպիսի բան»: Անգամ չէինք պատկերացնում, որ Հադրութը վերցրել են, կամ, որ Շուշին վտանգված է: Դե, նոյեմբերի 5-6-ին արդեն գիտեինք, որ սարսափելի վիճակ է Շուշիում, բայց մինչև վերջ վստահ էինք, որ չի լինի նման բան… Ուր որ է՝ մտնելու էին Ստեփանակերտ. հինգ րոպեի պատմություն էր…
Մենք այդ օրերին հասկացանք, որ մեկ րոպեում կարող էինք ամեն ինչ կորցնել, ընտանիքդ անտուն մնար, դու առանց Հայրենիք, երեխաներդ՝ առանց քեզ… Նման պահերին արցախցուն բնորոշ լավատեսությունն է մեզ ուժ տալիս: Գիտե՞ք, այ, հենց այս աղոտ-անորոշ իրավիճակում որքան մարդ է այստեղ իր կյանքով ապրում: Ոչ ոք էլ դուրս չի ուզում գալ, ով էլ որ դուրս է գալիս՝ կարճ ժամանակով, էլի վերադառնում է: Ես իմ տունը աշխարհում ոչ մի տան, ոչ մի փառահեղ առանձնատան հետ չեմ փոխի: Այնքան քրտինք ու ջանք կա այս տան մեջ, ամուսնուս գիշեր-ցերեկ ծառայության շնորհիվ, բոլորիս ուժերի գերլարումով… Այնքան սիրով ու ջերմությամբ ենք այս տունը ստեղծել. ինձ համար այն անգին է:
Հարցնում եմ՝ կինն այդտեղ ի՞նչ սկզբունքներով է դաստիարակում իր զավակներին:
-Դե, սովորական…,- էլի իրեն բնորոշ հանդարտ հնչերանգով ասում է Դիանան:- Բայց որ մեր երեխաների մեջ հայրենասիրությունն ընդգծված հատկանիշ է, դա միանշանակ է: Աստղիկս էլ, Արեգս էլ շատ տոկուն, հայրենասեր երեխաներ են: Զինվորական հայրիկի հետ շրջել են ամբողջ Արցախով մեկ, եղել են տարբեր զորամասերում, տիրապետում են զենք-զինամթերքին:
Այն ընթացքում, երբ Հայաստանում էին, սարսափելի կարոտել էին մեր տանը, բակին: Երևանի դպրոցում նրանց շա՜տ լավ էին դիմավորել: Մասնավոր հայտնի դպրոցներից մեկում լիովին անվճար սովորել են: Արեգս դպրոցում սովորել էր սրինգ նվագել: Ինքը չուներ, երեխաներն էին տվել: Երբ Ստեփանակերտ եկավ, սրինգը նրա ետևից ուղարկեցին: Դասղեկին, երեխաներին շատ էին սիրել: Բայց, միևնույն է, կարոտը խեղդում է, երբ հեռու ես տնից: Դե, մեր բակում հիմնականում զինվորականների ընտանիքներ են բնակվում, երեխաներն իրար շատ լավ են հասկանում. մի տնից չեն, բայց նույն իրավիճակում են: Պատերազմների ժամանակ մեր բակը մի ամուր, հարազատ ընտանիք է դառնում: Շատ ենք համախմբված. մեկը կարիքի մեջ լինի, մյուսն անմիջապես հասնում է: Լինում է՝ չեմ հասցնում տուն գնալ, ճաշը տաքացնել: Մինչև իմ տուն գալը, հարևանուհիս, որ էլի զինվորականի կին է, գնում է մեր տուն, ճաշը տաքացնում է, երեխաներին ուտեցնում, խմեցնում, մինչև ծառայությունից տուն գամ:
Խնդրում եմ, որ Դիանան փորձի արցախցի կնոջ հավաքական, ամենավառ արտահայտված բնավորության գծերը թվարկել:
-Նվիրված ու համեստ: Գլխավորը նվիրվածությունն է իր տանը, ընտանիքին, Հայրենիքին: Համեստությունից խոսեցի, հիշեցի ամուսնուս 96-ամյա Համեստ անունով տատիկին: Ա՛յ, նա ինձ համար արցախցի կնոջ ուժեղ տեսակի ընդգծված օրինակն է: Շատ «բոյեվոյ» կին է: Մեր Համեստ տատիկը դեռ բժշկական տեխնիկումում է կրակել սովորել: Հայրենականի ընթացքում՝ 1944-46 թթ. ուսանելուն զուգահեռ, հոսպիտալում բժշկական պրակտիկա է անցել վիրավորների հետ: Տեխնիկումում բոլորին կրակել էին սովորեցնում: Նա ամենադիպուկն էր. «Վորոշիլովյան դիպուկահար» մականունով էին կնքել: Մինչև հիմա էլ, այս տարիքում, դիպուկ կրակում է: Հրաշալի տեսողություն ունի. առանց ակնոցի կարդում է: Շատ կապված է իր հողին, իր տանը: Առաջաձորում տուն ունի: Ամուսնու մահվանից հետո հիմնականում այնտեղ մենակ է ապրում: Ասում է. «Ամուսինս ասել է՝ «Էստեղից տեղ չգնաս», ու ես մնում եմ…»: Անթերի հիշողություն ունի. իր տոհմի ամբողջ տոհմածառը անգիր գիտի: Մի գրքույկ ունի, որի մեջ բոլորի անունները կան՝ ծնունդներով: Հարսների, փեսաների, բոլորիս ծնունդները հիշում է, առաջինն ինքն է զանգում, շնորհավորում: Հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկում: Ահա այսպիսի ուժեղ կանայք ունենք:
Այսօր կրկին դժվար ու անկանխատեսելի է կյանքն Արցախում, և այսօր էլ Դիանայի զինվորական ընտանիքն ապրում է իր առօրյայով, ծառայում Հայրենիքին. ամուսինը՝ զինվորականի իր նվիրյալ գործով, զինվորական բժիշկ կինն՝ իր:
-Ոչ մի ուրիշ տեղ չենք պատկերացնում մեր կյանքը,- ասում է Դիանան:- Սա մեր հողն է, մեր Հայրենիքը: Երբ այն կորցնելու վտանգն ես զգացել, ավելի քան երբևէ զգում ես դրա ջերմությունը, սերը, կարոտը: Այնքան ավելի խորն ես արմատներդ ձգում այդ հողի մեջ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԴԻԱՆԱ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ
ընտանեկան ալբոմից
Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում