Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈՒՄ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ



ՌԴ նախագահը մասնավորապես հայտարարել է, որ 2012 թվականին ռուսական բանակում կծառայեն 180.000 պայմանագրային զինվոր, սերժանտներ և 220.000 սպա, իսկ արդեն 2017 թվականին պայմանագրային զինծառայողների թիվը կհասնի 425.000-ի, ինչը որոշ վերլուծաբանների հիմք է տվել ենթադրելու, թե Մոսկվան իրականում ցանկանում է ընդհանրապես հրաժարվել պարտադիր ժամկետային զինծառայությունից, քանի որ զինվորները ծառայության մեկ տարվա ընթացքում չեն հասցնում յուրացնել ժամանակակից բարդ սպառազինությունը, առավել ևս՝ Մեդվեդևը հայտնել է, որ 2020 թվականին ՌԴ բանակը նվազագույնը 70 տոկոսով պետք է համալրված լինի արդիական սպառազինությամբ:

Նա միաժամանակ հավաստիացրել է, որ անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ստեղծված բարդություններից, Ռուսաստանի իշխանությունը հաստատակամ է բանակն ու ռազմածովային նավատորմը դարձնելու ավելի մոբիլ, կոմպակտ ու մարտունակ, և, որպես խոշոր ձեռքբերում, նշել է բարձրտեխնոլոգիական նոր զորատեսակի՝ Օդատիեզերական պաշտպանության ուժերի ստեղծումը, ինչպես նաև բանակում օպերատիվ ու մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ եթե ոչ վաղ անցյալում զորավարժությունները հիմնականում անցկացվում էին քարտեզների վրա, ապա վերջին տարիներին բոլոր զորատեսակների մասնակցությամբ կազմակերպվում են ռազմավարական ընդգրկուն զորավարժություններ:

Դմիտրի Մեդվեդևը նաև հայտնել է, որ զինծառայողների թոշակներն այսուհետև յուրաքանչյուր տարի կինդեքսավորվեն արժեզրկումից 2 տոկոս ավելի չափով, իսկ զինծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը վերջնականապես կլուծվի արդեն 2014 թվականին, երբ կստեղծվի զինծառայողների հաստիքային թվաքանակին համապատասխանող մասնագիտացված բնակֆոնդ: Նա հիշեցրել է, որ միայն 2009-2010 թվականներին 100.000 զինծառայող ապահովվել է բնակարանով, 2011-2013 թվականներին կգնվի նաև 80.000 բնակարան, իսկ ևս 20.000-ը՝ բանակային հիպոթեքային համակարգի միջոցով:

Խորագիր՝ Նորություններ


23/12/2011