ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե եթե որևէ պետություն միջամտի Ուկրաինայում իրավիճակին եւ ռազմավարական առումով վտանգ ստեղծի Ռուսաստանի համար, կայծակնային հարվածներ կլինեն: Ռուսաստանը իրեն սպառնացող ռազմավարական վտանգի դեպքում այնպիսի միջոցներ կօգտագործի, որոնք իր հակառակորդները դեռ չունեն։ Պուտինը նաև ընդգծել է, որ Դոնբասում եւ Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած հատուկ ռազմական օպերացիայի բոլոր առաջադրանքներն անվերապահորեն կկատարվեն՝ «պատմական հեռանկարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների, ռուսական Ղրիմի և մեր ամբողջ երկրի համար խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու նպատակով»։
Արդեն 10 եվրոպական երկիր հաշիվներ են բացել ռուսական բանկում բնական գազի դիմաց Մոսկվայի առաջարկած մեխանիզմով վճարելու նպատակով: Այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հունգարիան գումարը փոխանցում է եվրոյով, որը ռուբլու վերածում է ֆինանսական կազմակերպությունը: ԵՄ-ն որևէ պատժամիջոց չի սահմանել, որն արգելում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը: Այդ գործընթացը կարգավորվում է երկրների եւ ընկերությունների միջեւ քաղաքացիական-իրավական պայմանագրերով: Լեհաստան և Բուլղարիա մատակարարումները դադարեցվել են այն բանից հետո, երբ նշված երկրները հրաժարվել են ռուբլով վճարումների՝ «Գազպրոմ»-ի առաջարկած մեխանիզմից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հավելյալ միջոցառումների մասին: Նախատեսվում է յուրաքանչյուր գերատեսչությունում, հաստատությունում եւ առանցքային կազմակերպություններում տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումներ ստեղծել:
Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել 232 հատ T-72M1 տանկ, շարժական զենիթահրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգեր, անօդաչուներ և ինքնագնաց հաուբիցներ։ Լեհաստանն ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ամենամեծ ռազմական օգնություն ցուցաբերող երկիրն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ որոշումները կայացվելու են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման ժամանակ։ Նա ցանկություն է հայտնել այդ հանդիպումը կազմակերպել Ստամբուլում կամ Անկարայում։ Էրդողանը նաև այդ թեմայով հեռախոսազրույց է նախատեսում ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովին:
Ռուս գիտնականները ռոբոտի նախագիծ են մշակել, որը կարող է ջուր ստանալ լուսնի հողից։ Դա թույլ կտա ապագա լուսնային կայանը տեղում ջրով ապահովել:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է երկար տարիներ աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ օգնել Կիևին խորհրդային ժամանակաշրջանի զենքերից արևմտյան ժամանակակից սպառազինություններին և համակարգերին անցնելու գործում։
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինայի համար լենդ-լիզի օրենքին, այն ուղարկվել է նախագահ Բայդենին՝ ստորագրման։ Օրինագիծը ԱՄՆ նախագահին լրացուցիչ լիազորություններ է տալիս՝ Ուկրաինային պաշտպանական զինտեխնիկա մատակարարելու որոշումներ ընդունելու մասով, եթե դա համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։
Տեխնիկա և սպառազինություն հիմա էլ է մատակարարվում, սակայն լենդ-լիզի օրինագիծը չեղարկում է զենքի արտահանման վերահսկման մասին օրենքով նախատեսված մի քանի պահանջներ և պարզեցնում սպառազինությունների մատակարարման ընթացակարգը։ Ուկրաինան նաև պարտադրված չի լինի նախապես վճարել ամերիկյան տեխնիկայի եւ սպառազինության մատակարարումների համար։
Իրան
Իրանում պաշտոնապես ցուցադրվել է սեփական արտադրության 1450 կմ հեռահարությամբ նորագույն բալիստիկ հրթիռը։ Փորձագետների կարծիքով՝ թռիչքի վերջին փուլում այն հակահրթիռային վահանը շրջանցելու համար մանևրելու հնարավորություն ունի: Իրանը 1990-ականներից զբաղվում է սեփական հրթիռային ծրագրի մշակմամբ և որոշակի հաջողությունների է հասել։ Թեհրանը հրաժարվում է բանակցել իր հրթիռային արդյունաբերության սահմանափակման շուրջ՝ պատճառաբանելով, որ տարածաշրջանում իր մրցակիցները նույնպես սպառազինվում են նույն դասի հրթիռներով:
Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Իրան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը պատրաստ է Իրանի հետ միասին դիմակայել մարտահրավերներին և վտանգներին, սատարել կայունությանն աշխարհում, պաշտպանել երկկողմ շահերը, միասին ապահովել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:
Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը: Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս աստիճանաբար զրոյացնել ապրանքների 80 տոկոսի համար վճարվող մաքսային տուրքերը, իսկ 20 տոկոսի համար պահպանել գործող սակագները: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է մինչև տարեվերջ:
Ադրբեջան
Ադրբեջանական The Azeri Times պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիայից հետո իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար փակել է նաև Ադրբեջանը։ Պաշտոնական որևէ հայտարարություն ադրբեջանական և ռուսական կողմերից առայժմ չկա։ Չի բացառվում, որ տեղեկությունը կրում է սադրիչ բնույթ։
Նույն լրատվամիջոցը նշում է, որ անգամ եթե Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար, կան նաև ռազմական բեռնափոխադրման այլ տարբերակներ, սակայն այդ դեպքում Բաքուն պետք է մտածի հետևանքների մասին:
Վրաստան
«Վրաստանում «երկրորդ ճակատ» չի լինելու: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա կրկնել է իր դիրքորոշումը 2008 թ. վրաց-ռուսական պատերազմի պատճառների վերաբերյալ, ըստ որի՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլին «ամենամեծ, անուղղելի սխալը թույլ տվեց` չկարողանալով խուսափել պատերազմից: Արդյունքում՝ երկիրն ավերվեց»։ Ղարիբաշվիլու կարծիքով՝ եթե Սահակաշվիլին այսօր իշխանության ղեկին լիներ, ապա Վրաստանում էլ պատերազմ կլիներ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ «Վրաստանը պատմական հնարավորություն ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար», թեև Վրաստանի ներկայիս կառավարությունը դա չի անի, քանի որ իր գործողություններով եւ հայտարարություններով՝ «շատ է փորձում հաճոյանալ Ռուսաստանին»։
Թուրքիա
Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։ Քննարկվել է Ուկրաինայում իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար հարցեր:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետի տեղակալ Սերդար Դեմիրելի գնահատմամբ՝ թուրքական Hurjet գրոհային ինքնաթիռն ավելի կատարելագործված բնութագրեր ունի, քան հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչը։ Նոր ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի կունենա 2023 թվականին։ Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ Թուրքիան այն 15 պետությունների թվում է, որոնք կարող են սեփական ինքնաթիռներ ստեղծել։ Թուրքիան աշխարհում առաջատարներից է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ինչպես նաեւ ներառված է սեփական հրթիռներ ստեղծելու ունակ երկրների սահմանափակ ցանկում։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չեն մասնակցի մայիսի 9-ից 22-ը Հունաստանի ռազմաօդային ուժերի Արաքսոս բազայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանը չեղարկել է այդ զորավարժություններին Թուրքիայի մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով, որ թուրքական կործանիչները մշտապես խախտում են Հունաստանի օդային սահմանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջակողմյան ուժերի թեկնածու Մարին Լե Պենի պարտությունը հաղթանակ է որակել՝ ընդգծելով, որ. «Աշխարհը տուժել է ծայրահեղականության պատճառով»:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #08 (1430) 04.05.2022 - 10.05.2022, Տարածաշրջան