Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁՄԵՌ ՊԱՊԸ ԿԲԵՐԻ… ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



Աշխարհի տարբեր ժողովուրդներ Ամանորը դիմավորում են յուրովի: Ավստրալիայում, օրինակ, ձյան, եղևնիների և այլ ատրիբուտների բացակայության պայմաններում ընդունված է Ամանորը դիմավորել երկրի ծովափնյա մասերում և լողափերում` Ձմեռ պապին դիմավորելով լողազգեստներով: Իտալիայում տեղի բնակչության շրջանում ընդունված է Ամանորի գիշերը ձերբազատվել հնամաշ և իրենց դարն ապրած իրերից` դրանք վայր նետելով հենց բնակարանի պատուհաններից: Մենք` հայերս, Ամանորը դիմավորում ենք ընտանեկան միջավայրում, այնուհետև Նոր տարվա առաջին օրերին այցելում ենք մեր մտերիմներին և հարազատներին:

Իրենց հերթին, Ամանորը դիմավորելու յուրօրինակ եղանակ են ընտրել նաեւ հարևան Ադրբեջանում: Ժամացույցի առաջին 12 զարկերը ազդարարում են ոչ միայն Նոր տարվա, այլև հերթական զորակոչի մեկնարկը: Ահա այսպես, ս.թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի հունվարի 1-ից հունվարի 30-ը զորակոչ անցկացնելու մասին: Զորակոչվելու են արական սեռի բոլոր այն ներկայացուցիչները, որոնց 18 տարին բոլորել է զորակոչի անցկացման օրը ներառյալ, ինչպես նաև 1977-1993 թվականներին ծնված արական սեռի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք չունեն զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:

Անկախ ամեն ինչից, ստացվում է, որ Նոր տարվա առաջին օրը հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ իրենց հարազատների և մտերիմների հետ միասին կանցկացնեն ոչ թե իրենց բնակարաններում` տոնական սեղանների շուրջ, այլ զինկոմիսարիատներում և հավաքակայաններում:

Ընդհանուր առմամբ, տարօրինակ լինելուց բացի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագիրը որոշ չափով հակասում է նաև Ադրբեջանի օրենսդրությանը: Մասնավորապես, 2012թ. հունվարի 1-ը կիրակիից զատ, նաև պետական տոնի կարգավիճակ ունի, և տվյալ օրը Ադրբեջանում համարվում է ոչ աշխատանքային: Ուստի որքանո՞վ է արդարացված պետական տոն և հանգստյան համարվող օրը զորակոչ սկսել, պարզ չէ: Ամանորյա զորակոչը ադրբեջանական հասարակության մեջ միայն խուճապ և մտահոգություն կարող է առաջացնել:

Մնում է միայն, որ Ադրբեջանի իշխանությունները զորակոչիկների ծանուցագրերն ուղարկեն Ձմեռ պապերի ծառայության միջոցով: Կամ էլ հակառակը` Ձմեռ պապերի «պարտականությունները» դնեն Ադրբեջանի զինկոմիսարիատների աշխատակիցների վրա, իսկ խնայված միջոցներն օգտագործեն, օրինակ, 2012թ. մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի անցկացման ծախսերը հոգալու համար: Այդպիսով մրցույթի ֆինանսավորման բեռը կթոթափվի ադրբեջանական դպրոցների ուսուցիչների ուսերից:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ռազմաքաղաքական


28/12/2011