Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ



ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄԵս գույն առ գույն հավաքել եմ մի դիմանկար, մի պատմություն հայրենիքի համար պատերազմում զոհված հերոս զինվոր Համլետ Բադալյանի մասին: Մանկությունից մինչև վերջին ճակատամարտը: Ես ո՛չ նկարիչ եմ, ո՛չ ռեժիսոր, բայց այս անգամ, չգիտես ինչու, իմ գլխում բառերի փոխարեն փոքրիկ շարժանկար պատկերներ են: Ահա առաջին պատկերը; Խնջույք է, բոլորը զվարճանում են, խոսում, պարում, մի փոքրիկ երեխա՝ 3-4 տարեկան, աղմուկից հեռու, խոտերի վրա նստած՝ լուրջ ու սևեռուն հետևում է միջատների շարժին, շոյում է զատիկների պտավոր մեջքը, ձեռքով հարթում է ցորենի հատիկ քարշ տվող մրջյունի ճանապարհը: Հետո տեղավորվում է գետաբերանին ու սպասում, թե երբ մանրիկ ձկները կհայտնվեն ջրի վրա:

Հետո նույն տղան, արդեն քիչ ավելի մեծ, նստած է աշակերտական նստարանին: Նրա տետրերը, գրքերը հավասար շարքով շարված են սեղանին, այնքան մաքուր ու նոր են, ասես՝ ձեռք տված չլինեն: Տղան նույնպես կոկիկ է, անթերի: Դասարանում ինչ-որ բան են քննարկում եռանդով, բոլորը խոսում են, բացի տղայից: Նա երկար լսում է, հետո մեղմ ինչ-որ բան է ասում, ու դասարանում պայթում է քրքիջը: Ուսուցչուհին նույնպես ծիծաղում է, իսկ տղան ժպտում է միայն:

-Լուռ, զուսպ տղա էր, բայց ինչ-որ ներքին ձգողականությամբ բոլորին իր շուրջն էր հավաքում,- ասում է Համլետի մայրը,- և՛ դասընկերները, և՛ ուսուցիչները շատ էին սիրում տղայիս: Ասում էին՝ եթե Համլետը չի մասնակցում որևէ միջոցառման, ապա այն կազմակերպելն իմաստ չունի: Նա գիտեր՝ ինչպես համախմբել բոլորին: Ինչպես գտնել բոլոր հարցերի լավագույն լուծումը, որ ոչ ոք չտուժի: Դասարանի հաշտարարն էր: Որտեղ Համլետն էր, այնտեղ խաղաղություն էր, փոխըմբռնում, սեր:

…Ես մի կերպ եմ լսում զինվորի մորը, Կարինեի ձայնը արձագանքում է գլխիս մեջ, ձուլվում հերթական մտապատկերին, ուր դպրոցական Համլետն է: Մշտապես կոկիկ, արդուկված, փայլուն տղան այս անգամ ցեխակոլոլ է, ճմռթված շորերով ու արյունլվա:

-Իսկ Դուք ասում եք՝ հանգիստ էր, խաղաղարար:

Մոր հարցական հայացքից հասկանում եմ, որ բարձրաձայն եմ մտորել.

-Ձեր պատմածը հիշեցի՝ որ ցեխի մեջ կորած, աչքի տակը՝ կապույտ, եկել է տուն ու ասել, որ ընկել է,- բացատրում եմ:

-Երբեմն, շատ հազվադեպ, երբ համոզելու բոլոր միջոցները սպառվում էին, կռվում էր: Բայց բոլոր կռիվները ինչ-որ մեկին պաշտպանելու համար էին, բառացիորեն՝ բոլորը: Համլետս փոքրամարմին էր, բայց ֆիզիկապես ուժեղ էր, ձյուդո էր պարապել, ֆուտբոլ էր խաղում «Ալաշկերտում», բայց իր ուժը ցուցադրել չէր սիրում: …Նա ճշմարտախոս էր, երբեք չէր ստում, որքան էլ ճշմարտությունը վնասեր իրեն: Ծեծկռտուքները բացառություն էին, ասում էր՝ ընկել եմ: Առհասարակ, Համլետս ճշգրիտ էր: Նա ամեն ինչ ճիշտ էր անում, ամաչում էր սխալ բան անելուց:

