Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

STEALTH



Ho-229 ինքնաթիռը

Պատմության մեջ եղել են բազմաթիվ փառահեղ հաղթանակներ, որոնք ձեռք են բերվել անսպասելի գրոհների արդյունքում: Ժամանակակից պատերազմներում նույնպես, հատուկ ռազմագործողությունների ժամանակ, հիմնական շեշտը դրվում է անսպասելիության վրա: Այս սկզբունքով է գործում նաև այսօրվա ավիացիան:

Ինքնաթիռաշինության պատմության տարբեր փուլերում ստեղծված ինքնաթիռներն ունեցել են տարբեր կարևորության մարտավարատեխնիկական տվյալներ: Ռեակտիվ դարաշրջանի սկզբին հիմնական շեշտը դրված էր աերոդինամիկ հնարավորությունների և արագության վրա: Այսօր արդեն մեծ տեղ է հատկացվում ՌՏԿ-ների (ռադիոտեղորոշման կայան) տեսադաշտում ինքնաթիռի հնարավորինս աննկատ թռիչքին: Գոյություն ունեն այնպիսի ինքնաթիռներ, որոնք օժտված են նման հատկություններով: Մինչդեռ «անտեսանելի» ինքնաթիռների ստեղծումն ունի հարուստ պատմություն:

♦♦♦

Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կոնստրուկտորները փորձում էին ստեղծել նման ինքնաթիռներ` կիրառելով տարբեր մեթոդներ: Հայտնի է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Գերմանիան զգալիորեն առաջ էր ինչպես ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԱՄՆ-ից: Պատերազմի ավարտից հետո ֆաշիստական զենքի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկավ ինքնաթիռների մի քանի տեսակ, որոնք այդ ժամանակ փորձարկման փուլում էին: Դրանցից էր նաև Հորթեն եղբայրների ստեղծած «Ho-229» ինքնաթիռը: Թեև այն արտաքնապես նման է այսօրվա ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ «B-2»-ին, սակայն կառուցվածքով ոչ մի կապ չունի վերջինիս հետ: Ի սկզբանե «Ho-229»-ի ստեղծման հիմքում դրված է եղել «թռչող թև» աերոդինամիկ կառուցվածքի փորձարկումը, բայցեւայնպես այդ ժամանակաշրջանում նույնիսկ Գերմանիայում, որը տիրապետում էր գիտական ահռելի ներուժի, ինքնաթիռից անտեսանելիության մեծ աստիճան ակնկալել հնարավոր չէր: «Ho-229»-ի քիչ տեսանելիության հիմնական գրավականը կարող էր լինել միայն նրա արտաքին տեսքը (սլաքաձև կառուցվածք), սակայն դա բավարար չէր անտեսանելի համարվելու համար:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, լայնորեն կիրառվել է ռադիոալիքների խանգարման մեթոդը: Մասնավորապես` Մեծ Բրիտանիայում կիրառում էին նրբաթիթեղներ` ռադիոալիքների խանգարման համար, ինչը, սակայն շատ պարզունակ միջոց էր:

«Ստելս» տեխնոլոգիայի գործողության սկզբունքը

Հետպատերազմյան տարիներին ՌՏԿ-ների գործունեության մեջ սկսեցին լայնորեն օգտագործվել ռադիոալիքների խանգարման դեմ սարքեր, ինչի արդյունքում ռադիոալիքների խանգարման արդյունավետությունը նվազեց: Սառը պատերազմի տարիներին կոնստրուկտորների ուշադրությունը վերջնականապես սևեռվեց քիչ տեսանելի ինքնաթիռների ստեղծման գաղափարին: ԱՄՆ-ում այդ հարցը դրված էր դեռևս 1941-ին, սակայն լուրջ ընթացք չունեցավ: Ուստի օդային արդյունավետ հարվածներ հասցնելու համար մասնագետները կանգ առան ռադիոալիքների կլանման գաղափարի զարգացման վրա, որը շատ բարդ էր և ծախսատար: Այդ որոշման ընդունման գործում կարևոր դեր խաղաց 1960թ. ԽՍՀՄ տարածքում «U-2» ինքնաթիռ-հետախույզի ոչնչացումը:

Այս հանգամանքը խթանեց նոր ինքնաթիռ-հետախույզ «SR-71»-ի ստեղծումը: Վերջինս համալրված էր էլեկտրոնա-օպտիկական փոխակերպիչով, զարգացնում էր գերձայնային արագություն (համարվում է ամենաարագընթաց ինքնաթիռը), որի կառուցվածքը պարունակում էր ռադիոալիքներ կլանող նյութեր:

Ինքնաթիռների ցածր տեսանելիության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ զարգանում էին նաև տարբեր հաճախականություններում ՌՏԿ տեղորոշիչ սարքավորումները: Օդային արդյունավետ հարվածներ հասցնելու խնդիրը գնալով բարդանում էր: Այդ ժամանակ հակաօդային պաշտպանությունը հաղթահարելու համար, ավիացիայի գործողությունները տեղափոխվեցին շատ ցածր բարձրություններ (25-15մ), երբ ՌՏԿ ազդեցությունը զգալիորեն նվազում է: Այս մարտավարությունը սկզբնական շրջանում բավական արդյունավետ էր, որի պատասխանը սակայն եղավ օդային ՌՏԿ-ների (AWACS) կիրառումը:

♦♦♦

1980թ օգոստոսի 22-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ելույթ ունեցավ ռազմական մեծ կարևորություն ունեցող հայտարարությամբ` նոր տեխնոլոգիայով ստեղծվող ինքնաթիռների մասին, որոնք ՌՏԿ-ի կողմից գրեթե չեն հայտնաբերվում: Հայտարարությունն ընկալվեց որպես սենսացիա: Նոր տեխնոլոգիան անվանվեց «Ստելս» (Stealth) (թարգմանաբար` գաղտագողի, թաքուն, ծածուկ):

«Ստելսի» հիմնական սկզբունքը ռադիոալիքների կլանումն ու արտացոլման նվազեցումն է: Հասնել ամբողջական կլանման` անկախ ալիքների անկման անկյունից, գործնականում հնարավոր չէ: Ուստի գլխավոր սկզբունքներից է ռադիոալիքի արտացոլման ազդակի (իմպուլսի) ուղղության շեղումը: Այսինքն` ՌՏԿ կողմից արձակված ռադիոալիքը շեղել այնպես, որ այն չվերադառնա այնտեղ, որտեղից արձակվել է (ընթերցողն անշուշտ գիտի, որ ՌՏԿ-ները օբյեկտը հայտնաբերում են նրանից անդրադարձած ռադիոալիքները գրանցելու շնորհիվ):

B-2

«Ստելս» տեխնոլոգիայի կարևոր սկզբունքներից է նաև ինքնաթիռի` սլաք հիշեցնող` «վեկտորային» կառուցվածքը: Մասնագետների համոզմամբ, միայն նման կառուցվածքը կարող է ապահովել ռադիոալիքի շեղումը: Դա է պատճառը, որ «F-117», «B-2» ինքնաթիռներն արտաքնապես հիշեցնում են երկրաչափական եռանկյունի: Սակայն դրանք չունեն աերոդինամիկական գերազանց ցուցանիշներ, ինչը «Ստելս» տեխնոլոգիայի գլխավոր թերությունն է (պարզ ասած` օդի դիմադրությունը մեծ է):

«Ստելս» տեխնոլոգիայով պատրաստված առաջին ինքնաթիռը ամերիկյան «F-117 Night Hawk» կործանիչն է: Այն ստեղծվել է ամերիկյան «Lockheed Martin» ընկերության «Skunk works» խմբի կողմից, որը համարվում էր գերգաղտնի ստորաբաժանում: Սկզբնական շրջանում այն ղեկավարում էր հանրահայտ կոնստրուկտոր Կելլի Ջոնսոնը: Այս խումբն արդեն հմտացել էր քիչ տեսանելի ինքնաթիռների ստեղծման և կատարելագործման մեջ: Հենց «Skunk works» խմբի կոնստրուկտորների կողմից են ստեղծվել վերը նշված «U-2» և «SR-71» ինքնաթիռները, ուստի եւ նոր սերնդի կործանիչի ստեղծումը հանձնվեց այս խմբին:

«F-117»-ը մարտավարական քիչ տեսանելի կործանիչ է, նախատեսված է ՀՕՊ-ի ծածուկ ճեղքման և ռազմավարական կարևոր թիրախների ոչնչացման համար: Առաջին թռիչքը կատարել է 1981թ. հունիսի 18-ին: Ունի բավական տարօրինակ տեսք, պատրաստված է ռադիոալիքներ կլանող հատուկ կոմպոզիտային նյութերից: Գերձայնային չէ: Հիմնական շեշտը դրված է քիչ տեսանելիության գործակցի բարձրացման վրա: Ունի մարտական կիրառության հարուստ պատմություն:

