ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ Է ԶՈՐԱՆԱԼՈՒ, ՄԵՐ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ
Եղբայրներ Կարեն և Արտավազդ Ասատրյանները 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայողներ էին: Ցավոք, կռվից վերադարձել է միայն Կարենը, Արտավազդը զոհվել է հերթական ծանր մարտի ժամանակ:
-Կարեն, տրամաբանական չէ զրույցն սկսել այն հարցով, որ պիտի տամ, բայց ես շատ եմ ուզում լսել քո պատասխանը. դու անցել ես պատերազմի արհավիրքով, անհավասար կռիվ ես տեսել, եղբայր ես կորցրել, եթե նորից առիթ լինի զենքով պաշտպանելու Հայրենիքը, կամավոր կգնա՞ս ռազմաճակատ:
-Հայրենիքի համար կռիվը պատվի, ազգային արժանապատվության խնդիր է: Այո՛, մեր կռիվն անհավասար էր: Այդպես չպետք է լիներ, չէր կարելի թույլ տալ, որ մեր և մեր թշնամու ուժերի հարաբերակցությունը այդքան մեծ չափով փոխվեր, ու մենք պարտվեինք: Սակայն մենք պատմություն ենք թողնելու գալիք սերունդներին: Ու այդ պատմությունն ասելու է, որ մենք կենաց-մահու կռիվ ենք տվել թուրքերի, ադրբեջանցիների ու վարձկանների դեմ: Մեր բանակը, մեր զինվորն ու սպան կռվել են առանց իրենց կյանքը խնայելու, բազում հերոսական պատմություններ են վկայելու այդ մասին: Այդ պատմությունները արիացնելու են գալիք սերունդներին, կոփելու են նրանց ոգին, նրանք գլուխները բարձր են պահելու: Պարտությունն էլ կարող է վեհ, հերոսական լինել, պարտությունն էլ կարող է ուժ տալ, եթե այն լի է քաջագործություններով ու խիզախումներով….
Որքան էլ ուժերը անհավասար լինեն, եթե անգամ թշնամին մեր դեմ հանի աշխարհի ամբողջ զենքերը, ես էլի կկռվեմ հայրենիքի համար: Կկռվեմ, եթե անգամ հաղթելու ոչ մի հույս չլինի: Կկռվեմ հանուն այն փոքրիկի, որ վաղը կարդալու է իր նախնիների պատմությունը: Կկռվեմ, որ նա չամաչի ինձ համար: Իմանա, որ հայրենի հողի համար արյուն է թափվել:
-Պատերազմի հիշողություննե՞րն են առավել հաճախ այցի գալիս քեզ, թե՞ քո ու Արտավազդի մանկությունը, միասին ապրած տարիները:
-Ես Արտավազդին խաղաղության մեջ եմ որոնում, պատերազմի դաշտում մեկ անգամ եմ տեսել նրան: Մեր տարիքային տարբերությունը մեկ տարի է, այսինքն՝ նա միշտ եղել է իմ կյանքում: Մենք տարբեր էինք բնավորությամբ: Ես հանդարտ, խաղաղ երեխա էի, Արտավազդը ամեն բան քանդում էր, որ ուսումնասիրի, չագուջն առած՝ ջարդում էր: Արտավազդը համառ էր: Նրան դժվար էր տարհամոզելը: Եթե մի բան որոշել էր, պիտի աներ, թեկուզ հազար հոգի դեմ լիներ: Արտավազդը նպատակասլաց էր: 14 տարեկանից աշխատում էր, ինքն իր փողն ուներ: Որոշել էր զինվորական դառնալ; Ասում էր՝ գնամ բանակ, գամ, ընդունվելու եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Արտավազդը լավ սպա կդառնար, քանի որ արդարամիտ էր, անհիշաչար: Այնքան սիրով էր օգնում մարդկանց, նույնիսկ անծանոթներին էր օգնում: Երբ զգում էր, որ ինչ-որ մեկը ունի իր կարիքը, վազում էր, որ օգնի: Նա, իրոք, սիրված սպա կլիներ:
-Այդպիսի սպաներ կայի՞ն քո ծառայության ժամանակ:
-Ըստ իս՝ սպայի ծառայությունը սովորական աշխատանք չէ, ապրելու միջոց չէ: Սպաները պիտի ընտրվեն ազգի լավագույններից, որոնք կգան բանակ ու կառաջնորդեն հայրենիքի պաշտպանների զորքը: Այո՛, մեր զորամասում կային նվիրյալ սպաներ, նրանք բառացիորեն ծառայում էին հայրենիքին: Նրանք ամեն ինչ անում էին, որ զորքը ուժեղ լինի, մարտունակ լինի, որ զինվորի ոգին երբեք չթուլանա:
-Ինչպե՞ս էր անցնում քո ու Արտավազդի ծառայությունը:
-Շատ լավ: Երկուսս էլ պատրաստ էինք հաղթահարելու ցանկացած դժվարություն, որովհետև երկուսս էլ այն կարծիքին էինք, որ տղամարդու ամենակարևոր պարտականությունը լավ զինվոր լինելն ու Հայրենիքի սահմանները պաշտպանելն է:
-Դուք միասի՞ն էինք կռվում:
-Չէ՛, տարբեր դիրքերում էինք: Մեր դասակը կռվում էր ամենաթեժ կետերում, անընդհատ տեղից տեղ էինք տեղափոխվում: Մի անգամ կարճ ժամանակով հանդիպեցինք: Արտավազդը ուտելիք էր պատրաստում տղաների համար: Ասաց՝ մի քանի օր հաց չենք կերել. թշնամին կրակը չէր դադարեցրել մի քանի օր, ծանր մարտեր էին եղել, ու տղաները ժամանակ չէին ունեցել հաց ուտելու: Մենք զրուցելու ժամանակ չունեցանք: Ես գիտեի Արտավազդի բնավորությունը. նա պիտի մղվեր առաջ, իր վրա վերցներ հարվածը, հայտնվեր ամենավտանգավոր կետերում: Ասացի՝ հիմարություն չանես: Գլխով արեց: Ու հաջորդ օրը, իմանալով, որ Ջրականում թեժ մարտեր են, գնաց այնտեղ: Ծառայակից ընկերը ասում է, որ Արտավազդը իր վրա է վերցրել ուրիշին թիրախավորած գնդակը, պարզապես մղվել է առաջ ու իր մարմնով փակել գնդակի ճանապարհը:
-Ինչպե՞ս ես ապրում զորացրվելուց հետո, ինչո՞վ ես զբաղվում:
-Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, նաև հաշվապահություն եմ սովորել: Հիմա աշխատում եմ երկրորդ մասնագիտությամբ: Երազում եմ սեփական բիզնեսն ունենալ: Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է՝ խաղաղ ժամանակ պիտի կառուցենք, շենացնենք երկիրը, պատերազմի ժամանակ պիտի զենք վերցնենք ու կանգնենք սահմանին: Մնացած բարձրագոչ բառերը անտեղի աղմուկ են: Հայրենիքը մեր աշխատանքով է զորանալու, Հայրենիքը մեր խիզախությամբ է պաշտպանվելու:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #08 (1430) 04.05.2022 - 10.05.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում