ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծել հատկապես Սև և Ազովի ծովերում անվտանգ նավարկության ապահովման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում։ Նշվել է փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճը։
Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Ստամբուլում կազմակերպել հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջեւ եւ մասնակցել հնարավոր մոնիթորինգի մեխանիզմին, եթե երկու կողմերն էլ սկզբունքային համաձայնության հասնեն։
Նա նաեւ հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատելու, ինչպես նաեւ պատերազմի բացասական հետեւանքները վերացնելու եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-95ՄՍ և Չինաստանի օդուժի H6K ռազմավարական ռմբակոծիչները համատեղ պարեկություն են իրականացրել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Երթուղու առանձին փուլերում խմբին ուղեկցել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի կործանիչները: Պարեկությունն անցել է Ասիական երկրներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի վերջին օրը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով չեղարկվում է զինվորական ծառայության առաջին պայմանագիրը կնքելու տարիքային շեմը։ Նախկինում պայմանագիր կարող էին կնքել Ռուսաստանի 18-40 տարեկան քաղաքացիները և 18-30 տարեկան օտարերկրացիները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ընթացող հատուկ ռազմական օպերացիայի համատեքստում վերջին զարգացումների մասին՝ նշելով, որ ՌԴ զինված ուժերը խստորեն պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Հատուկ անդրադարձ է եղել սառեցված բանակցային գործընթացի վերականգնման, Ուկրաինան արևմտյան սպառազինությամբ ապահովելու վտանգավորության հարցերին:
Մանրամասն քննարկվել է իրավիճակը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման ոլորտում սննդի մատակարարման հետ կապված դժվարությունների իրական պատճառները։ Ռուսաստանը պատրաստ է օգնել հացահատիկի, այդ թվում՝ նաեւ ուկրաինական հացահատիկի անարգել արտահանման խնդրում։ Սակայն, ռուսական պարարտանյութերի և գյուղմթերքների մատակարարման ավելացումը, նաև մյուս միջոցառումները համապատասխան պատժամիջոցների և սահմանափակումների վերացում կպահանջի:
Ռուսաստանը գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը։ Այս տարվա ապրիլին ռուսները 136 ընկերություն են հիմնել այս երկրում, իսկ մարտին գրանցվել է 64 ռուսական ընկերություն։ Ընկերությունների մեծ մասը գրանցվել է Անթալիայում։ Հիմնադրված արտասահմանյան ընկերությունների թվով երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանը (120 ձեռնարկություն)։
Ապրիլ ամսվա արդյունքներով՝ ռուսները առաջ են անցել նաեւ այլ երկրների քաղաքացիներից Թուրքիայում բնակարան գնելու հարցում։ Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիներն անշարժ գույքի առաջնային շուկայում 1152 օբյեկտ են գնել, ինչը 186.5 տոկոսով ավելի է մարտ ամսվա համեմատ։
Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը վավերացնում է Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև երկքաղաքացիության մասին համաձայնագիրը։
Արեւմտյան դաշնակիցները դիտարկում են պատժամիջոցներից փողով ազատվելը ռուս օլիգարխներին թույլ տալու և այդ գումարը Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը։ Կանադայի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդն այս գաղափարն առաջարկել է Գերմանիայում G-7-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:
Դոլարային պարտատոմսերի բոլոր ռուսական թողարկումների փաստաթղթերում կա «Արժութային փոխհատուցում» կետը (Currency Indemnity), որը թույլ է տալիս օրինական վճարումներ կատարել ռուբլով, եթե պատժամիջոցները խոչընդոտում են օրիգինալ փոխարժեքով վճարմանը: Դա ռուբլով վճարելու հնարավորություն է բացում՝ առանց Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու հիմքերի:
ԱՄՆ-ն ավելի վաղ չէր երկարաձգել ընդհանուր լիցենզիան, որը թույլ է տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար, որի ժամկետը լրացել է մայիսի 25-ին։
«Մեր նպատակը հստակ է։ Պուտինը չպետք է հաղթի այս պատերազմում։ Եվ ես համոզված եմ, որ նա չի հաղթի այն»,-ասել է Գերմանիայի կանցլեր Շոլցը։
«Վլադիմիր Պուտինը դանդաղ, բայց շոշափելի առաջընթացի է հասել Ուկրաինայի արեւելքում՝ Դոնբասում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Մեծ եվրասիական գործընկերությունը» կդառնա շատերին հետաքրքրող կենտրոն. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Մեծ Եվրասիայի հիմնական գաղափարը տարածաշրջանային կազմակերպությունների համար ընդհանուր համագործակցության միասնական տարածք ստեղծելն է։ Այն կոչված է փոխելու քաղաքական եւ տնտեսական ճարտարապետությունը, դառնալու կայունության եւ բարգավաճման երաշխավոր ողջ մայրցամաքի վրա:
Ըստ Պուտինի՝ առաջարկին աջակցել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները, Չինաստանն ու Հնդկաստանը, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներ: Նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան եւ այլ կազմակերպություններ։
Թուրքիա
Թուրքական զինվորական ավտոշարասյունը մտել է Հալեպ նահանգի՝ Անկարայի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Հնարավոր է, որ անվտանգության գոտու ընդլայնման նոր գործողության մեկնարկն է տրվել, որի մասին խոսում էր Էրդողանը մի քանի օր առաջ։
Հունաստանի վարչապետը հայտարարել է հինգերորդ սերնդի F-35 Lightning II ամերիկյան կործանիչների գնման մասին: Թուրքիան ակտիվորեն հանդես է գալիս նման գործարքի դեմ ոչ միայն Անկարայի և Աթենքի միջև հակասությունների պատճառով, այլև F-35 ծրագրից Թուրքիային բացառելու և արդեն վճարված օդանավերը հանձնելուց հրաժարվելու կապակցությամբ: Հետաքրքրական է, որ Սպիտակ տունը կարող է օգտագործել այս իրավիճակը, որպեսզի «ճնշի» Էրդողանին՝ հավանություն տալու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Եթե Անկարան չի խոչընդոտում, ապա Վաշինգտոնը չի վաճառում F-35-ը Հունաստանին և Թուրքիային է մատակարարում արդիականացված F-16-ը։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են:
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցություն են սկսել ազգային 5-րդ սերնդի TF-X MMU կործանիչի ծրագրում, որը նմանություններ կունենա ամերիկյան «Lockheed Martin» ընկերության նախագծած F-35 Lightning II բազմաֆունկցիոնալ կործանիչի հետ։ Բրիտանական կողմը հետաքրքրվել է նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով։
Էրդողանի գրասենյակը հայտարարել է, որ Շվեդիան զենք է մատակարարել Թուրքիայի տարածքում գործողություններ իրականացրած ահաբեկիչներին։
Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Իսրայելը եւ Թուրքիան նոր էջ են բացում իրենց հարաբերություններում: Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերին. ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ասել է, որ երկու երկրները «միշտ իմացել են, երբ վերադառնալ երկխոսության եւ համագործակցության»: «Երկար պատմություն ունեցող ժողովուրդները միշտ գիտեն, թե ինչպես փակեն մի էջը եւ բացեն նորը: Դա այն է, ինչ մենք այսօր այստեղ անում ենք»,- նշել է նա։
Թուրքիան եւ Ադրբեջանը Akinci ԱԹՍ-ի համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են վարում։ Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել նաև տիեզերական ոլորտում, այդ թվում՝ արբանյակների արտադրության։
Թուրքիան մի քանի տեսակի անօդաչու կործանիչներ է մշակում: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ դրանք պատրաստ կլինեն 2023-2024 թվականներին:
Հունաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է թուրքական սադրանքների մասին, որ խաթարում են կայունությունը Միջերկրական ծովի արեւելքում: Միցոտակիսը մանրամասն ներկայացրել է Հունաստանի օդային տարածքի խախտումների եւ հունական կղզիների վրայով թուրքական ինքնաթիռների թռիչքների փաստերը, ինչպես նաեւ հարեւան երկրի ագրեսիվ հռետորաբանությունը: Միցոտակիսը Շոլցին ցույց է տվել թուրքական տարածքային հավակնությունների քարտեզը:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակը խախտելու մեջ, նշել, որ դրանք պետք է ապառազմականացվեն, հակառակ դեպքում օրակարգում կլինի կղզիների սեփականության հարցը։
Էգեյան ծովի արեւելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի են բերվել Թուրքիայի սպառնալիքների պատճառով։
Աթենքը թուրք-հունական հակամարտության սրացում է սպասում 2022 թվականի ամռանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած բանակցությունները Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ «սպասված մակարդակում» չեն անցել, եւ Անկարան չի կարող «այո» ասել այն երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որոնք «աջակցում են ահաբեկչությանը»:
Իրան
Կատարի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «իրանական միջուկային ծրագրի» հարցում փոխզիջման պատրաստակամություն է հայտնել: «Իրանական նավթի լրացուցիչ ծավալների դուրս մղումը շուկա կօգնի կայունացնելու նավթի գները և նվազեցնելու գնաճը»,- ասել է նախարարը: Դրա դիմաց Արևմուտքը կարող է հանել Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին էլ հայտարարել է Թեհրանի դեմ «պատժամիջոցների սահմանափակ վերացման» հնարավորության մասին՝ միջուկային ծրագրից հրաժարվելուն ուղղված նրա քայլերի խրախուսման համար:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում հունական երկու լցանավ են առգրավել խախտումների համար: Դրանից մի քանի օր առաջ Հունաստանն իրանական լցանավ էր ձերբակալել իր տարածքային ջրերում՝ հետագայում նավթը Միացյալ Նահանգներ տեղափոխելով:
