Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ՏԻԲԵԹՈՒՄ



Հայտնի է, որ Երրորդ ռայխն իր նպատակներին հասնելու համար օգտագործում էր նաև օկուլտիստական (այսինքն` գաղտնի, միստիկական) «գիտություններն» ու մոգությունը: Հաղթանակ տանելու համար, նախ, անհրաժեշտ էր ճիշտ խորհրդանշաններ ընտրել: Նացիստական վերնախավն ընտրում է հին արիական նշան սվաստիկան` կեռ խաչը` արևի, անմահության և անսահմանության խորհրդանիշը: Այն հանդիպում է արիացի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հայերի մշակույթում, իսկ Հնդկաստանում, Ճապոնիայում, Տիբեթում այսօր էլ ամեն քայլափոխի կարելի է տեսնել այս նշանը:

Նացիստները վերցնում են նաև սկանդինավյան ռունաներից (հին գերմանացիների այբուբենի տառեր) մի քանիսը, ի թիվս որոնց սոուլու նշանը` որպես հաղթանակի, հաջողության, ուժի և ինքնավստահության խորհրդանիշ: Հիմլերի առաջարկով Հիտլերը հաստատում է կրկնակի սոուլու նշանը` որպես ԷսԷսի խորհրդանշան: Նշանի կրկնությունը պետք է կրկնապատկեր ռազմիկների ֆիզիկական և իսկական արիացիների միստիկական ուժը:

1929թ. Հիտլերը Գեբելսին նշանակում է նացիստական կուսակցության քարոզչության ղեկավար: 1933թ.-ին ստեղծվում է «Անեներբեն»` Հին գերմանական պատմության և նախնիների ժառանգության ուսումնասիրման գերմանական միությունը: Նացիստներն առաջնային նշանակություն էին տալիս հնդկական Վեդաների` հնագույն սուրբ գրքերի ուսումնասիրությանը: Առաջին տիբեթցիները և Վեդաների գիտակ հնդիկները Գերմանիայում են հայտնվում 1922թ., մինչև Հիտլերի իշխանության գալը: Նրանց հայտնվելը կապված է Կարլ Հաուսհոֆերի անվան հետ: Նա իրեն անվանում էր արևելյան միստերիաների աշակերտ, կոչ էր անում գաղութացնել Կենտրոնական Ասիան, մասնավորապես` օկուլտային կենտրոն Տիբեթը, ինչը Հիտլերին կտար միստիկական ուժ և կապահովեր Աստծո հետ ուղիղ կապ:

Տիբեթցիների երկրորդ խումբը Բեռլին է ժամանում 1924թ.: Նրանց կարգավիճակն այնքան բարձր էր, որ ոչ ոք, նույնիսկ Վերմախտի գնդապետը նրանց ներկայությամբ նստելու իրավունք չուներ: Ի դեպ, պատերազմի ավարտից հետո, խորհրդային զինվորականների կողմից Ռայխի գրասենյակի հետախուզման ժամանակ հայտնաբերվում են սպանված տիբեթցի լամաների դիակներ:

ԷսԷսի ռայխսֆյուրեր Հիմլերը հավատում էր սև մոգությանը և հոգիների վերաբնակեցմանը: Վեվելսբուրգ ամրոցում ամեն տարի գաղտնի հավաք էր անցկացվում: Մեկ շաբաթվա ընթացքում ներկաները կենտրոնացման վարժություններ էին կատարում: Հոգեբանա-ֆիզիկական պատրաստության ծրագրում կիրառվում էր շների դեմ պայքարը: Անզեն, մինչև գոտկատեղը մերկ էսէսականը 12 րոպե պետք է կարողանար դիմադրել հսկայական կատաղի դոգին: Այնուհետև գալիս էր տանկերով փորձությունը: Թրթուրներով միմյանց կպած տանկերը շարժվում էին դեպի ապագա էսէսականը, որը զինված էր միայն սակրավորի բահով: Նա ուներ ընդամենը 24 վայրկյան խրամատ փորելու և տանկից թաքնվելու համար: Կային նաև այլ փորձություններ:

Մեծ կարևորություն էր տրվում նաև ռասայական մաքրությանը: Ամուսնանալու մտադրություն ունեցող էսէսականը պետք է ստանար ռայխսֆյուրեր Հիմլերի թույլտվությունը: Իսկ արդեն Հիտլերի օրոք կազմակերպվում են մաքուր ռասայի ստեղծման կենտրոններ, որտեղ զտարյուն արիացի կանայք հանդիպում էին զտարյուն արիացի տղամարդկանց հետ, իսկ այնուհետև նրանց երեխաներին մեծացնում ու դաստիարակում էր պետությունը: Գաղտնիությունը երաշխավորվում էր: Այդպիսի երեխաների թիվը հասնում է շուրջ 50 հազարի: Այս կապակցությամբ նշենք, որ եթե Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարահյին պատերազմի ընթացքում կորցրեց իր բնակչության 3,7%-ը, ապա Գերմանիայի բնակչությունն ավելացավ 7,5%-ով:

1931 և 1935 թվականներին ճանաչողական արշավախմբեր են ուղարկվում Տիբեթ` գերմանացի երիտասարդ գիտնական Էռնեստ Շեֆերի գլխավորությամբ և ամերիկացիների ֆինանսավորմամբ: Իսկ 1938թ. արդեն Հիմլերի կարգադրությամբ էսէսականների արշավախումբ է ուղարկվում Տիբեթ: Այն ոչ միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում, այլև միստիկական: Հրամայված էր գտնել խորհրդավոր Շամբալան` առասպելական երկիրը, որտեղ գտնվում է Երկրի ուժային կենտրոնը և ապրում են աշխարհի իրական տիրակալները:

Արշավախումբը Տիբեթում անցկացնում է երկու ամիս` կատարելով հսկայական աշխատանք. Շեֆերը մայրաքաղաք Լհասայում հանդիպում է Տիբեթի ռեգենտին, կարգավորում Լհասա-Բեռլին ռադիոկապը: Արշավախմբի հաջողությունն ակնհայտ էր, թեպետ Շամբալան դեռ չէր հայտնաբերվել: Ավելին, Շեֆերը խիստ կասկածում էր դրա գոյությանը, ինչով չափազանց վիրավորում էր նացիզմի գլխավոր գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգին: Վերջինս համոզված էր, որ նախաարիացիները Տիբեթ են տեղափոխվել համաշխարհային ջրհեղեղից հետո և թաքնվել Հիմալայներում գտնվող ստորգետնյա երկրում:

Շեֆերի արշավախումբը Տիբեթից Գերմանիա է բերում նաև ժենշենի արմատ, որը կոչվում է նաև կյանքի արմատ: Գերմանացի քիմիկոսներին հաջողվում է բացել հրաշագործ արմատի գաղտնիքը: Նրանք երկարակեցության բուժահեղուկ են ստանում, որը տրվում է Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը` ծովի վրա խփված օդաչուներին փրկելու համար: Սովորաբար մահը վրա էր հասնում, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում էր մինչև +28՛: Սակայն ժենշենի օգտագործումից հետո օդաչուների կյանքը հնարավոր էր լինում փրկել, նույնիսկ եթե մարմնի ջերմաստիճանն ընկնում էր մինչև +4՛: Պատերազմում անձնատուր լինելուց առաջ գերմանացիները ոչնչացնում էին բուժահեղուկը և լաբորատոր հետազոտությունների մատյանները:

1942թ. նոյեմբերի 28-ին Ստալինգրադում գերմանական բանակի պաշարումից և Աֆրիկայում Վերմախտի դիվիզիայի ջախջախումից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարար Հիմլերը գնում է Հիտլերի մոտ` ներկայացնելով 2000 էջից բաղկացած մի զեկույց: Նրանք առանձին զրուցում են 6 ժամ: Հիմլերի զեկույցում, որից կցկտուր տեղեկություններ առաջին անգամ հրապարակվել են 1990-ին, մի սենսացիոն առաջարկ կար. շտապ Տիբեթ ուղարկել հմուտ ալպինիստներից ու գիտնականներից բաղկացած հատուկ ջոկատ` Շամբալայի քարանձավները փնտրելու համար: Մինչև ուղն ու ծուծը միստիկ Հիմլերը ենթադրում էր, որ աշխարհի առանցքը հետ պտտելով` ժամանակը հակառակ ուղղությամբ կընթանա, և Գերմանիան կկարողանա վերադառնալ իր համար բարենպաստ 1939թ. և, հաշվի առնելով բոլոր նախկին սխալները, կարող է նորից պատերազմ սկսել ու հաղթել: Հիտլերը, ընդհուպ մինչև մահը հուսով էր, որ Շամբալան կգտնվի: Այդ են վկայում նրա` 1945թ. գարնանն արված հայտարարությունները հրաշքի մասին:

1943թ. խիստ գաղտնիության պայմաններում Բեռլինից Տիբեթ են մեկնում հինգ հոգի, որոնց թվում էին Ավստրիայից պրոֆեսիոնալ ալպինիստ Հենրիխ Հարերը և Հիմլերի վստահված անձ Պետեր Աուֆշնայտերը: Սակայն արդեն մայիսին Բրիտանական Հնդկաստանում ամբողջ խմբին ձերբակալում են և բանտ նետում: Անհայտ է, թե ինչպես, բայց բոլոր էսէսականներին հաջողվում է փախչել, և նրանք տարվա վերջին հասնում են Տիբեթ: Իսկ թե ինչ է կատարվել նրանց հետ դրանից հետո, մինչև օրս հանելուկ է:

Հայտնի է միայն, որ Հարերը Լհասա է հասնում 1948թ.: Նա հինգ տարի Տիբեթում փնտրում էր Շամբալան և Լհասայում լրիվ պատահաբար իմանում է, որ պատերազմն ավարտվել է, և Գերմանիան պարտվել է: Հարերը աշխատում էր Դալայ-լամայի արքունիքում և 7-ամյա Դալայ-լամային անգլերենի դասեր էր տալիս: 1951թ. նա վերադառնում է Ավստրիա մի հսկայական արխիվով, որն իսկույն բռնագրավվում է բրիտանացիների կողմից: Ավելի ուշ ալպինիստն իր հուշերի գիրքն է հրատարակում` «Յոթ տարի Տիբեթում» վերտառությամբ, որի մոտիվներով նույնանուն ֆիլմ է նկարահանվել` Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ: Մինչև հիմա բրիտանական իշխանությունները հրաժարվում են գաղտնազերծել Հարերի արխիվը:

Այնուամենայնիվ, որտե՞ղ էր նացիստական արշավախումբն այդքան տարի: Պատմաբանների մի մասը գտնում է, որ Հարերն ի վերջո գտել է աշխարհի առանցքը, սակայն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե ինչպես այն պտտի հակառակ ուղղությամբ: Գաղտնիք է մնում նաև այն, թե ինչ եղան նրա ուղեկիցները:

Շամբալայի մասին լեգենդների համաձայն` երկրի առանցքում հսկայական էներգիա է կուտակված, և հենց այնպես նրան չի կարելի մոտենալ: Այդ պատճառով էլ ավանդություններում Շամբալան համարվում էր ամբողջ աշխարհը ղեկավարող կենտրոն: Ով նրան դիպչեր, նա էլ կարող էր ղեկավարել ժամանակը, նաև, ձեռք բերել մոգական հատկություններ, կարող էր պաշտպանության կենսադաշտ հաստատել և երկնքից կրակ նետել երկրի վրա: Ավելին, լեգենդն ասում է, որ Շամբալայի էներգիան անմահություն է տալիս: Դրան հավատացող Հիմլերը պատրաստ էր աշխարհի առանցքը գտնելուց հետո Տիբեթ ուղարկել հազարավոր դեսանտայինների` անպարտելի անմահների լեգեոն ձևավորելու համար:

Տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ-լաման պարզաբանում է, որ Շամբալան գոյություն ունի, սակայն ոչ այնպիսի տեսքով, ինչպիսին պատկերացնում են եվրոպացիները: Հենց այնպես հնարավոր չէ գնալ նրա մոտ ու ձեռք տալ: Շամբալան գտնվում է այլ չափողականության մեջ, և աշխարհի առանցքը կարող են տեսնել միայն նրանք, ովքեր տիրապետում են գիտակցության բարձրագույն մակարդակների:

1920 և 1924 թվականներին Մեծ Բրիտանիան նույնպես երկու արշավախումբ է ուղարկել Տիբեթ` Շամբալան գտնելու հանձնարարությամբ: Գիտնականների երկու խումբն էլ Տիբեթից չի վերադարձել, և նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

1997թ. Նեպալի Կապան` բուդդայական վանքի գերագույն լաման, BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ կարելի է Շամբալա ընկնել և աշխարհի առանցքը տեսնել, սակայն ոչ բոլորին է վիճակված այնտեղից վերադառնալ…

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Պատմության էջերից


28/12/2011