Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԻԿՈՒՆ ԷՐ, ՄՈՒԹ…



Գուգարաց լեռնաշղթայի արեւելյան մասում է Շնող գյուղը: Մինչեւ Արցախյան պատերազմը այստեղ մարդիկ ապրում էին իրենց առօրյա հոգսերով, երազանքներով: Արմիկ եւ Վարուժան Ավետյանները անհոգ մեծացնում էին իրենց հինգ զավակներին` հազար երազանք ու ցանկություն կապելով նրանց հետ: Պատերազմը փշրեց ամեն ինչ:

Արմիկի եւ Վարուժանի ավագ որդին` Արմենը, կիսատ թողնելով ուսումը Լենինականի կինոտեխնիկումում, միացավ Լոռու երկրապահ կամավորականների ջոկատին եւ նրանց հետ մեկնեց Ղարաբաղ: Այնտեղից երբեմն-երբեմն զանգում էր ծնողներին` ասելով, թե ամեն ինչ լավ է, եւ որ ինքն աշխատում է: Այնինչ Ղարաբաղում իր նման բազմաթիվ նվիրյալների պես կռիվ էր մղում մինչեւ ատամները զինված ադրբեջանցիների դեմ:

Շուտով Ղարաբաղ մեկնեց Արմիկի եւ Վարուժանի երկրորդ որդին` Վաչագանը: Պատերազմն արդեն միայն Ղարաբաղում չէր, սահմանային բոլոր գոտիներում էլ թեժ մարտեր էին:

«1992 թվականի օգոստոս ամիսն էր: Եղբորս տղայի հարսանիքն էր, հավաքվել, ուրախանում էինք,-հիշում է Վարուժան Ավետյանը,-մեկ էլ նկատեցի, որ հարսանքավորները մռայլված դուրս են գնում ու էլ հետ չեն գալիս: Մտածեցի` երեւի ջահելները գլուխները տաքացրել են ու կռիվ սարքել, ու մարդիկ էդ պատճառով են նեղսրտած: Գյուղացիների լարված, խուսափող հայացքներից էլ ոչինչ գլխի չընկա, որ Մարտակերտի շրջանում զոհվել էր Վաչագան որդիս, ու նրա մարմինը բերել դրել էին գյուղի բուժկետում: Վաչիկս մեր գյուղի առաջին զոհն էր»…

«Է՜, ով զավակ է կորցրել, միայն նա մեր դարդը կհասկանա,-խոր հոգոց է հանում որդեկորույս հայրն ու տխուր շարունակում,-Վաչիկիս մահից 21 օր էր անցել: Իրիկուն էր, մութ էր, ոնց որ զավակին կորցրած մարդու սեւ սիրտը: Խռնված ու տխուր մեր մտքերի մեջ էինք, մեկ էլ լսում ենք` մեր տան պատուհանի տակ մարդիկ են խմբվել ու կամաց խոսում են: Դուրս եկա, ու …աշխարհը փուլ եկավ գլխիս. երկրորդ տղայիս` Արմենին էին բերել: Արմենս էլ Ասկերանում էր խփվել: Քար պիտի լինես, որ դիմանաս»…

Մարտական ծառայության ժամանակ ցուցաբերած արիության համար Ավետյանների երկու զավակներն էլ պարգեւատրվել են մեդալներով:

…Շնող գյուղում այսօր էլ ապրում են Արմիկ եւ Վարուժան Ավետյանները` չսպիացող ցավը սրտներում: Ժամանակն անզոր է մեղմելու երկու զավակ կորցրած ծնողների վիշտը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Ճակատագրեր


28/12/2011