ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ
Թռիչքից առաջ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հարդարում են հիմնական և պահեստային պարաշյուտները, լսում ավագ հրահանգիչ, փոխգնդապետ Վազյանի վերջին հրահանգները…
Ուղղաթիռային վերելքից մինչև պարաշյուտային վայրէջք. նախաթռիչքային պատրաստության պարապմունքներն անցնում են մասնագետների աչալուրջ հսկողությամբ, անվտանգության կանոնների հրահանգավորմամբ եւ խստագույն պահպանմամբ։
Ոլորտի փորձառուները սկսնակներին ներկայացնում են, թե ինչպես ու քայլերի ինչ հաջորդականությամբ պետք է ցատկել ուղղաթիռից՝ կարևորելով մանրուք թվացող յուրաքանչյուր նրբություն։
Նախաթռիչքային պատրաստությունից հետո վերջնական տեսքի են բերվում հանդերձանքը, պարաշյուտները, ստուգվում և վերստուգվում են ամրակցումները։ Հրահանգիչները տղաներին ևս մեկ անգամ են հիշեցնում անվտանգության կանոնները, վայրէջքի ընթացքում գործողությունների հերթականությունը։
…Ուղղաթիռն իր առաջին շրջանը կատարում է թռիչքադաշտի վերևով։ Րոպեներ անց երկնքում փոքր «կետեր» են հայտնվում, որոնք հետզհետե մեծանում են և աստիճանաբար վերափոխվում պարզ տեսանելի պատկերի՝ կետերից վերածվելով սպիտակ պարաշյուտների։
Օդում տղաները մի քանի րոպե վայելում են ազատ անկման բերկրանքը և բարեհաջող վայրէջք կատարում նախանշված վայրում:
-Պարաշյուտը բացվում է թռիչքից երեք վայրկյան անց։ Այդ երեք վայրկյանում էլ ադրենալինը հասնում է առավելագույնի,- ասաց պարաշյուտային առաջին թռիչքը կատարած կուրսանտ Հարություն Առաքելյանը։
-Վերևից մի սքանչելի տեսարան բացվեց աչքերիս առաջ. աննկարագրելի գեղեցիկ է մեր երկիրը… Այս առաջին թռիչքը ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ,- անկեղծացավ Վահե Այվազյանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1432) 18.05.2022 - 24.05.2022, Ազգային բանակ