Իրանցի զինվորականները Զագրոս լեռնաշղթայի տակ ստորգետնյա բազա են կառուցել, որտեղ անօդաչու թռչող սարքեր եւ թեւավոր հրթիռներ են տեղակայված: Օբյեկտը կոչվում է «Ռազմավարական բազա-313» եւ գտնվում է հարյուր մետր խորության վրա։
Ստորգետնյա ավիաբազայում անօդաչուների արտադրության ոլորտում բանակի նորագույն հնարավորություններին եւ ներուժին ծանոթացել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին: Նշվում է, որ Իրանը վերածվել է առաջատար գերտերության տարածաշրջանում անօդաչուների արտադրության ոլորտում:
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը հայտնել է, որ կանխվել է Իրանի հատուկ ծառայությունների՝ իսրայելցի գիտնականներին և մասնագետներին արտասահմանում «գրավելու» փորձը։ Գործի են դրվել կեղծ հաշիվներ սոցիալական ցանցերում, որոնցով հավաքել են տեղեկություններ իսրայելցի մասնագետների մասին, Եվրոպայում խորհրդաժողովների մասնակցելու հրավերներ արվել։
Ադրբեջան
Բաքվում անցկացվել է ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների «Տեխնոֆեստ-2022» փառատոնը, որի շրջանակում անցկացվել է ավիաշոու, ադրբեջանական և թուրքական ինքնաթիռների ու ուղղաթիռների ցուցադրական թռիչքներ։ Թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Բաքվի երկնքում թռիչք է կատարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 մարտական կործանիչով։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բայրաքթարի հետ և քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցեր։
Ադրբեջանական մամուլի ուշադրությանն է արժանացել այն իրողությունը, որ Սելջուկ Բայրաքթարը այցելել է Շուշի։ Շաբաթվա ընթացքում Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 7-րդ եռակողմ նիստը։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում թուրքական «Akinci» ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ։ Ադրբեջանը կարող է լինել այդ ԱԹՍ-ները գնող առաջին երկիրը։
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն էլ հայտարարել է, թե 2021 թ. Ադրբեջանում պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտներին հատկացվել է 4,542 միլիարդ մանաթ, ինչը 21 տոկոսով կամ 787 միլիոն մանաթով ավելի է, քան 2020 թ։
Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր հզորությունը, այդ թվում՝ ռազմական, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնն ուժն է: Նրա խոսքով՝ պատերազմից հետո ստեղծել են նոր զորամասեր, գնել նոր տեխնիկա, և Ադրբեջանը շարունակելու է շարժվել այս ուղղությամբ։
Մայիսի 27-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կաճի, համատեղ ռազմական պատրաստությունն ու վարժանքները կշարունակվեն:
Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ ինչպես Արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին, համագործակցելու են պաշտպանական արդյունաբերության, այդ թվում՝ տիեզերական արդյունաբերության ոլորտում։
Իլհամ Ալիևը Վարանդայի և Ջրականի շրջաններում ծանոթացել է Հորադիզ-Ջրական- Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի շինարարությանը, մասնակցել «Ազերէներջի» ընկերության «Ջաբրայիլ» 330/110 կիլովոլտ էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը և այլ միջոցառումների:
«Ազերէներջի» ԲԲԸ մամուլի քարտուղար Թեյմուր Աբդուլլաևը հայտնել է, թե Ջրականի էներգետիկ հանգույցը Ադրբեջանի էլեկտրահաղորդման գծերը կմիացնի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիան կարող է տեղափոխվել Նախիջևան, Թուրքիա և Եվրոպա։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանն առընթեր վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալության տնօրեն Թավրիզ Ամմաևը հայտարարել է, թե մինչև 2022 թ. վերջ Ղարաբաղում նախատեսվում է վերականգնել հինգ փոքր ՀԷԿ՝ 27 մեգավատ ընդհանուր հզորությամբ։
Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Միլան Լայչակը Սլովակիայի երկրաջերմային էներգիայի զարգացման փորձն ու ներուժը Ղարաբաղում օգտագործելու հնարավորություններ է տեսնում։
Արցախի հայկական մշակութային արժեքների ոչնչացման հերթական դեպքն է գրանցվել։ Ադրբեջանցիներն ավերել են Ավետարանոց գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (1434) 01.06.2022 - 07.06.2022, Տարածաշրջան