Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԱ՜Ր-ԵՐԿԱՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…



Վարդենիսի սահմանային հատվածում էինք։ Արդեն մութն ընկել էր։ Օրվա ծանր մարտերից հոգնած, խրամատների պատերին հենված զրուցում էինք։ Հրամանատար Գ.Սարգսյանի հանձնարարականներից հետո հանգստանում էինք։ Մեկ էլ Դավոն ասաց. «Վերջ, տղերք, էս անգամ էլ տուն գնացի, էլ չեմ գալու։ Հոգնել եմ։ Կհասնեմ տուն, կվերցնեմ երեք աղջիկներիս, կնոջս ու կքայլենք, կշրջենք Երեւանով մեկ։ Պաղպաղակ կուտենք, կտանեմ կենդանաբանական այգի, տիկնիկային թատրոն։ Իրիկունն էլ հոգնած տուն կգնանք ու մինչեւ երեխեքիս աչքերը փակվելը երկար-երկար կզրուցեմ ու հեքիաթ կպատմեմ»։

Այսպես երկար-երկար այդ երեկո Դավոն խոսում-պատմում էր իր աղջիկներից, մորից, ընտանիքից, հետաքրքիր մանրամասներ հիշում իր փոքրիկների դեռ շարունակվող մանկությունից։ Ծիծաղում էր լիաթոք. ծիծաղում էինք բոլորս…

Հաջորդ օրը մեր ընկեր Դավոն զոհվեց… Երբ ուղղաթիռով Դավոյի դին էինք տեղափոխում, անցանք ադրբեջանական գյուղի վրայով։ Երեխաները նոր էին դպրոցից դուրս եկել ու խումբ-խումբ քայլում էին գյուղի փողոցներով։ Մեզանից ոչ մեկը չկրակեց. հիշում էինք Դավոյի երեկոյան պատմությունները, նրա երեք աղջիկներին, մորը, կնոջը, որոնք տեղյակ չէին կատարվածին եւ… սպասում էին…,- վերհիշում է Արթուր Մարգարյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային


28/12/2011