ԶԱՐՄԱՑՐՈ՛Ւ ԱՂՋԿԱՆ
Կինը բարդ արարած է, եւ տղամարդիկ հաճախ ճիշտ չեն հասկանում նրան: Դրա հետեւանքով երբեմն «գործը» փչացնում են հենց այն պահին, երբ ամեն ինչ կարծես թե լավ էր, աղջիկը կարծես թե համակրում էր նրան, եւ ծանոթությունը կարծես թե զարգանում էր լուրջ հարաբերությունների վերածվելու ուղղությամբ: Քննարկենք տարածված մի սխալ:
Կանայք, որպես կանոն, իրենց համակրանքը բացահայտ չեն արտահայտում, այլ՝ թեթև հպումով, գայթակղիչ ժպիտով, երբեմն ասելով` «Դու այնքան զվարճալի ես», երբեմն էլ ձեր սրամտության վրա ծիծաղից թուլանալով: Տղաներից շատերն այս ամենից շտապում են եզրակացնել, որ վե՛րջ, ևս մի ամրոց են նվաճել, և աղջկը սիրահարված է: Ու սկսում են իրենց ավելի ազատ ու վստահ պահել, ավելի անպարկեշտ անեկդոտներ պատմել, անպարկեշտ ակնարկներ անել և նույնիսկ ինչ-ինչ հարցերում աղջկան թելադրել իրենց կամքը, ասես ամուսին են և ոչ թե երկու ամսվա ծանոթ: Եվ սրանով ամեն ինչ փչացնում են:
Աղջիկը մտածում է. «Ափսոս… Նրա սրամիտ, զուսպ, հետաքրքիր կերպարը միայն պաճուճանք էր, որի ետևում իրականում թաքնվում էր փսլնքոտ մեկը, որը միայն սպասում էր իմ չնչին հավանությանը, որպեսզի լեզվին ու ձեռքերին ազատություն տա»:
Նկատի ունեցեք, որ կանայք անընդհատ (երբեմն նույնիսկ ենթագիտակցորեն) օգտագործում են շփման տարբեր ձևեր, որպեսզի «շոշափեն» իրավիճակը և կարողանան ճանաչել տղամարդուն. վստահելի՞ է, թե՞ ոչ, ազնի՞վ է, թե՞ շողոքորթ, ուզում է ժամանա՞կ անցկացնել, թե՞ իսկապես հավանում է իրեն:
Եթե աղջիկն ասում է՝ «Դու ինձ դուր ես գալիս» կամ՝ «Դու համակրելի ես», դա դեռ սիրո խոստովանություն չէ, թեպետ շատ կարևոր պահ է: Հիշեք՝ կինը գնում է նրա հետևից, ով իրեն թեթևակի «հրում» է: Պետք չէ պատասխանել՝ «Դու էլ ես շատ համակրելի» կամ «Դու էլ ինձ ես դուր գալիս»: Թերևս, դա առանց ասելու էլ պարզ է::
Իսկ ի՞նչ ասել: «Աստղային պատերազմներ» ֆիլմում կա մի դրվագ, երբ թշնամիները պետք է երկար ժամանակով սառեցնեն տիեզերագնաց Հան Սոլոյին (դերակատարը Հարրիսոն Ֆորդն է): Նրա սիրած աղջիկը` Լեյան, մոտենում է և շշնջում՝ «Ես քեզ սիրում եմ»: Ի՞նչ է պատասխանում Հանը. ոչ թե՝ «Ես էլ քեզ», այլ՝ «Ես գիտեմ»: Արդյունքում, Լեյան մնում է անորոշության մեջ և չգիտի, թե ի՞նչ է զգում Հանը: Այդ բազմանշանակ պատասխանը կարող է ինչ ասես նշանակել (այդ թվում՝ փոխադարձ սեր), և աղջկան մտորելու ու մտատանջվելու տեղ է թողնում (իսկ կանանց դա դուր է գալիս):
Կամ ուրիշ իրավիճակ. աղջիկը հանդիպման է եկել բարձրակրունկ կոշիկներով և հազիվ է կարողանում քայլել: Կարող եք ասել՝ ի՜նչ գեղեցիկ կոշիկներ են, և դրանով նրան չեք զարմացնի: Բայց կարող եք նաև թեթևակի ծաղրել. «Առանց դրանց քո հասակը երևի մետր հիսո՞ւն է»: Ամենայն հավանականությամբ, նա զարմանքից բերանը կբացի ու աչքերը կչռի ձեզ վրա: Նա արդեն լարված է: Իսկ դուք շարունակում եք. «Ահ, կներես, սխալվեցի՝ մետր հիսուներե՞ք»: Նա վերջապես հասկանում է ձեր հումորը և սեթևեթելով հարվածում ձեր ձեռքին՝ «Բայց դու տիպն ես, հա՜»: Իսկ դո՞ւք ինչ եք պատասխանում: Ինչ որ Հան Սոլոն՝ «Գիտեմ»: Զարմացրեք աղջկան, նրան պահեք լարված վիճակում, և հաջողությունն ապահովված է:
Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա