ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմին մասնակցեցին շատերը՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ։ Պատերազմի երկրորդ-երրորդ օրերից արդեն լուրեր էին հասնում զոհված տղերքի մասին. պատերազմ էր… Ավարտից հետո պարզ դարձավ՝ շրջանից 80 հոգի զոհվել է։ Եվ այսօր էլ շատերը համարվում են անհետ կորած։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից Քաշաթաղի շրջանից 34 զոհված քաջորդի հետմահու պարգևատրվել է։
Ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը։ Ներկա էին հերոսների հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Քաշաթաղի շրջանից 5 զինծառայող՝ Համլետ Գրիգորյանը, Վարդան Առաքելյանը, Դավիթ Սարդարյանը, Հրաչյա Մարտիրոսյանը և Ռուսլան Իսրայելյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով, իսկ եւս 29-ը՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ մասնավորապես ասաց.
-Սիրելի՛ ծնողներ, ամբողջ ժողովրդի անունից գլուխ եմ խոնարհում բոլորիդ առաջ։ Նման դեպքերում բառեր գտնելը դժվար է… Շնորհակալություն բոլորիդ, որ նման քաջարի, լուսավոր զավակներ եք դաստիարակել։ Եվ մեր սուրբ պարտքը այդ տղաների կիսատ մնացած գործը շարունակելն է…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Բանակ և հասարակություն