«…ՈՐ ՄԱՐԴ ՄՆԱՄ, ՈՐ ԻՆՔՍ ԻՆՁ ՉԿՈՐՑՆԵՄ»
«Արտերկրից հյուր ունեի, հենց այդ օրը մեկնում էր, անբացատրելի զգացողություն էր, մի քիչ էլ՝ անսովոր, ինձ հարազատ մեկին հապճեպ ուզում էի ճանապարհած լինել. ուշադրությամբ Արցախից եկող լուրերին էի հետևում ու արդեն նախորոշում քայլերս»,- 2020 թ. սեպտեբերի 27-ը այսպես է մտաբերում Պետրոսը:- Հորաքրոջս տղայի հետ գնացինք տարածքային զինկոմիսարիատ, տանը ոչինչ չէինք ասել, որ չփորձեին համոզել, մեզ մեր որոշումից հետ պահել։ Ժամեր անց արդեն Ճամբարակում էինք, այնտեղ կենտրոնացված ուժեր կային, որոնց հետո տեղաբաշխում էին ըստ անհրաժեշտության»։
Իսկ անհրաժեշտությունն էր, թե նախախնամությունը՝ Քարվաճառի պաշտպանական ուժերին աջակցող հրետանային մարտկոց էր հարկավոր։ Արագ ձևավորվեց պահանջվող ստորաբաժանումը, որի շարքերում նաև Պետրոս Էֆենջյանն էր։ Պարտադիր ժամկետային ծառայությունը Պետրոսը Քարվաճառում էր անցկացրել. ասում է՝ մեծ բախտավորություն էր հենց Քարվաճառում մարտական խնդիր ստանալը, տեղանքին տիրապետում էի, ինչպես որ հարկն է, և վստահաբար կարող էի գլուխ բերել ցանկացած մարտական խնդիր։
«Գիշեր էր, ինձ հարազատ բարձրաբերձ սարերի ոլորանները, բնապատկերներ էին ուրվագծվում, հիշողություններս, մեկը մյուսին հերթ չտալով, առավել տպավորիչ էին դարձնում տեսարանները։ Կարոտել էի Քարվաճառը ու հիմա, ասես, գնում էի նաև ինձ համար թանկ այդ հիշողությունները պաշտպանելու։ Բոլորիս ոգին բարձր էր, տրամադրությունը՝ հաղթական, բայց ինչ-որ անմեկնելի թախիծ կար օդում: Ես խաղաղ ժամանակ եմ ծառայել, ու հիմա այդ հիշողություններին ցավ էր գումարվել. զոհեր, վիրավորներ, տուն ու տեղը թողած, տեղահանված արցախցիներ…։ Սկզբում, իհարկե, մտքերս խառն էին, վախ կար, հարազատներիս մասին էի մտածում, ապագայիս մասին՝ ի՞նչ կլինի, ի՞նչ կկատարվի, բայց փորձում էի հավասարակշռությունս չկորցնել, կշռադատված ու մտածված գործել անգամ ամենաանկանխատեսելի իրավիճակներում։ Երևի ստացվում էր…Պատերազմը սաստիկ էր, սա նման չէր ո՛չ պատանեկան տարիքում կարդացած գրքերում տեղ գտած նկարագրություններին, ո՛չ արկածային ֆիլմերին և ո՛չ էլ իմ պատկերացրած իրականությանը, սա ինչ-որ նոր մարտահրավեր էր, որը մի օր իր հերթին պատմություն կդառնա, և որի մասին մի օր կխոսեն, կխոսեն ճշմարիտը, իսկ ճշմարիտն այն էր, որ մեր զինվորը, մեր բանակը կռվում էր ու կռվելով էլ մինչև պատերազմի վերջին օրը մենք Քարվաճառն անառիկ պահեցինք»։
Պետրոսը զինվորական մասնագիտությամբ հրանոթի նշանառու է. «Շատ եմ սիրել զինվորական մասնագիտությունս, որոշ բաներ մոռացել էի, բայց Ճամբարակում երկու օրվա մեջ ամեն ինչ վերհիշեցի: Քարվաճառում ժամկետայինների հետ էի, բավականին լավ էին տիրապետում իրենց զենքին: Քիչ դեպքերում եմ հրանոթը նշանառել, որովհետև տղաներն իրենց խնդիրը լրիվ կատարում էին»:
Հոկտեմբերի 14-ին Պետրոսը ծանր վիրավորվում է. «Այդ օրը հակառակորդն ավելի ակտիվ էր կրակում մեր ուղղությամբ: Կեսօր էր, թաքստոցում էինք, երբ լուր ստացանք, որ օդում հարվածային ինքնաթիռ կա, ձայնը հետզհետե մոտեցավ ու ուժեղացավ, արձակված արկերից մի քանիսը խոցեցին հենց մեր կրակային դիրքը, հարվածներից մեկն էլ բաժին հասավ մեր թաքստոցին»:
Պետրոսը նշում է, որ հիվանդանոցում նույնիսկ ամենածանր պահերին չի հուսահատվել. «Մի քանի ամիսների ընթացքում հասել եմ այն արդյունքին, որ գրեթե ինքնուրույն կարող եմ հոգ տանել ինքս իմ մասին: Բացի այդ, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում միջավայրն այնպիսին է, որ բոլորի խնդիրներն ինչ-որ կետում հատվում են, և հենց այդ էլ նպաստում է մեր հոգեպես վերականգնվելուն»։
Ապագայի մասին չեմ մտածում։ Մի երկու համեստ ցանկություն ունեմ՝ գիրք գրել, փոքրիկ արվեստանոց ունենալ գյուղում։ Այն, ինչ տեսա պատերազմի դաշտում, շատ բան փոխեց իմ աշխարհընկալման մեջ ու, հավատացե՛ք, պատերազմից հետո ամենակարևոր նպատակս է՝ մարդ մնամ, ինքս ինձ չկորցնեմ»,- իր խոսքն այսպես եզրափակեց Պետրոս Էֆենջյանը։
ԴԻԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանողուհի
Խորագիր՝ #07 (1429) 27.04.2022 - 03.05.2022, Բանակ և հասարակություն