ՆԱ ՀԵՐՈՍԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՐ ԱՇԽԱՐՀ ԵԿԵԼ…
Ես ու Էլեոնորան զրուցում ենք Տիգրանի մասին: Տիգրանն Էլեոնորայի որդին է, ժամկետային զինծառայող էր պատերազմի ժամանակ:
-Տիգրանն ու շրջափակման մեջ ընկած մեր վիրավոր տղաները պատսպարվել են Վանք գյուղի տներից մեկում: Գնդակը Տիգրանի գոտկատեղն էր խոցել: Փրկված ընկերները պատմում են, որ Տիգրանը սուր ցավեր ուներ, ջերմում էր, սակայն որոշեց, որ հենց ինքը պիտի փրկի տղաներին, օգնություն բերի: Բոլորն էլ հասկանում էին, որ շուրջբոլորը թուրքեր են վխտում, որ թաքստոցից դուրս գալու ամեն վայրկյանը կարող է վերջինը լինել, բայց Տիգրանս ինքն իրեն ցավազրկող է ներարկում, որ կարողանա քայլել…ևս երկուսը միանում են Տիգրանին, ու երեքով գնում են փրկելու 5 վիրավոր զինվորների կյանքը: Գնում են… ու չեն վերադառնում: Թշնամին նկատում է: Երեքն էլ զոհվում են: Հետո թշնամին գերեվարում է մեր վիրավոր զինվորներին: …Նրանք արդեն վերադարձել են գերությունից: Ողջ են,- պատմում է Էլեոնորան:- Ինձ թվում է՝ պիտի ասեր՝ նրանք ողջ են, իսկ Տիգրանը չկա: Բայց մայրը միայն ասում է ՝ ողջ են, իսկ ձայնի մեջ անթաքույց գոհունակություն կա:
-Եթե Տիգրանը մնար գյուղում, նա էլ ողջ կլիներ,- ասում եմ ես,- եթե տղաներին փրկելու հնար չփնտրեր…
-Տիգրանը չէր մնա տեղում,- ասում է մայրը: Ձայնի մեջ հանգստություն կա, գիտակցված հաշտություն: -Տիգրանը չէր սպասի ճակատագրի բարեհաճությանը: Եթե Դուք ճանաչեիք Տիգրանիս, ավելի լավ կհասկանայիք, թե ինչ եմ ասում: Տիգրանս լիդեր էր, նախաձեռնող էր, կամովին պատասխանատվությունն իր վրա վերցնող՝ սկսած ամենափոքր հարցերից մինչև մեծերը: Նա համարել է, որ ընկերներին փրկելը հենց իր պարտականությունն է. եթե վտանգ կա, եթե պետք է խիզախել, ինքը պիտի առաջինը լինի:
…Իմ պապերը Շուշիից են ու Շամխորից: Նրանք տեսել են թուրքերի վայրագությունները, թուրքերի պատճառով հեռացել են իրենց ծննդավայրից: Ես Բաքվում եմ ծնվել: Սումգայիթյան նախճիրից հետո մեր ընտանիքը եկավ Հայաստան: Մենք երբեք Տիգրանին չենք պատմել թուրքերի վայրագությունների ու մեր տառապանքների մասին, բայց ցավը, վրեժը ասես Տիգրանիս արյամբ էին փոխանցվել: Պիտի տեսնեիք, թե Եղեռնին վերաբերող, ազգային թեմայով դպրոցական միջոցառումների ժամանակ ինչպես էին վառվում Տիգրանիս աչքերը, ինչ ներշնչանքով էր մարմնավորում Նժդեհի կերպարը: Երբ ճարտարագիտական համալսարան էր ընդունվում, հորդորեցի, որ բարձր բալեր հավաքի ու ժամկետային ծառայության զորակոչից տարկետում ստանա: Ասաց՝ մա՛մ, կուզես՝ անվճար ընդունվեմ, բայց տարկետումից չեմ օգտվելու, գնալու եմ բանակ:
…Ինչ-որ միտք վեհերոտ թրթռում է ուղեղիս մեջ՝ դեռևս անձև, անավարտ: Ես ուզում եմ բռնել մտքի ծայրը, միաժամանակ լսում եմ մորը:
-Անվճար ընդունվեց ու որոշեց մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին,: Անցավ: Բայց հետո միտքը փոխեց ու հայտարարեց, որ պիտի բանակ գնա: Եթե մասնակցեր «Պատիվ ունեմ» ծրագրին, այս տարի նոր պիտի զորակոչվեր…
Վերջերս Տիգրանի առաջին ուսուցչուհին պատմեց, որ 5-6 տարեկան Տիգրանին հարցրել է, թե՝ ի՞նչ է ուզում դառնալ, Տիգրանը պատասխանել է՝ զինվոր: Բոլոր տղաներն էլ զինվոր են դառնալու, դու ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու՝ պնդել է ուսուցչուհին: Տիգրանն ասել է՝ ես միայն զինվոր եմ դառնալու:
-Նա առանց շեղվելու, համառորեն ընդառաջ է գնացել ճակատագրին, գնացել է դեպի իր առաքելությունը: Գուցե նա հերոսանալու համար էր աշխարհ եկել:
-Զոհվելուց մի քանի օր առաջ սպայական կոչում ստացավ,- մայրը հաստատում է ասածս:- Տիգրանը ոչինչ չէր պատմում պատերազմի ժամանակ, բայց հետո իմացանք՝ կռվել է Ջրականում, Հադրութում… Լինելով զինվոր՝ լեյտենանտի կոչում է ստացել կռվի ամենաթեժ պահին: Իսկ վերջում…
Իսկապես, Տիգրանս ասես մի ամբողջ կյանք նախապատրաստվում էր այդ պատերազմին… Խիզախելիս երբեք չէր գնահատում ռիսկերը, երբեք չէր ընկրկում ուժի առաջ:
Ես շատ եմ ուզում իմանալ, թե ինչպե՞ս է ապրում երիտասարդ կինը… Միակ բանը, որ ուզում եմ զոհված զինվորի մոր համար, մխիթարությունն է:
-Ինչպե՞ս եք ապրում,- հարցնում եմ: Կինը կարծես անակնկալի է գալիս:
-Ե՞ս…
Հետո սկսում է մտածել: Ես սպասում եմ. գուցե ինչ-որ բան ասի, որ մյուս որդեկորույս ծնողներին էլ օգնի:
-Անընդհատ մի հարցի պատասխան եմ ուզում գտնել՝ ես ինչո՞վ եմ մեղավոր, որ մենք պարտվեցինք այս պատերազմում:
-Դուք մեղավոր չեք,- պատասխանում եմ անմիջապես:
-Մեղավոր եմ,- ասում է մայրը ընդոստ,- բոլորս ենք մեղավոր: Որովհետև տասնամյակներ շարունակ թուլացրել ենք Հայրենիքը: Եթե ուրիշ մեղք չունենանք, լռել ենք, չենք պատռել մեր կոկորդն ու սիրտը՝ տեսնելով, թե ինչպես է թուլանում Հայրենիքը…
Էլեոնորայի ձայնը հանկարծ մեղմանում է, հայացքի կապարը սկսում է հալվել.
-Եթե բոլորս փնտրենք ու գտնենք մեղքի մեր բաժինը ու որոշենք, որ մեր Հայրենիքի ճակատագրի համար անձամբ մենք ենք պատասխանատու, բոլոր կորուստները հետ կբերենք:
-Բոլո՞րը,- հարցնում ու երեխայի պես խանդավառվում եմ: Մայրը ժպտում է ներողամիտ:
-Բոլորը,- կրկնում է ավելի վստահ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #11 (1433) 25.05.2022 - 31.05.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում