Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայի էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանություն»։ Պուտինը նշել է, որ Եվրոպան խնդիր է դրել հրաժարվելու ռուսական էներգակիրներից՝ անտեսելով իր տնտեսությանը հասցված վնասը։ Մինչդեռ եվրոպացիները բացահայտ խոստովանում են, որ դեռ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից:

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին մեկուսացված լինել աշխարհից: Արևմտյան երկրներից մեկուսացվելու դեպքում Ռուսաստանի իշխանությունները կապեր կունենան Չինաստանի և այլ պետությունների հետ: Պետք է ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ այլ ձևերով շփվելու և որոշակի բիզնես անելու համար: Բայց դա ժամանակ է պահանջում և կարող է տևել նույնիսկ տասնամյակներ:

 

Ռուսաստանը դուրս է գալիս Բալթյան պետությունների խորհրդից` ի պատասխան թշնամական գործողությունների, բայց դա չի ազդի տարածաշրջանում նրա ներկայության վրա:

Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ հետևյալն է. «Բալթիկայից մեր երկիրը դուրս մղելու փորձերը ձախողման են դատապարտված: Կշարունակենք աշխատել պատասխանատու գործընկերների հետ, միջոցառումներ անցկացնել Բալթյան տարածաշրջանի՝ մեր ընդհանուր սեփականության  զարգացման հանգուցային հարցերի շուրջ, պաշտպանել հայրենակիցների շահերը»:

 

Սերգեյ Լավրովը հայտարարել է արևելյան երկրների, մասնավորապես՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ ՌԴ անխուսափելի մերձեցման մասին, ընդ որում՝ այն փոխադարձ է:

 

Աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի` JPMorgan-ի գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան սպասվում էր կոշտ պատժամիջոցների պայմաններում:

 

Սերգեյ Լավրով. «Հավաքական Արևմուտքը մեզ համընդհանուր, հիբրիդային պատերազմ է հայտարարել: Դժվար է կանխատեսել, թե որքան կտևի այս ամենը, բայց պարզ է, որ հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության: Մենք ամեն ինչ արեցինք ուղիղ բախումից խուսափելու համար, բայց եթե մարտահրավեր է նետվել, մենք, իհարկե, ընդունում ենք այն»:

ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ են գործնական համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։ «Գիտակցելով Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման մեր պատասխանատվությունը՝ մենք ընդգծում ենք մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը գործնական համագործակցություն հաստատելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,- ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակի և կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ։

 

ԹՈՒՐՔԻԱ

 

Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին: Պաշտոնական Անկարան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող պետությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ, արգելեն գործունեությունը, արտահանձնեն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց: Եվրախորհրդարանում Թուրքիային մեկուսացմամբ են սպառնացել ՆԱՏՕ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընդունումն արգելափակելու դեպքում:

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է սակարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցելու համար` առաջ քաշելով որոշակի նախապայմաններ: Թուրքիան ուզում է կրկին ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում։ ԱՄՆ-ից պահանջում է նոր F-16 ինքնաթիռներ և արդիականացման միջոցներ, ինչպես նաև՝ չեղարկել ռուսական Ս-400-ների գնման համար նախատեսված պատժամիջոցները։

Շվեդիան և Ֆինլանդիան էլ պետք է չեղարկեն 2019 թ. Սիրիա ներխուժումից հետո Թուրքիայի զենքի արտահանման սահմանափակումները:

 

Թուրքիայի արևելքում պաշտոնապես բացվել է «Ռիզե-Արդվին» նոր օդանավակայանը, որտեղ առաջինը վայրէջք է կատարել նախագահ Էրդողանի ինքնաթիռը: Բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ակնկալվում է, որ օդանավակայանը տարեկան պետք է սպասարկի շուրջ 3 մլն ուղևորի:

 

Ղազախստանում նախատեսվում է թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն իրականացնել:

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը և Kazakhstan Engineering ընկերությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ղազախստանում թուրք-ղազախական համագործակցությամբ թուրքական ANKA հարվածային անօդաչու թռչող սարքեր կարտադրվեն: Մինչ այս ANKA անօդաչու սարքերը մատակարարվում էին Ղազախստանին: Ըստ նոր պայմանագրի՝ անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվի Ղազախստանում: Այս պայմանագրի կնքմամբ Ղազախստանը կդառնա առաջին արտասահմանյան երկիրը, որտեղ կհիմնվի ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրություն։

 

Թուրքիան F-16 կործանիչների համար հրթիռներ ու ռադարներ գնելու հարցում է ուղարկել ԱՄՆ: Պահանջվող սարքավորումների արժեքը գերազանցում է 400 մլն ԱՄՆ դոլարը: Այս գործարքը առանցքային կարող է լինել Անկարայի կողմից 40 նոր F-16 կործանիչներ գնելու գործարքի իրագործման առումով: Նախկինում ամերիկյան օրենսդիրները դեմ էին հանդես գալիս Թուրքիային կործանիչներ վաճառելուն, սակայն թուրք պաշտոնյաներն այժմ հուսով են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում թուրքական կողմի միջնորդական քայլերից հետո գործարքը կկայանա: ԱՄՆ կոնգրեսականների դրական եզրակացության դեպքում Թուրքիան սարքավորումներ և կործանիչներ կստանա արդեն 2022 թվականին:

 