-Ոչ մի թերություն չունե՞ր:

Չեմ հասկանում, թե ինչու, բայց ես ուզում եմ, որ տղան թերություն ունենա, որ չլինի այդքան … անիրական, երկնային:

Մայրը օրորում է գլուխը:

-Ես հիվանդ էի ու կյանքիս գնով լույս աշխարհ բերեցի Համլետիս: Երկու աղջիկ ունեի, ու տասը տարվա ընդմիջումից հետո ծնվեց Համլետս: Ոչ միայն մեր ընտանիքի, այլև մեր ամբողջ գերդաստանի ամենասիրելին էր: Երես էինք տալիս, բայց երբեք եսակենտրոն չդարձավ: Մեր սիրուն ավելի մեծ սիրով պատասխանեց:

…Տաղանդավոր տղա էր, դեռ դպրոցական՝ ընկերների, ծանոթների համակարգիչներն ինքն էր նորոգում, անվճար ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ: Զուգահեռ աշխատում էր, որ ֆինանսապես օգնի մեզ: Այնքա՜ն երազանքներ ուներ, այնքա՜ն ծրագրեր:..Տարկետման իրավունքից չօգտվեց, գնաց բանակ:

Ես հիշում եմ, որ մայրը առաջին անգամ է խոսում որդու հայրենասիրության մասին:

-Իսկ հայրենասիրական մղումնե՞րը…

-Համլետս ինքնամփոփ էր, սակավախոս: Առհասարակ, նա գործի մարդ էր. չէր սիրում վերամբարձ, զգայացունց խոսքեր ասել: Երբ եկավ գործելու ժամանակը, նա ցույց տվեց իր հայրենասիրությունը: Ես Համլետի զոհվելուց հետո եմ իմացել, որ տղայիս տարել են Արցախ: Գրեթե ամեն օր խոսում էինք իրար հետ հեռախոսով: Լավ եմ՝ ասում էր, հետո իմացա, որ կրակի ամենաթեժ կետերում է եղել:

«Շարքային Համլետ Բադալյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին: 2020 թ. հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 12-ը քաջաբար մարտնչել է Ջրականում, իսկ հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 1-ը մարտը շարունակել է Նռնաձորի շրջանում՝ պաշտպանում էր 44 մարտական դիրքը: …Նոյեմբերի 1-ին զինակից ընկերների հետ կատաղի մարտ է մղել հակառակորդի անհամեմատ մեծաքանակ ուժերի դեմ: Հետո չկատարելով նահանջի հրամանը՝ մնացել է դիրքում, որպեսզի կարողանա դուրս բերել շրջափակման մեջ մնացած ընկերներին: Շարքային Համլետ Բադալյանը զոհվել է նոյեմբերի 1-ին՝ հայրենիքի պաշտպանի սուրբ ու հերոսական մահով…»:

Սա հատված է շարքային Համլետ Բադալյանի «Մարտական ուղուց», զորամասի հրամանատար, գնդապետ Ա Թադևոսյանի ստորագրությամբ։

-Տղայիս ընկերներով եմ մխիթարվում,- ասում է զինվորի մայրը,- իմ տղան միակ զոհն է, բոլոր դասընկերները վերադարձել են պատերազմից: Նրանց գրկում, սեղմում եմ կրծքիս ու առնում եմ որդուս կարոտը: Ուզում եմ, որ պատերազմի արհավիրքը էլ երբեք չկրկնվի: Ես միայն խաղաղություն եմ ուզում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1434) 01.06.2022 - 07.06.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


03/06/2022