Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐ ՈՐԴԻՆ ԱՊՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ



...ՈՐ ՈՐԴԻՆ ԱՊՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄԴրոյի հավատարիմ զինակից դաշնակցական Խեչոն, 1915 թվականի մայիսի 5-ին հեծյալ վաշտի գլուխն անցած, առաջինը մտավ ազատագրված Վան… Մեծ հորեղբոր քաջագործությունների պատմությունը սերնդեսերունդ  պահպանվել է Մելիքյանների ընտանիքում եւ ի պահ տրվել ժառանգներին։ Արշակն ինքն էլ մեծ հպարտությամբ էր պատմում իր՝ սասունցի ու անեցի նախնիների մասին, նրանց մասին, որոնք գլուխ չխոնարհեցին յաթաղանի առաջ, որոնք մինչև վերջին պահը պայքարեցին հանուն իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի։

Հենց այս հավատամքով տոգորված էլ Արշակն առաջիններից մեկը կամավորագրվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին ու մի քանի օրով ընկերների հետ  Բյուրականում պատրաստություն անցնելուց հետո ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում մեկնեց Արցախ։

Հոկտեմբերի 7-ին, Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան Վարանգաթաղ, նույն ինքը՝ Լյուլասազ կոչվող բարձունքի հետգրավման գործողության ժամանակ էլ զոհվեց Արշակը: Արշակի ու 23 ծառայակիցների կյանքի գնով հաջողվեց թշնամու ձեռքից հետ վերցնել ռազմավարական կարևոր նշանակության բարձունքը…

Արշակն առաջնագիծ մեկնեց` չսպասելով որդու ծնվելուն։ Մեկնելուց առաջ կնոջը՝  Նարինեին ասել էր՝ Տիգրանն առանց ինձ էլ կծնվի… Տիգրանը ծնվեց հոր զոհվելուց օրեր անց` հոկտեմբերի 23-ին: Նարինեն գիտի՝ դժվար է լինելու, գիտի՝ Տիգրանի հարցերին դեռ պիտի կարողանա պատասխանել, բայց անպայման որդուն պատմելու է իր ապուպապի՝ Դրոյի զինակից, խմբապետ Խեչոյի ու հերոս հայրիկի՝ Վարանգաթաղի համար մարտերում զոհված կամավորական ...ՈՐ ՈՐԴԻՆ ԱՊՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄԱրշակ Մելիքյանի մասին։

…Արշակն ու Նարինեն ծանոթացել էին ուսանողական տարիներին։ Արշակը սովորում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Նարինեն՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Երկուսն էլ ժողվոկալ բաժնում էին ուսանում։ Այդ տարիներին Արշակի նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներով ազգագրական երգի, պարի խմբակ էին կազմավորել, որի անդամներից մեկն էլ Նարինեն էր։ Արշակն ավարտել էր նաեւ Ջիվանու անվան աշուղական դպրոցը եւ որոշ ժամանակ «Սասուն» ազգագրական համույթի անդամ էր։

Արշակի աճյունն ամփոփված է հայրենի Պռոշյան գյուղի «Զորաց» պանթեոնում՝ ազատագրական պայքարի գաղափարակիրների կողքին: Մի օր գուցե, երբ Տիգրանը հասուն պատանի դառնա, կհասկանա, որ այս դարավոր պայքարը, որը իր ապուպապ Խեչոյից հասել է Արցախ, հասել իր համագյուղացի Պետրոս Ղևոնդյանին, հետո հասել իր հորը՝ Արշակ Մելիքյանին, պատգամել են իրեն, որ պայքարն այս պսակվի վերջնական հաղթությամբ ու հաստատուն խաղաղությամբ, որ Խեչոյի, Պետոյի ու Արշակի հոգիներն էլ վերջապես խաղաղություն գտնեն…

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #08 (1430) 04.05.2022 - 10.05.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


05/05/2022