Թուրքական բանակն առաջին անգամ անօդաչու ուղղաթիռներ կստանա, որոնք կօգտագործվեն հետախուզության, մարտական պարեկության, ռազմատրանսպորտային նպատակներով: Արհեստական ինտելեկտով առաջին ուղղաթիռը բանակը կսկսի օգտագործել առաջիկա օրերին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։ Նման միջոցները հատկապես պահանջված կլինեն Թուրքիային սահմանակից Սիրիայի այն շրջաններում, որտեղ հաճախ գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների դեմ։

Անօդաչու ուղղաթիռները հնարավոր է օգտագործել ցանկացած եղանակային պայմաններում։ Ռազմական խնդիրների լուծման հետ մեկտեղ դրանք կարող են կիրառվել անտառային հրդեհները մարելու, գյուղատնտեսության մեջ, քաղաքացիական այլ նպատակներով:

Անօդաչու ուղղաթիռի քաշը 250 կգ է։ Այն օդում կարող է մնալ 8 ժամ և թռչել 6,5 կմ բարձրության վրա։

 

ԻՐԱՆ

 

Ուկրաինայում իրադրությունը չի վնասի Մոսկվայի և Թեհրանի ռազմավարական հարաբերություններին, Իրանը ջանում է ՌԴ-ի հետ կապերն օգտագործել Ուկրաինայում հակամարտության լուծման համար.- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Թեհրանը մտադիր է մեծացնել Մոսկվայի հետ առևտրի և ներդրումների ծավալները, նույնիսկ հակառուսական պատժամիջոցների պայմաններում: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է ռուսաստանյան տարբեր պետական կազմակերպությունների հետ տարվող լուրջ աշխատանքի մասին, նշել, որ Իրանի տնտեսական ներուժի զգալի մասը ներկայումս «դեմքով շրջված է դեպի Ռուսաստանը»:

 

Ըստ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի զարգացումը եւ այս պահին ավարտում է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադրությունը:

Թեհրանը մի քանի շաբաթ հետո կարող է ստանալ այնպիսի քանակությամբ տրոհվող նյութ, որը բավական կլինի առաջին միջուկային ռումբի ստեղծման համար: Նախարարի գնահատմամբ՝ Իրանը շարունակում է կուտակել անդառնալի ծավալի գիտելիքներ և փորձ կատարելագործված ցենտրիֆուգների մշակման, հետազոտությունների, արտադրության և դրանց կառավարման բնագավառում:

 

Քազեմ Ջալալին նաև հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը  լավ լուծումներ են գտել նավթագազային ոլորտում համագործակցության համար. Թեհրանը Մոսկվային է փոխանցել որոշակի առաջարկներ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարության օրակարգում է ռուսական ընկերությունների հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների լուրջ դիտարկումը։ Կողմերը բանակցություններում լավ լուծումների են հասել նավթագազային հանքավայրերի արդյունահանման, զարգացման, վերամշակման, նավթազտման և սարքավորումների ու տեխնոլոգիաների փոխանցման շուրջ։

 

Թուրքիան Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը չի համաձայնեցնում հարևանների հետ: Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանի խոսքով՝ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաեւ Արաքսի ջրերի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված աշխատեն։ Միակողմանի և անհատական մոտեցումը կարող է վտանգներ պարունակել գետի համար: Նախարարը նշել է, որ այս հարցում իրենց մտահոգությունները քանիցս փոխանցել են Թուրքիային։

 

Դուշանբեում Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի ներկայությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան է բացվել: Մոհամմադ Բաղերին նշել է. «Ներքին կարիքները բավարարելուց զատ, մենք կարող ենք ռազմական տեխնիկա արտահանել դաշնակից և բարեկամ երկրներ՝ անվտանգության և կայուն խաղաղության ամրապնդման համար»։

 

ՆԱՏՕ

 

Ֆինլանդիան և  Շվեդիան  Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել: Անդամակցությունը հաստատվելու դեպքում երկու պետություններն էլ դեմ են լինելու երկրի տարածքում միջուկային զենք և ռազմաբազաներ տեղակայելուն: Գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է արագացնել այն:

Այսպիսով՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհրաժարվեն բազմամյա չեզոքությունից: Ռուսաստանում արդեն արձագանքել են ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնմանը և հայտնել ռազմական և ռազմատեխնիկական համարժեք պատասխանի մասին:

 

Եվրամիության պաշպանության նախարարները հավանություն կտան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի դաշինքը և եվրոպական միասնությունը,- հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բորելը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կկարողանա հաղթահարել այդ երկրների ընդունման՝ Թուրքիայի դիմադրությունը:

 

ԵՄ

 

Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է Եվրոպայում պաշտպանության բնագավառի լուրջ խնդիրների մասին: Ռազմական ծախսերի և արդյունավետության վերլուծությունը բացահայտել է պաշտպանական համակարգի  խոցելիությունը: Լուրջ խնդիրներ կան քաղաքների և ենթակառուցվածքների հակաօդային պաշտպանության, զինամթերքի պակասի, մատակարարումների, կիբեռանվտանգության առումով և այլն: Փաստացի, Ուկրաինայի իրադարձությունները բացահայտեցին «խաղաղ ժամանակ պաշտպանության ցածր ծախսերի» բացասական հետևանքները: Մոտավոր հաշվարկներով՝ եվրոպական ռազմական ծախսերը, որ մինչ այժմ կազմում էին տարեկան շուրջ 200 մլրդ եվրո, կավելանան մոտ 60 մլրդ եվրոյով: Սա կլինի Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ռազմական ծախսերի ավելացման ամենամեծ ցուցանիշը:

Պատրաստեց ԱՐՍԵՆ  ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #10 (1432) 18.05.2022 - 24.05.2022, Տարածաշրջան


20/05/2022