Կարծիքներ կան, որ ինքնաթիռն իրեն չարդարացրեց, սակայն նշենք, որ միայն 1991թ. Իրաքյան առաջին պատերազմի ժամանակ այս ինքնաթիռներով առանց կորստի կատարվել է ավելի քան 1200 մարտական թռիչք: 850 մարտական թռիչք է կատարվել 1999թ.` Հարավսլավիայում: 27 տարվա ընթացքում այս ինքնաթիռները մասնակցել են մի քանի պատերազմի, ինչպես նաեւ` գաղտնի գործողությունների, որոնց մասին տեղեկություններ չեն հայտնվում: Եվ ընդամենը` մեկ ինքնաթիռի կորուստ: Թե ինչով եւ ինչպես է Կոսովոյում խոցվել այս ինքնաթիռը, մինչև օրս պարզ չէ: «F-117»-ը 1999թ. բոլորովին նոր ինքնաթիռ չէր, ինչպես ընդունված է համարել: Խոցված ինքնաթիռի բաղկամասերը, ըստ հայտնի տվյալների, տեղափոխվել են Մոսկվա` ուսումնասիրության: Սակայն հարկ է նկատել, որ Հարավսլավիայի պատերազմին հաջորդած այլ մարտական գործողությունների ժամանակ ոչ մի «F-117» չի խոցվել: Իսկ կործանիչն արդեն հանված է սպառազինությունից:

«Ստելս» տեխնոլոգիան առավել կատարելագործված տարբերակով ներկայացված է ծանր ռազմավարական ռմբակոծիչ «B-2»-ում: Այն լիովին ստեղծված է «թռչող թև» նախագծով: Նախատեսված է ՀՕՊ-ի լիակատար ճեղքման և կարևորագույն թիրախների ոչնչացման համար, ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռներով: «B-2»-ը համարվում է ամենաքիչ տեսանելի ինքնաթիռը ՌՏԿ-ների տեսադաշտում: Ստեղծման աշխատանքները սկսվել են 1989թ. «Northrop Grumman» ընկերության կողմից, իսկ 1997թ. ընդունվել է ԱՄՆ զինված ուժերի սպառազինություն:

F-117

«B-2»-ի մարտական գործողությունների մասին շատ քիչ բան է հայտնի, այն գաղտնի ինքնաթիռ է: Հայտնի է, որ կիրառվել է Հարավսլավիայում, Աֆղանստանում և Իրաքյան երկրորդ պատերազմում: Հատկանշականն այն է, որ 1999թ. Հարավսլավիայում մարտական առաջադրանք կատարելու համար ինքնաթիռը դուրս է եկել ԱՄՆ Միսսուրի նահանգում գտնվող Ուայթմեն ռազմաբազայից և առանց վայրէջք կատարելու հասել Կոսովո և վերադարձել: «B-2»-ը ԱՄՆ սպառազինության այն եզակի ինքնաթիռն է, որը ոչ մի այլ երկրում (անգամ դաշնակից) վայրէջք չի կատարել: Հրապարակված փաստ է` օդում կատարելով 5 վերալիցքավորում, այն շուրջ 50 ժամ անընդմեջ թռել է, ինչը ռեկորդ է:

«Ստելս» տեխնոլոգիան համարվում է նաև ամենաթանկ ռազմական ձեռքբերումներից: Այս տեխնոլոգիայով պատրաստված ինքնաթիռների ինքնարժեքը շատ բարձր է: Մասնավորապես` «F-117»-ի արժեքը կազմում է 111,2 միլիոն դոլար, իսկ «B-2»-ինը` շուրջ 1 միլիարդ (!): Վերջինս համարվում է ամենաթանկ ռազմական ինքնաթիռը:

Այսօր արդեն «Ստելս» տեխնոլոգիան որոշ փոփոխությունների է ենթարկվել: Մասնագետների ուշադրությունը կենտրոնացել է, այսպես կոչված, «Ստելս» նյութերի կատարելագործման վրա: Ի հայտ են գալիս նոր նյութեր, որոնք ավելի շատ են կլանում ռադիոալիքներ: Նման նյութերով են պատրաստված «F-22 Raptor» և «F-35 Lightnight II» ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչները: Այնինչ, «Ստելս» տեխնոլոգիայի գլխավոր թերություն է համարվում ինքնաթիռների` աերոդինամիկայի տեսանկյունից անարդյունավետ ձևը, որը չի ապահովում ճկունություն և բարձր արագություն: Հինգերորդ սերնդի վերոնշյալ երկու կործանիչները զերծ են այդ թերություններից: Լայնորեն օգտագործված «Ստելս» նյութերի հետ մեկտեղ ինքնաթիռներն ունեն աերոդինամիկ ձև, շատ ճկուն են և զարգացնում են գերձայնային արագություն: Նրանք նույնպես ունեն սլաքաձև կառուցվածք, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին «F-117» և «B-2» ինքնաթիռներինն է:

Ներկայումս «Ստելս տեխնոլոգիա» հասկացությունը չի վերաբերում միայն ինքնաթիռներին. այս տեխնոլոգիայով ստեղծվում են ուղղաթիռներ, ռազմանավեր և անգամ հրասայլեր:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ռազմական


28/12/2011