«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՆՍՊԱՌ ԱՂԲՅՈՒՐ ԵՆ…»
«Փխրուն խաղաղության այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիքը գոյատեւում է նվիրյալների նվիրումի եւ հանձնառության շնորհիվ: Նվիրյալների ժամանակաշրջան է, եւ նվիրյալները իրենց ուսերին տանելով հայրենիքը, պետք է հասցնեն խաղաղության նավահանգիստ, եւ այդ նվիրյալները դո՛ւք եք, սիրելի՛ սպաներ եւ զինվորներ»։
ՏԵՐ ՄՈՎՍԵՍ
ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդ
Օրերս ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը հովվական այցելությամբ զորամիավորումներից մեկում էր, որի ընթացքում զորամիավորման ավագ գնդերեցի և գնդերեցների հետ միասին իրականացրին ծիսարարողակարգային միջոցառումներ՝ զինծառայողների օրհնության, մկրտության, տնօրհնեքի եւ հոգեհանգստյան կարգեր, մատուցվեց Ս. Պատարագ։
-Պարբերաբար այցելում ենք տարբեր զորամասեր, մարտական դիրքեր՝ որոշակի ծիսական արարողություններ կատարելու, հանդիպում ենք հրամանատարական կազմի հետ, զորամասերում շփվում, զրուցում զինծառայողների հետ: Նպատակը զինծառայողների հոգեւոր, կամային որակները ամրացնելն է, նրանց Սուրբգրային ճշմարտություններին հաղորդ դարձնելը, հոգեւոր կարիքները սպասավորելը եւ որպես ազգային եկեղեցի՝ մեր զինծառայողների մեջ ազգային նկարագիր կերտելը, հայրենասիրական ոգի, նվիրում սերմանելը իրենց ծառայության նկատմամբ, իրենց հայրենի սրբությունների եւ արժեքների նկատմամբ,-նշում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը:
Զորամասերից մեկում ենք: Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչով օրհնվում է զորամասը: Օրհնության արարողակարգին հաջորդում է ժամկետային զինծառայողների մկրտությունը:
-Մկրտության սրբազան արարողությամբ զինվորյալ հայորդիների հոգիների և գիտակցության մեջ է՛լ առավել են ամրագրվում ազգային-եկեղեցական հոգևոր արժեքները,- նշում զորամասի հրամանատար, գնդապետ Սասուն Պողոսյանը:
Մկրտվող զինծառայողներից շարքային Ավետիս Սողոմոնյանի կնքահայրը զորամասի գնդերեց Արեգ սարկավագն է, իսկ շարքային Նարեկ Կիրակոսյանի կնքահայրն էլ զինակից ընկերն է՝ Գագիկ Մալոյանը, որի հետ նույն մարտկոցում են ծառայում:
44-օրյա պատերազմի բովով է անցել Նարեկը, կռվել ամենաթեժ հատվածներից մեկում՝ Ջրականում:
-Վաղուց էի ցանկանում մկրտվել, բայց միշտ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Պատերազմից հետո ցանկությունս ավելի որոշակիացավ, հրաշքով եմ փրկվել, հավատքս Աստծո հանդեպ անչափելի է…
Զորամասի սպա-հոգեբան, լեյտենանտ Մարտին Մխիթարյանն էլ, որ հոգեւոր կրթություն է ստացել Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ուսանել Հռոմի պապական համալսարանում, հավելում է.
-Պիտի մշտապես առաջնորդվենք հավատքով: Մենք չպիտի կորցնենք հավատն առ Աստված, հույսը դեպի հաղթանակ, սերը դեպի հայրենիք: Հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է:
***
Ուղեւորվում ենք հյուսիսարեւելյան սահմանագոտին պահող մարտական դիրքեր:
Մարտական հենակետերում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը քաջալերում է զինվորներին, օրհնում, աղոթում նրանց խաղաղ ծառայության համար.
-Զինվորականի կերպարի մեջ քրիստոնեական բոլոր առաքինություններն են խտացված` աստվածասիրություն, քաջություն, անձնազոհություն, խոնարհություն, ընկերասիրություն… Հայրենիքին ծառայությունը աստվածահաճո ծառայություն է: Հայրենիքը միայն պետական սահմանը չէ, որ զինվորը պաշտպանում է, զինվորը պաշտպանում է նաեւ մեր հավատը, մեր մշակույթը, մեր լեզուն, մեր արժեքները….:
-Ամուր, աներեր կանգնած ենք պահպանելու ու պաշտպանելու մեր բոլոր արժեքներն ու սրբությունները, մենք հետ գնալու, նահանջելու ճանապարհ չունենք,- հրամանատար, գնդապետ Ղունգեն Վարժապետյանի ամեն բառից հաստատակամ վճռականություն է կաթում:- Ինչի համար ենք մենք այստեղ, եթե մեր խնդիրը չպիտի կատարենք: Զինվորներս էլ գիտեն, գիտակցում են՝ եթե սահմանի այս հատվածի անառիկությունը մեզ է վստահված, մենք պիտի անսասան պահենք ամեն գնով, այդպես չէ՞, տղե՛րք:
-Ճիշտ այդպես,- դիրքապահ տղաները հրամանատարից պակաս վճռական չեն:
-Մեր բոլոր հաղթանակների գրավականը բոլորիս փոխհամագործակցությունն է, միասնականությունը, երբ բոլորի ես-ը դառնում է մեկ ընդհանուր մենք,- բանաձեւում է հրամանատարը:
Սահմանային տարբեր հատվածներում է ծառայել Ղունգեն Վարժապետյանը, ուր էլ որ տեղափոխվել է, ընտանիքը մշտապես կողքին է եղել, գնդապետը կատակում է.
-Երեխեքս մեր տարածաշրջանի բոլոր բարբառներին սահուն տիրապետում են՝ ամբողջ հնչյունական յուրահատկություններով, շեշտադրմամբ:
Պատերազմի թոհուբոհով է անցել զինվորականը, մարտական գործողությունների մասնակից է՝ Այգեհովիտ, Լաչին, Կոռնիձոր…
– Մեր զորամասի զինծառայողները 44-օրյա պատերազմին մեծ կազմով են մասնակցել, ունեցել ենք զգալի կորուստներ: Զորամասում նրանց հիշատակին կառուցվել է «Կյանքս՝ կյանքիդ համար» հուշապատը, որտեղ մեր անմահացած քաջերի նկարներն են, անցնելիս միշտ պատվի ենք առնում: Իրենք երկնային «ստորաբաժանումում են», որ վերեւից էլ մեզ հետ են, նրանց ոգեղեն ներկայությունը ուղեկցելու է մեզ հավետ: Մենք դեռ կիսատ թողած գործեր ունենք, պիտի շտկենք, ուղղենք մեր ողնաշարը՝ քարը քարին հաստատուն դնելով, պետք է ամեն ժամը, ամեն րոպեն նպատակային, արդյունավետ օգտագործենք, ամրացնենք, կատարելագործենք ռազմական գիտելիքներն ու ունակությունները:
-Մեր կարգախոսը մեկն է՝ ոչ մի բան դեռ չի ավարտվել,-հրամանատարի խոսքը շարունակում է գումարտակի հրամանատար, մայոր Թաթուլ Մինասյանը,- մենք պարտք ունենք մեր զոհված ընկերների առաջ:
Թաթուլն ինքն էլ կենաց-մահու կռվի բովով է անցել՝ Մատաղիս, Ջրական, Հադրութ, Մարտունի…
-Զինվորների հետ հաճախ ենք զրուցում այդ դժնդակ օրերից: Պատերազմի ժամանակ խնդիր չկար, որ առաջադրվեր ու զինվորը հրաժարվեր, խուսափեր կամ վախենար կատարել: Կռվի ժամանակ տղերքը առյուծ էին կտրել…
-Մենք էլ նրանց ոգով շարունակելու ենք,- վստահեցնում են դիրքապահ տղաները:
Առաջնագծում ամուր ու վճռական կանգնած են զինվոր տղաները, որ Հայրենիքում շարունակի հնչել ոսկեղենիկ հայերենը՝ աղոթքի պես մեղմ ու զենքի պես հատու, որ հայոց եկեղեցիներում հար ղողանջեն զանգերը….
Դիրքապահ տղաներին հրաժեշտ ենք տալիս՝ խաղաղ ծառայություն մաղթելով: Գնացել էինք ոգեւորելու, գոտեպնդելու զինվորներին, իրենցից ոգեւորված, ուժ ու հավատ առած՝ վերադառնում ենք…
Մարտական դիրքերից հետդարձի ճանապարհին Հայր Մովսեսի խոսքերն եմ հիշում՝ մեր զինվորները ոգեշնչման անսպառ աղբյուր են…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՄԱՅԻՍ ՔԱՐԱՄՅԱՆԻ
Խորագիր՝ #08 (1430) 04.05.2022 - 10.05.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում