«ՄԵՐ ԼՈՒՅՍԸ ՎԵՐԵՎՈՒՄ Է»
«Եղբայրս չափազանց համբերատար էր ու լուրջ, միեւնույն ժամանակ, պատրաստ էր կյանքն անգամ տալու ընկերների համար, պատերազմի ժամանակ էլ հերոսաբար կռվեց հանուն ընկերների ու իր երկրի»,- ժամկետային զինծառայող 19-ամյա Արմեն Ղազարյանին այսպես է ներկայացնում քույրը՝ Քրիստինեն:
Բարի հայացքով, բարձրահասակ ու թիկնեղ երիտասարդը ծնվել ու հասակ է առել Արմաշ գյուղում: Արմենը մեծ սիրով զբաղվում էր հողագործությամբ, օգնում ընտանիքին, միաժամանակ նաև հանրակրթական ուսումն էր կարևորում և բարձր առաջադիմությամբ էր սովորում դպրոցում:
2019 թ. հուլիսի 16-ին Արմենը կիսատ է թողնում ուսումը և զորակոչվում է բանակ: Քույրը նշում է, որ եղբայրը կարեւորում էր զինվորական ծառայությունը և ուզում էր օր առաջ զորակոչվել. «Շատ էր ուզում զինվորական պարտքը կատարել Արցախում. հորեղբորս տղան «Եղնիկներում» էր ծառայում, եւ երբ զրուցում էինք, ասում էր, որ պետք է գնա ու դիրքերում հերթափոխի նրան: Մտածում էր, որ երկու տարին այդպես ավելի արագ կանցնի և միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները»,- պատմում է Քրիստինեն:
Արմենի ցանկությունն իրագործվեց. ծառայության առաջին ամիսներին Մատաղիսում էր, հետո տեղափոխվեց ուսումնական զորամաս և մասնակցեց սերժանտական դասընթացների՝ ձեռք բերելով մասնագիտական փորձ ու հմտություն. «Երբ զանգում էր, միշտ տրամադրությունը բարձր էր, ուրախ էր: Շատ կարգապահ զինվոր էր և սիրված ու հարգված հրամանատարների կողմից»,- ասում է Արմենի մտերիմներից Աստղիկը:
Եռամսյա դասընթացների ավարտից հետո «կրտսեր սերժանտ» կոչումով Արմեն Ղազարյանը վերադառնում է իր հիմնական ծառայավայր, որտեղ էլ ստացած գիտելիքները մեծ պատրաստակամությամբ ու ոգևորությամբ փոխանցում է զինակից ընկերներին, ջանում, որ զինվորները հնարավորինս լավ տիրապետեն իրենց մասնագիտությանը:
Արմենը գնդացրորդ էր, գերազանց տիրապետում էր զենքին, նաև դիրքի ավագն էր: Մտերիմները պատմում են, որ ծառայության ընթացքում հատկապես կարևորում էր մարտական հերթապահությունը:
…2020 թ. սեպտեմբերի 26-ին Արմեն Ղազարյանը դարձյալ բարձրանում է դիրք՝ մարտական հերթապահություն իրականացնելու, բայց այս անգամ տագնապ հրամանով. կար հակառակորդի բացահայտ հարձակման վտանգ:
… Պատերազմի հենց առաջին օրը հայրենիքի նվիրյալ զինվորը նետվում է մարտի: Թալիշի մարտական բնագծում իր բոլոր կարողություններն ու զինվորական հմտություններն էր ներդնում. «Կռվի առաջին ժամերն էին, փորձում էինք կապ հաստատել Արմենի հետ, բայց չէր ստացվում, զանգեցինք մարտական ընկերոջը և խնդրեցինք ինչ-որ լուր տալ: Ռացիայով կապ հաստատեց, ու հեռվից լսեցինք ձայնը, շատ ուրախացանք, որ ամեն ինչ լավ է,- պատմում է Աստղիկը ու հավելում,- ցավոք, այդ զանգը վերջինն էր մեր զինվորի հետ….»:
Արմեն Ղազարյանը թուրք-ադրբեջանական գրոհայինների դեմ մարտնչել է արիաբար, զինվորը չի ենթարկվել նահանջ հրամանին ու շարունակել է մնալ դիրքում, կռվել ծայրահեղ ծանր մարտական գործողությունների ու ավիահարվածների պայմաններում: Արմենի մտերիմների խոսքով՝ նա իր վերջին կռիվը մղել է սեպտեմբերի 30-ին և հերթական ռազմագործողությունը կատարելիս էլ հերոսաբար զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածի ալիքից: Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արմեն Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Նրա զոհվելուց հետո հարազատների ու մտերիմների ջանքերով լույս է տեսել «Մեր լույսը վերևում է» գիրքը, որը պատմում է Արմեն Ղազարյանի կյանքի ու հերոսական կռվի մասին: Գրքի հեղինակը նրան խորապես ճանաչող Աստղիկ Տոնոյանն է, որն ասում է, թե իր նպատակը ընթերցողին ճանաչելի դարձնելն է Արմեն մարդու եւ հայրենիքի նվիրյալ զինվորի կերպարը, որը գիտակցաբար զոհվեց հանուն Արցախ աշխարհի…
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #10 (1432) 18.05.2022 - 24.05.2022, Ճակատագրեր