Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔ



ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔ1950 թ. նոյեմբերի 29-ին, ի նշանավորումն ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի,  Երեւանի  «Հաղթանակ» զբոսայգում բացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Նախկինում պատվանդանին Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի արձանն էր խոյանում, որը  հետագայում ապամոնտաժվեց,  ավելի ուշ՝ 1967 թ.,  տեղադրվեց  Արա Հարությունյանի «Մայր  Հայաստան» վեհաշուք  արձանը։

-Հուշահամալիրը նախագծվել է հայկական բազիլիկ եկեղեցու կառուցվածքով,- նշում է թանգարանի տնօրեն, ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Վալերի Հակոբյանը, եւ քանի որ խորհրդային տարիներին դյուրին չէր եկեղեցի կառուցելը, ստիպված «հայկական հնարամտությունը» գործի դնելով՝ տեղադրվում է Ստալինի արձանը, որպեսզի  հուսալիորեն, առանց  խոչընդոտների  կարողանան ավարտին հասցնել այս ամբողջ համալիրը:

Տարիներ անց հուշահամալիրի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը  կխոստովանի. «Գիտեի, որ բռնակալների փառքն անցողիկ է, դրա համար էլ կառուցեցի սովորական հայկական եռանավ եկեղեցի»:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔ1970 թ.` հաղթանակի 25-ամյակի կապակցությամբ, պատվանդանի ներսում բացվում է «Սովետական Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» թանգարանը։ Թանգարանի մի  հատված էլ Հայաստանի Առաջին հանրապետության` 1918-1920 թթ. զինված ուժերին է նվիրվում:

1995 թ. կառույցն անցնում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը՝ վերանվանվելով «Մայր Հայաստան» զինվորական թանգարան։

Վազգեն Սարգսյանի անմիջական  առաջարկով  եւ միջնորդությամբ մի բաժինն  էլ նվիրվում է Արցախյան ազատամարտին:

Բավականին հարուստ ու համալրված է հատկապես Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցությանն անդրադարձող ցուցասրահը.  ներկայացված են հայկական վեց դիվիզիաները, առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալները, գեներալներն ու նրանց գործունեությունը։ Փառքի հուշասրահում անմահացված են Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի լրիվ ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների եւ անհայտ կորածների անունները: Անդրադարձ կա  նաեւ Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությանը Մեծ հայրենականին, հայերի մասնակցությանը դիմադրական, պարտիզանական շարժումներին….

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔ«Արցախյան ազատագրական պատերազմ» բաժնում ներկայացված  են ՀՀ եւ Արցախի հերոսները, Մահապարտների ջոկատները, հայ կանանց մասնակցությունը  Ազատամարտին,  Հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրման  տրամանկարը՝ դիորաման, Շուշիի ազատագրման ռազմական գործողության քարտեզը, որ թանգարանին անձամբ Կոմանդոսն է նվիրել:

Լուսանկարներ, համազգեստներ, նամակներ, Մոնթեի զրահաշապիկը, անձնական ռացիան, Ջիվան Աբրահամյանի  փամփշտակալը….

-Օրերս «Հատուկ գնդին» նվիրված անկյուն ստեղծելիս այցելեցինք «Հատուկ գնդի» առաջին վաշտի հրամանատար, Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանենց տուն։ Պարզվեց՝  վերջերս տունը նորոգելիս նկուղում հայտնաբերել էին ինքնաշեն հրացանի  մի կտոր,  դա եւ հերոսին պատկանող որոշ իրեր հարազատները  մեզ տրամադրեցին։  Ինչ խոսք, հեշտ չէ զոհվածների հարազատների համար բաժանվել   իրենց համար մասունքի պես թանկ ու սրբազան դարձած իրերից, բայց շատերն են այժմ գիտակցում, որ մասունքները պետության պահպանությանը հանձնելն իմաստավորված տարբերակն է,  եւ խոստանում են  որոշ ժամանակ անց անպայման հանձնել թանգարանին։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔ***

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ֆոնդերում առկա է շուրջ 42 հազար ցուցանմուշ,  եւ ֆոնդերը պարբերաբար համալրվում են։

Յուրաքանչյուր ցուցանմուշ իր պատմությունն ունի՝  չոր փաստաթղթերի, հրամանագրերի, նամակների, բազմատեսակ  իրերի հետեւում մարդկային ճակատագրեր են անթեղված:  Լուսանկարներից մեկում մեր հայրենակից մարշալ Արմենակ Խանփերյանցն է Ստալինի, Չերչիլի, Ռուզվելտի հետ՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ՝ Ստալինի խորհրդականի կարգավիճակով։ Ահա Անգլիայի թագուհու նվերը՝ ոսկե բռնակով   սուրը  Բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչուներ Աղազարյան եղբայրներին, Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի  անձնական իրերն ու աշխատասենյակի կահույքը, Թամանյան մոտոհրաձգային դիվիզիայի կազմում մարտնչած Նիկոլայ  Շահսուվարյանի ակորդեոնը, որը  ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔՇահսուվարյանը պատերազմի օրերին գտել էր մի  գերմանացու լքված տնից: Ակորդեոնի նվագը մարտերի կարճատեւ դադարներին ուրախացրել էր մարտիկների սրտերը, 1945 թ. մայիսի 9-ին Բեռլինում՝  Ռայխստագի պատի տակ, հաղթական  «Քոչարին» թնդացրել…

Մի հոդվածի շրջանակներում  անհնար է խոսել թանգարանային մեկը մյուսից հետաքրքիր ցուցանմուշների մասին…

-Բացի մեր  մշտական ցուցադրություններից, պարբերաբար կազմակերպվում են նաեւ նոր ցուցադրություններ,- նշում է թանգարանի պետն ու թվարկում վերջին ցուցադրությունները՝ «Հատուկ գունդը՝ բանակի ակունքներում», «Արկադի Տեր-Թադևոսյան. կյանքն ու մարտական ուղին», «Հայ բժիշկները Մեծ հայրենականում»… Առաջիկայում  էլ  նախատեսել  ենք Արցախյան ազատամարտին մասնակցած մեր բոլոր զորատեսակների  մասնակցությանը հանգամանալից  անդրադարձ կատարել…

 

***

 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔԹանգարանը չընդհատվող եռուզեռի մեջ է՝  ցուցանմուշների  հավաքագրում, մանրակրկիտ մշակում, ցուցադրում…

Կատարվում է ֆոնդերում պահվող իրերի, նյութերի, փաստաթղթերի թվայնացում:

-Թվայնացման գործընթացում իրերը, փաստաթղթերը վերստին  ուսումնասիրվում են, երբեմն  նորովի, նոր տեսանկյունից բացահայտվում եւ դառնում հետագա ցուցադրության աղբյուր: Օրինակ՝ վերջերս փոխգնդապետ Մ. Մուրադյանի (հետագայում՝ գեներալ)  աշխատանքային քարտեզն  ենք  դրել ցուցադրության, ուշագրավն այն է,  որ նա իր ղեկավարած հրաձգային գնդի հարձակման պլանը մշակել էր հենց գերմանացիներից առգրաված քարտեզի վրա…

Թանգարանի հավաքածուները պարբերաբար համալրվում են նոր նմուշներով: Շուտով ՌԴ Սամարա քաղաքում բնակվող կոլեկցիոներ Դ. ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔԽմելյովն  իր  սեփական   հավաքածուից  ծովակալ   Իսակովին պատկանող անձնական իրերը կնվիրաբերի թանգարանին: Նոր ցուցանմուշներն իրենց արժանի տեղը կգտնեն թանգարանի՝ Իսակովին նվիրված անկյունում:

Մեր այցելության պահին էլ թանգարանի կերպարվեստի ֆոնդը համալրվեց եւս մեկ նմուշով՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՀՀ վաստակավոր  նկարիչ Արտաշես Աբրահամյանի թոռն ու անվանակիցը  թանգարանին  նվիրեց Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում կռված նկարիչ պապի կտավը։

-Մեծ հայրենականի ահեղաշունչ օրերն անցած պապիս գործերում դուք չեք տեսնի պատերազմական թեմայով եւ ոչ մի նկար… Նա բնության, կյանքի «երգիչ» էր,- ասում է կրտսեր Արտաշես Աբրահամյանն ու հավելում:-  Պապս  իր այս «Գետանցում» կտավը նվիրել է Թամանյան դիվիզիային, կարծում եմ՝ հենց ռազմական պատմության թանգարանն է իրական  հասցեատերը:

 

***

 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԶՈՐ ԶԵՆՔԹանգարանի այցելուների հոսքը մեծ է, եւ նրանց մեջ զգալի թիվ են կազմում նաեւ օտարազգիները:

Ֆրանսաբնակ Լյուղո Ֆրուգիեն, որ  արձակուրդներին եկել է Հայաստան,  խոստովանում է, որ մեծ հետաքրքրությամբ է դիտում  նկարները, փաստաթղթերը.

«Այս ամենը  պատմական մի  հերոսական հատվածի  խոսուն վկաներն են, ժամանակի վավերագրեր, ու չափազանց կարեւոր է նման թանգարանների դերը»։

-Հիշողությունը հզոր զենք է, զենքից էլ առավել,- մեր զրույցի ավարտին  նշում է փոխգնդապետ Վալերի Հակոբյանը:- Թանգարանը կապ է ստեղծում անցյալի եւ ներկայի միջեւ, սերունդներին ներկայացվում է հայրենիքի  համար մարտնչած  նվիրյալներին: Հիշել, հիշատակել, գնահատել. սա է ամենագլխավոր առաքելությունը: Անհնար է մարդուն ոգեշնչել, ոգեկոչել հերոսության՝ առանց գնահատելու  մեր պապերի, հայրերի, որդիների սխրանքն ու խիզախությունը, անձնուրաց ու անձնազոհ նվիրումը: Առանց անցյալը հիշելու եւ գնահատելու անհնար է ապագա կառուցել:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1434) 01.06.2022 - 07.06.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/06/2022