Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿՆԵՐ



ԼՌՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿՆԵՐ«Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Իմ նկարչությունն էլ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի…»:

 

ԺԱՆՍԵՄ

 

Հայ մեծ նկարիչ Հովհաննես Սեմերջյանը՝ Ժանսեմը, ծնվել է 1920 թ. մարտի 9-ին, Սելեզում (Թուրքիա): 1922 թ. թուրքերի իրականացրած հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան, հաստատվում Սալոնիկում: Այնուհետեւ՝ 1931 թ. Ժանսեմի մայրը ամուսնու մահից հետո որդուն բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում Փարիզում:

Փարիզը միշտ էլ մշակութային կենտրոնի համբավ է ունեցել, եւ ահա հենց այստեղ էլ՝ Մոնպառնասի «ազատ ակադեմիաներում» մասնագիտական առաջին դասերն է ստանում ապագա մեծ նկարիչը: Ավելի ուշ ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: 1956 թ. ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ:

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿՆԵՐՏաղանդաշատ նկարիչն ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Լոնդոնում, Հռոմում…

Ժանսեմը հաճախ է նկարել ազգային թեմաներով՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում», «Հայ ծերունու մահը»… Նա առավելապես ստեղծել է հասարակ մարդկանց կենցաղը պատկերող կտավներ՝ բոբիկ, ցնցոտիներով մարդիկ՝ տառապանքի դրոշմը դեմքներին..

Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրեւ «միզերաբլիստ»՝ թշվառների, դժբախտների, ընչազուրկների նկարիչ:

Մի առիթով նկարիչը կխոստովանի. «Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն բնույթով ես հոռետես չեմ, այլ ընդհակառակը, բայց, եթե խորանանք, ապա իմ մեջ խոր վիշտ կտեսնենք, այս վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում:

Ես ինքս Եղեռնը չեմ տեսել և զինվոր էլ չեմ եղել: Թուրքերը Կոստանդնուպոլսից չէին սկսել, քանի որ այնտեղ էին տեղակայված բազմաթիվ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Տեղահանումը սկսել էին գյուղերից: Իմ մայրն էր այդ մասին պատմում: Առաջին հերթին հավաքել էին բոլոր երիտասարդ տղամարդկանց, որոնց մեջ էր նաև իմ քեռին: Եվ բոլորին, այդ թվում նաև քեռուս կախել էին: Իմ ծնողները ոտքով հասել էին մինչև Բաղդադ: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք ԼՌՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿՆԵՐայդպիսի երկար ճանապարհ անցել ոտքով: Ես նրանցից միշտ փորձում էի իմանալ մանրամասները՝ ինչ են կերել, որտեղ են քնել: Այդ ժամանակ ես 7-8 տարեկան էի, և մայրս հաճախ էր պատմում կատարվածի և վերապրածի մասին: Հիմա այդ ամենը ձեզ չեմ կարող վերապատմել, որովհետև այդ ամենը մի ամբողջ պատմավեպի սյուժե է: Այդ տանջանքների մեջ նաև հրաշքներ են տեղի ունեցել՝ եզակի մարդկանց հաջողվում էր հասնել մինչև Դեր-Զոր և ողջ մնալ: Մայրս հասավ: Մանկական տարիքում այդ պատմությունները լուրջ ազդեցություն էին ունենում իմ հոգեկանի վրա: Այդ ամենը հնարավոր չէ նկարել: Երբ երիտասարդ էի՝ երազում էի այդ մասին: Սակայն ինքս ինձ ասում էի՝ դա հնարավոր չէ նկարել, անհնար է: Պետք է շատ հզոր լինես, որ կարողանաս այդ ամենը պատկերել: Առաջ ես երբեք չէի խիզախի դա անել: Թեման շատ դժվար է, չափազանց դժվար է համազգային ողբերգությունն արտահայտել գեղարվեստի միջոցով»:

Ժանսեմը պատկառելի տարիքում էր, երբ սկսեց նկարել «Եղեռն» շարքը…

Նկարում էր իրար հետեւից՝ ասես ուզում էր ձերբազատվել այդ տխուր, հոգեցունց հիշողություններից՝ «Երկնագույն եղեռն», «Բռնություն», «Տեղահանություն», «Ռեքվիեմ», «Վերջին քուն», «Ջարդ», «Գաղթականներ»….

34 նկարներ, որոնք պակաս խոսուն չեն, քան եղեռնի մասին պատմող որեւէ ահասարսուռ պատմություն:

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿՆԵՐԵղեռնին նվիրված այս նկարաշարը անչափ դիպուկ է բնութագրել հայտնի արվեստաբան Քրիստիան Բլանը՝ «Կորուսյալ հոգիներն իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչ աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ամբողջ հայ ժողովրդի հիշողություններն են: Ժանսեմը հայելի է, որ մեզ ցուցանում է մեկ այլ կյանք, կյանքն այն մարդկանց, ովքեր տանջամահ եղան, սակայն նրանց կենդանի հուշը ունի հիշողության իրավունք: Լռության աղաղակներ: Հայացք… Դա կյանքի վերջին ճիչն է. վախից համրացած երեխայի աղաչող հայացքը, կնոջ վշտակորույս հայացքը, որից խլել են իր երեխային, եւ որի երբեմնի մայրական կաթով լեցուն, ծանր ու կենսատու ստինքները դատարկվել են, մզվել, կախվել հողին… Ժանսեմը ձեռնարկել է այս ծանր ուխտագնացությունը եւ դուրս է եկել տառապած, առհավետ ազդված….»:

Ժանսեմը 2001 թվականին այցելեց Հայաստան եւ իր վրձնած «Եղեռն» նկարաշարը նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին:

Մեծ նկարիչը վախճանվել է 2013 թվականին, Փարիզում:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Պատմության էջերից


28/04/2022