Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը ասել է, որ Եվրամիությունը պետք է քննարկի Ռուսաստանի սառեցված արժութային պահուստների առգրավման հարցը, որպեսզի օգնի վճարել Ուկրաինայի վերականգնման ծախսերը հատուկ գործողության ավարտից հետո։ Բորելը նշել է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի կենտրոնական բանկին պատկանող միլիարդավոր դոլարների ակտիվները՝ աֆղանստանցիներին օգնելու համար։ Նրա կարծիքով՝ տրամաբանական կլիներ նման միջոցներ քննարկել նաև Ռուսաստանի պահուստների հետ կապված։ ՌԴ ԱԳՆ-ն Բորելի նախաձեռնությունը կատարյալ անօրինություն է որակել:

Ռուսաստանում  աշխատանքներ են տարվում տարբեր կրիչների համար նոր սերնդի ցամաքային, օդային և ծովային տեղակայման հիպերձայնային հրթիռների ստեղծման ուղղությամբ: ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի գնահատմամբ՝ նոր հրթիռները իրենց բնութագրերով կգերազանցեն առաջատար պետությունների առկա և հեռանկարային մշակումները։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական կողմն արդեն սկսել է նավթ վաճառել մի շարք նոր գնորդների։ Ստեղծված իրավիճակում ռուսական նավթային ընկերությունները նոր ուղղություններ, մատակարարման նոր շղթաներ են փնտրում: Նկատվում է նաև որոշ ուղղություններով նավթի արտահանման ծավալների ավելացում, այդ թվում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը, ներառյալ՝ հում նավթի ներմուծման էմբարգոն, ավելի շատ կվնասի Հունգարիային, քան Ռուսաստանին, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Գերմանիան «ճգնաժամային ծրագիր» է պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումների հանկարծակի դադարեցմանն արձագանքելու համար: Ծրագիրը ենթադրում է կառավարության կողմից վարկերի և երաշխիքների տրամադրում՝ Էներգետիկական ընկերություններին աջակցելու և չափազանց կարեւոր ֆիրմաների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան նախատեսում է գնել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի  երկրորդ խմբաքանակը։ Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը խորացնելուց հետո Թուրքիան խնդիրներ ունեցավ ամերիկյան ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ մարտական ինքնաթիռներ գնելու հարցում, Սակայն օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ կողմից Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի դյուրին և արագ լինի:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է AKINCI ԱԹՍ-ների մարտական կիրառման առաջին կադրերը։ ԱԹՍ-ն գործի է դրվել Bayraktar TB2-ի հետ համատեղ Իրաքի հյուսիսում անցկացվող Penջe-Kilit գործողության ընթացքում։

Թուրքիան ծրագրում է մինչև 2026 թվականը ՀՕՊ և ՀՀՊ էշելոնացված համակարգ ստեղծել։

Թուրքիան իր ազգային արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն VURAL համալիրը ներգրավել է սպառազինության մեջ։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում բռնազավթված հայկական Շուշիում հյուպատոսություն բացելու շուրջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կարծիքով՝ Ուկրաինայի պատերազմը շրջադարձային պահ է Եվրոպայի ապագայի համար, այն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը։ Եվրամիությունը սպառնալիքներին դիմակայելու ստուգում է անցնում։ «Մենք կրկին համոզվեցինք, թե որքան դժվար և արժեքավոր է խաղաղության պահպանումը։ 21-րդ դարում Եվրոպայի սրտում ծավալված ողբերգությունը գործնականում Եվրոպան վերադարձնում է 1940-ականներ, և դա տագնապալի ազդանշան է բոլորիս համար»,- ասել է Չավուշօղլուն: Նա վստահեցրել է՝ որպես ԵՄ անդամության թեկնածու և ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան առանցքային երկիր է Եվրոպայի բոլոր խնդիրների լուծման հարցում։

 

ԻՐԱՆ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Տանգսիրին կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին տեղ չկա Պարսից ծոցում. տարածաշրջանի երկրները կարող են իրենք ապահովել իրենց անվտանգությունը: Իրանցի բարձրաստիճան հրամանատարը նախազգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը փորձում է վնաս հասցնել Պարսից ծոցում Իրանի շահերին, կստանա կործանիչ պատասխան։

«Իրանն ու Չինաստանը ընդլայնում են պաշտպանական համագործակցությունը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի Թեհրան կատարած այցի կապակցությամբ:

Իրանը և Թուրքիան, ավելի քան երբևէ, պետք է համագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում. այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով, որ մնացած չլուծված հարցերը պետք է հնարավորինս արագ կարգավորվեն երկկողմ համագործակցության շրջանակներում։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի կազմում գտնվող Կովսականի  շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Նա հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է: Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքով» երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Նաթավան Բայրամովան էլ հայտարարել է, թե Բարդա-Ակնա (Աղդամ) երկաթուղային գծում շինարարական աշխատանքները կատարվել են 44%-ով։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 2023 թ.։

Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության նախագահ Զաուր Միքայիլովը հայտարարել է, թե մշակվել են Արցախի գրավված տարածքներում երեք ջրամբարների վերականգնման նախագծային փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ 2021 թ. ընկերության իրականացրած նախագծերի շնորհիվ բարելավվել է ջրամատակարարումը 9,5 հազար հա հողատարածքում: 2,1 հազար հա նոր հողատարածքներ ապահովվել են ոռոգման ջրով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, իրենց իշխանությունները բնակեցնում են Հադրութն ու Շուշին։ Ավարտվել է 11 մլն մանաթի մրցույթը՝ 21 բնակավայրերի նախագծման համար։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նորաբնակները կլինեն ոչ թե «փախստականներ» և «հարկադիր տեղահանվածներ», այլ Արցախի դեմ ագրեսիային մասնակցած մերձավորարևելյան վարձկաններն իրենց ընտանիքներով։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա մինչև տարեվերջ կգերազանցեն 10 միլիարդ խորանարդ մետրը։ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն էլ նշել է, որ Ադրբեջանը մեծ հնարավորություններ ունի ավելացնելու դեպի Եվրոպա գազի մատակարարումները։ Օրինակ՝ Ադրբեջանը մեծացնում է գազի մատակարարումները բալկանյան որոշ երկրներ, այդ թվում՝ Բուլղարիա։ Գազի պակասորդը ադրբեջանական մատակարարումներով լրացնելու հույս է հայտնել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։ Այժմ Ադրբեջանը Բուլղարիա է մատակարարում տարեկան մինչև 300 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը չնչին ծավալ է համարվում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «EXA Infrastructure»-ը՝ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան կապող ամենամեծ թվային ենթակառուցվածքային հարթակը, և «Trans Adriatic Pipeline» (TAP) կոնսորցիումը համագործակցության հուշագիր են ստորագրել նոր օպտիկամանրաթելային երթուղի կառուցելու համատեղ նախաձեռնության շուրջ: Այն կմիացնի Ֆրանսիան Թուրքիայի հետ՝ եվրոպական «EXA Infrastructure» ցանցի ընդլայնման շրջանակում: Օգտագործելով 878 կմ երկարությամբ գազատարի երկայնքով տեղադրված օպտիկամանրաթելային մալուխը՝ նախատեսվում է ստեղծել միակ ուղիղ կապը Հարավարևելյան և Արևմտյան Եվրոպայի միջև:

Իսրայելը նախատեսում է 2025 թ. ցորեն գնել Ադրբեջանից։ Իսրայելը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ ցորենի արտադրությունն ավելացնելու համար։

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հերքել է Ադրբեջանում ամերիկյան լաբորատորիաների գոյության մասին Մոսկվայից հնչող պնդումները։ Ադրբեջանում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարել էր ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #09 (1431) 11.05.2022 - 17.05.2022, Տարածաշրջան


13/05/2022