Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ1988 թ. փետրվարի Սումգայիթյան ջարդերը երբեք չեն ջնջվի ականատեսների հիշողությունից։ Նրանցից մեկն էլ տիկին Գայանեն է, որն իր որդու հետ փախել և ապաստան է գտել Հայաստանում։

Եվ թերևս մորից լսած պատմություններն ու հարազատներին պաշտպանելու մղումն էին պատճառը, որ փոքր հասակում հորը կորցրած Հարությունը դիմեց և ընդունվեց Ռազմական համալսարան։

Ավարտելով ուսումը՝ Հարությունն ընդգրկվում է հատուկ նշանակության զորքերում…

Հարություն Մանուչարյանի մասնագիտական հմտություններն ու փորձառությունը մեկ անգամ չէ, որ բախտորոշ դեր են խաղացել հատուկ գործողությունների բարեհաջող անցկացման գործում։ Հատուկ նշանակության խմբի հրամանատարը աչքի է ընկել նաև ապրիլյան մարտական գործողությունների օրերին՝ Թալիշի ուղղությամբ իրականացված հակագրոհի ժամանակ։

Եվ բնավ էլ պատահական չէ, որ հայրենասեր ու անվախ սպան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից արդեն մարտադաշտում էր…

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՀերթական մարտական գործողության ընթացքում Հարությունը ծանր վիրավորում է ստանում ականի պայթյունից։ Մարտական ընկերներն անում են ամեն ինչ՝ Հարությունին րոպե առաջ հոսպիտալ հասցնելու համար, սակայն ապարդյուն…: Իրեն հայրենի հողի ու մարտական ընկերների պաշտպանությանը նվիրաբերած հետախուզական խմբի հրամանատարը միացավ Հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսներին։

…Տանը միայնակ, միակ զավակի մասին հիշողություններով ապրող տիկին Գայանեն պահարանից զգուշորեն հանում ու մեկիկ-մեկիկ ցույց է տալիս նրա լուսանկարները, անհամար պատվոգրերը, մեդալներն ու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը։

-Հայի պայքարը հավերժական է, եւ Հայաստանն ապրելու է, քանի դեռ կան Հարությունիս նման տղաներն ու նրանց սխրանքներից ոգեշնչվող սերունդները,- ասում է հերոսի մայրը։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #11 (1433) 25.05.2022 - 31.05.2022, Ճակատագրեր


26/05/2022